«Գրքամոլն» ու գրքասերը

Արդեն երկար ժամանակ է` «Գրքամոլ»-ի ֆեյսբուքյան էջը դարձել է հայ ընթերցասերների սիրելի վայրը: Այնտեղից կարող եք գտնել բազմաթիվ գրքերից առանձնացված մեջբերումներ, ստեղծագործությունների մասին հոդվածներ, կարծիքներ, երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ, էլեկտրոնային գրքեր:

Զրուցել եմ «Գրքամոլ» նախաձեռնության կազմակերպիչներից մեկի՝ Համլետ Մուրադյանի հետ նախաձեռնության ունեցած հաջողությունների, ստեղծման պատմության մասին:

-Մի փոքր կպատմե՞ք Ձեր մասին:

-Անունս Համլետ է: ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետն եմ ավարտել, այժմ իմ մասնագիտությամբ աշխատում եմ Հայկական ատոմակայանում: Հետաքրքրություններս միայն աղջիկներն ու գրքերն են:

-Ե՞րբ և ինչո՞ւ առաջացավ միտքը՝ ստեղծելու «Գրքամոլը»: Որքա՞ն ժամանակ է` գոյություն ունի և ովքե՞ր են հիմնադիրները:

-«Գրքամոլը» արդեն 6 տարի է, ինչ գոյություն ունի: Ի սկզբանե էջը բացվել է Հասմիկ Մելիքսեթյանի կողմից, այնուհետև ես միացա նրան, և սկսեցինք շատ ակտիվորեն էջը աշխատեցնել ու զարգացնել, երբ բավականին հաջողության արդեն հասանք, մեզ միացավ Մարիամ Ապերյանը, այժմ երեքով ենք ղեկավարում և՛ էջը, և՛ կայքը, և՛ ակումբը:

-Ի՞նչ ծրագրեր է իրականացնում «Գրքամոլը» և ի՞նչ հնարավորություններ է տալիս ընթերցասերներին:

-Անկախ Հայաստանի ստեղծումից ի վեր «Գրքամոլ»-ն անում է մի բան, ինչը երբևէ չի արվել: Այն հանդիսացել է բոլոր հայ ընթերցասերների հանգրվանը՝ թե՛ վիրտուալ տարածքում, թե՛ Ավ. Իսահակյանի անվան գրադարանում: Ամեն օր ֆեյսբուքյան էջում տարբեր գրքերից հատվածներ տեղադրելով (ընդ որում, մեջբերումները մենք առանձնացնում ենք մեր կարդացած գրքերից, ինչպես նաև մեզ ուղարկում են մեր ընթերցողները)՝ առաջացնում ենք հետաքրքրություն դասական և արդի գրականության հանդեպ, իսկ գրադարանում գրքերի քննարկումներ անելով արդեն փորձում ենք ձևավորել գրագետ և իսկական հայ ընթերցողներ:

Վերջերս բացվեց «Գրքամոլ. Գրքերի փոխանակում» խումբը, որի միջոցով ընթերցողներն իրար օգնելով կարողանում են գտնել իրենց փնտրած գիրքը և կարդալ, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում փոխանակում են մեկ այլ գրքի հետ. սա և՛ հարմար է, և՛ օգտակար։

-Ի՞նչ հաջողություններ եք արդեն հասցրել գրանցել:

-Հաջողությունն այն է, որ այսօր Հայաստանում դժվար թե գտնվի մի մարդ, որը չի լսել «Գրքամոլ»-ի մասին և չի հիանում նրա գործունեությամբ:

Բլից հարցում կամ միտքը շարունակում է Համլետ Մուրադյանը

Ես․․․ Սովորական մարդ եմ, ով ունի իր թերություններն ու թուլությունները, իսկ սերն ինքս իմ հանդեպ հիշեցնում է Քամյուի «Անկում»-ի հերոսի սերն իր նկատմամբ: Բայց դեռ «անկում դեպի վերելքը» ինքս ինձ համար չեմ գրանցել:

Գրականությունը․․․ Ապրելակերպ է, հենասյուն է, որի վրա կանգնելով՝ կարողանում ես ավելի հեռուն տեսնել:

Ես և գրականությունը․․․ Ես գրականությունը իմ ներքին զգայարաններով եմ զգում, ես ապրում եմ իմ կարդացած գրքերը, կարողանում եմ մտնել գրողի ներաշխարհի մեջ, անգամ հասնում եմ ոչ թե հերոսների, այլ հենց գրողի բարդույթներին, նրա անձնական ողբերգությունն եմ տեսնում գրքում, հետո, մինչև կարողանում եմ դուրս պրծնել դրանից, զգում եմ, որ ես էլ եմ մի փոքր արդեն «վարակված» իրենով:

Մեր օրերում երիտասարդները․․․ Շա՛տ խելացի են, շա՛տ ազատ, շա՛տ գրագետ ու շուտ կողմնորոշվող: Իսկ արդեն մեր թողած սերունդները ուղղակի կատաստրոֆիկ հաջողված դեմքեր են լինելու, ես հավատում եմ դրան:

Իմ սիրելի գիրքը․․․ «Հանճարը»՝ որպես ինչ-որ տեղ ինքնակենսագրական, «Մեծն Գեթսբին»՝ որպես անձնական ողբերգություն, և Ցվայգի առհասարակ բոլոր նովելները, որոնք խորը հետք են թողել ներաշխարհիս վրա:

Կփախչեմ, եթե․․․ Հայաստանում բոլոր մարդիկ բարի չլինեն:

Գրականությունը չի կարող լինել․․․ Կեղծ:

Քանի դեռ կա գրականություն․․․ Կյանքը միշտ հրաշալի կլինի:

Եթե գրողները չլինեին․․․ Կան գրողներ, որոնք չպետք է լինեին:

Ինձ խանգարում է․․․ Վատությանը վատությամբ պատասխանել չկարողանալը:

Սիրում եմ կարդալ, որովհետև․․․ Ավելի պարզ եմ կյանքը տեսնում:

Ժամանակակից գրողները․․․ Տառապում են «աստղային» կոչվող հիվանդությամբ:

Ստեղծագործելը նման է․․․ Նոր երեխա ունենալուն:

Ստեղծագործող մարդը․․․ Հոգով միայնակ մարդ է:

Սիրում եմ այն գրքերը․․․ Որոնք փակելուց հետո ամբողջ մարմնով դողում ես:

Երբեք չեմ մոտենա գրչին․․․ Միշտ եմ մոտենալու:

Սիրում եմ․․․ Ամեն գեղեցիկը ու բոլոր այն մարդկանց, ովքեր չեն ալարում ինձ սիրել: