Hayk Qalantaryan

Գրադարանի առօրյան

-Հե՜յ, ծույլիկ, զարթնիր:

-Հեսսե, մի՞թե չգիտես, որ ես սիրում եմ քնել գրադարանի պատուհանագոգին:

-Հըմ, իսկ գրքերը ե՞ս եմ քո փոխարեն կարդալու: Դու այդպես էլ «Սիդհարթհան» չվերջացրիր. արագացրու ու այլևս չփնթփնթաս, թե չէ Բրեդբերիին կասեմ՝ գրքերդ այրել տա:

-Հա՜հ, ծերուկ, դու ավելի լավ է նայիր պատուհանից այն կողմ: Արի՛ ականջ դնենք մարդկանց զրույցներին ու միգուցե մի հետաքրքիր բան լսենք, թե չէ` դու անընդհատ ինձ փնովում ես:

-Բայց, միևնույնն է, նրանք խոսում են ոչնչի մասին, պարզապես դատարկաբանում են…

-Քլարիս, ի՜նչ լավ է՝ եկար, թե չէ այս ծերուկը ինձ խելագարության կհասցնի իր խրատներով:

-Իսկ դու ինչո՞ւ խատուտիկը չես փչում նրա դեմքին, միգուցե խատուտիկի գինո՞ւ է նրա ծեր հոգին կարոտ, և դրանից հետո հնարավոր է հաշտվեք:

-Ախ, անմիտ երիտասարդներ, դուք այդպես էլ խելք չունեցաք ու համարձակվում եք այդպես խոսել ինձ հետ:

-Բայց համարձակությունը երիտասարդության զենքն է, սիրելիս: Թող խոսեն իմ մանկիկները, իսկ դու, ավելի լավ է, լսիր. նրանց մանկական զրույցներից ավելին կսովորես, քան մեր հնացած բամբասանքներից:

-Ա՜հ, Ռեմարկ, դու միշտ իմ կողքին ես ու ինձ ես պաշտպանում: Տե՜ս, ծառերն արդեն գունավորվել են, ու հեռվից նշմարվում է… Հմմ, չէ՜, չէ՜, ձմեռը չէ, այլ ձնծաղիկի թարմ բույրը, որը սիրահարներին ապրեցնում է:

-Իսկ ինձ համար գարունը պայքարի ու հաղթանակի նշան է, և ես կսովորեցնեմ, թե ինչպես հաղթել:

-Բոռ, իսկ հաղթելու համար եղանակը կարևո՞ր է:

-Հայկ, բավական է անմիտ հարցեր տաս, մանկիկս, ավելի լավ է թեյ ու ծածկոցներ բեր, որովհետև գիշերը արդեն մոտ է, իսկ գրադարանում միայն մենք ենք մնացել: Ես քեզ գիշերը կտանեմ իմ գրադարան, և մենք կխոսենք այնտեղի պատուհանից բացվող տեսարանների մասին, որոնք քեզ ստիպել կտան զգալ Ռեմարկի՝ երիցուկներով զարդարված գրադարանից երևացող փոթորկահույզ տեսարանները:

-Հերիք է նրան քո ռոմանտիկ գաղափարներով վարակես, նա պետք է հեղափոխական դառնա, իսկ աղջիկը կարող է խանգարել նրան:

-Դորիան, սիրունիկս, դու ավելի լավ է՝ ինքդ քեզ զարդարիր նորաձև շորերով և մի խառնվիր մեր զրույցներին:

-Դուք պարզապես նախանձում եք իմ գեղեցկությանը:

-Լռեք, և թողեք Հայկն էլ խոսի, զազրախոսներ:

-Ախ, բավական է վիճեք, թողեք խոսեմ Քլարիսի հետ… Իսկ դու, Քլարիս, ինձ համարո՞ւմ ես գեղեցիկ:

-Ա՜հ, Հայկ, ինձ այդպիսի հարցեր մի տուր: Ես քեզ ընդունում եմ որպես իմ խենթ ընկեր և ոչ ավելին:

-Էյ, Բրեդբերի, սաստիր աղջկադ, նա ինձ կրկին նեղացնում է:

-Տղաս, նա աղջիկ է և ամաչում է զրուցել իր հոգում բույն դրած սիրո մասին:

-Ա՜հ, թողեք ինձ մենակ, ես ուզում եմ մի քիչ մենակ մնալ, նայել պատուհանից ու վայելել աշունը:

Ու այսպես գրեթե ամեն օր իմ շուրջն են հավաքվում համաշխարհային գրականության դեմքերը ու ինձ փորձում խրատել, սովորեցնել, ոգևորել, դե, մեկ-մեկ էլ խանգարել: Իսկ հիմա նրանք գնացին, ու ես մենակ եմ: Նստել եմ այն պատուհանագոգին, որից բացվում է ամբողջ քաղաքի տեսարանը ու սկսել եմ ուսումնասիրել մարդկանց ու բնությունը: Այնքան տպավորիչ է մարդ-բնություն խառնուրդը, երբ դու միաձուլվում ես սարերից փչող քամու ալիքներին ու հոգուդ ճիչերը դուրս շպրտում այնպես, որ քեզնից զատ ոչ ոք չի կարողանում ըմբռնել քամու սառնասրտության պատճառը, իսկ արևի շողի ամեն մի նշույլի հետ էլ քո հոգում նոր գարուն է ծաղկում՝ անկախ դրսի եղանակից, և դու սկսում ես զգալ հեռվից դեպի քեզ եկող փխրուն ձնծաղիկների հառաչանքը… Կրկին տրորել են խեղճին, իսկ այդ վեհագույնը, ի պատասխան մարդկանց վայրագության, թողել է նրանց կոշիկների տակ իր քաղցր բույրը։ Նա ներել է մարդկանց… Ա՜խ, երանի թե մարդիկ էլ լինեին ճիշտ այդպես, ինչպես ձնծաղիկներն են կամ էլ գոնե այնպես, ինչպես գրքերում է: Իսկ մարդիկ սիրում են ծաղկի ու գրքի համադրությունը: Այո՛, նրանք անմտորեն չորացնում են խեղճ ծաղիկներին գրքերի մեջ:

Ես կգիշերեմ գրադարանում՝ իմ խոհերի հետ առանձին, և լուսաբացից հետո կշարունակեմ նորից խորհել ու զգալ կյանքը: