liana hakobyan voskehat aragacotn

Գրում եմ հիվանդասենյակից

Կյանքը լի է անակնկալներով։ Մեկ ամիս առաջ  աշխարհի ամենաաշխույժ  պատանիներից մեկն էի և գիտեի, թե լիովին առողջ եմ։ Բայց այդ երանելի պահերը միայն թվացյալ էին։

Պատահաբար սկսվեցին սուր ցավեր՝ ծակոցներ, ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Միանգամից մի  քանի բժիշկ  հրավիրվեց  ընդունարանին կից  սենյակ։ Ամեն մասնագետ  իր եզրակացությունն էր  տալիս։ Սկզբից խոսեց վիրաբույժը.
-Աղջկա կույրաղիքն է  շտապ վիրահատության պատրաստեք:
Հետո խոսեց քիթ-կոկորդի մասնագետը.
-Վիրահատությունից հետո անպայման ռենտգեն հետազոտություն է պետք։
Ես շփոթված էի և վախեցած, չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում…
Ահա եկավ վիրահատության ժամանակը։  Բուժքույրն ինձ վիրահատարան ուղեկցեց, ես իմ  ոտքով գնացի։ Շատ վախեցած էի, սակայն  պատկերացում չունեի, թե այդքան  բարի  մթնոլորտ կտիրեր։ Բոլոր բժիշկները սիրալիր էին, քաջալերում էին ինձ։

Երբ արթնացա, արդեն  հիվանդասենյակում էի։ Ճիշտ է, ցավեր ունեի, բայց  ուրախ էի, որ ողջ եմ։ Անցավ մի քանի ժամ: Արդեն պետք է տանեին  ռենտգեն հետազոտության։
Հետազոտությունը տևեց վայրկյաններ։ Գլխացավերիս  պատճառը հայմորիտյան խոռոչների բորբոքումն էր: Չդիմացա մինչև բժշկին հանդիպելն ու նրա բացատրությունը լսելը, դիմեցի համացանցի օգնությանը։ Կարդացի, որ բուժելի հիվանդություն է և բուժվում է դեղերի միջոցով։
Մի պահ հոգոց հանեցի և ասացի՝ ինչ լավ է, ես անպայման կբուժվեմ։ Երբ արդեն բժիշկն իր նշանակումները արեց,  վերադարձա հիվանդասենյակ:

Հիմա դեռ հիվանդանոցում եմ, բուժումները դեռ չեն ավարտվել:

Ես այս ընթացքում շատ բան հասկացա:  Երբ հասկանում ես, թե ինչքան փխրուն է կյանքը, ինչքան հեշտ կարող ես կորցնել առողջությունդ, սկսում ես ավելի շատ գնահատել կյանքիդ ամեն վայրկյանը։

Շնորհակալություն աշխարհի բոլոր բժիշկներին։