karine nahapetyan

Գրքամոլը Հրազդանում

Երկու շաբաթ առաջ կրկին Կոտայքի մարզային գրադարանում էի, երբ գրադարանի տնօրենը` Անահիտ Խեչոյանը, խորհուրդ տվեց մեր գրադարանում էլ «Գրքամոլ» գրական ակումբի մասնաճյուղը բացենք, և ասաց, որ հետաքրքրվեմ և նամակ գրեմ «Գրքամոլ» ֆեյսբուքյան էջին:
Հասա տուն և անմիջապես գրեցի:
Նրանք հավանություն տվեցին մեր գաղափարին, բայց ասացին, որ մեր ակումբի համար ուրիշ անուն որոշենք, որպեսզի պահպանվի ինքնատիպությունը:
Էհ, ես էլ համաձայնվեցի ու անցա հետագա քայլերին: Ֆեյսբուքում գրեցի, որ նման բան ենք ուզում անել, և ցանկացողները կարող են անդամագրվել: Արդեն յոթ հոգի ունենք անդամագրված:
Մեզ այս հարցում քաջալերում են նաև մեր քաղաքի ժամանակակից գրողներն ու բանաստեղծները, որոնք նույնպես մասնակցելու են հանդիպումներին:
Մեր թղթակից Հայարփի Բաղդասարյանի և Եվա Խեչոյանի հետ զրույցի ընթացքում որոշեցինք, որ սկզբնական շրջանում շեշտը դնելու ենք ժամանակակից գրականության վրա:
Մի քանի ընկերներ սկսեցին հարցնել, թե առհասարակ ինչ է իրենից ներկայացնում գրական ակումբը: Հիմա ասեմ. գրական ակումբները ստեղծվում են այն նպատակով, որ գրքասեր հասարակություն հավաքվի և քննարկի իրենց կարդացած գրքերը, վերլուծի որոշ կերպարների, հայտնի իր բացասական կամ դրական կարծիքը գրքի մասին: Իսկ հնարավորության դեպքում հրավիրվում են նաև տվյալ գրքի հեղինակները:
Սա, թերևս, լավագույն բանն է, ինչը հարկավոր է գրքասեր երիտասարդներին:
Ի դեպ, մի բան էլ ասեմ. վերջին շրջանում քաղաքը մի նոր շունչ է առել, իսկ միգուցե ես եմ սկսել նկատել: Եսիմ: