valentina chilingaryan ararat

Գրքերին սիրահարվելու իմ արվեստը

Նկատե՞լ եք, թե մեր հասարակությունը ինչպես է վերաբերվում ընթերցանությանը: Եթե առաջ կարծում էին, որ այն մտածողության և մտավոր զարգացման աղբյուրներից մեկն է, ապա այժմ կան որոշ «թյուրըմբռնումներ»: Իսկ ինչո՞ւ:

-Ժամանակներն են փոխվել,-ասացին «ժամանակակից» մարդիկ:

-Դպրոցում շատ են դասերը: Մի կերպ դասերին ենք պատրաստվում,- պատասխանեցին ծույլերը:

-Սոցցանցերը չեն թողնում: Համացանցն է մեղավոր, որովհետև կախվածություն է ստեղծում,- միջամտեցին միշտ առցանց մարդիկ:

Բայց եկեք մի կողմ դնենք ավանդական պատասխանները: Առաջին` ժամանակները չեն փոխվում, այլ մենք ենք փոխում այն: Երկրորդ` դպրոցի դասերը հնարավոր է ավարտել ավելի շուտ, եթե աշխատում ենք կենտրոնացած: Եվ երրորդ` ֆեյսբուքի ու ինստագրամի «նյուզֆիդը քրքրելու» փոխարեն, կարելի է սմարթֆոնի մեջ ներբեռնել էլեկտրոնային գիրք և կարդալ: Նաև համացանցը ոչ մի կախվածություն չի ստեղծում, այլ մենք ենք մեզ համար ստեղծում կախվածություն կոչվող երևույթը` որպես արդարանալու միջոց: Չէ՞ որ միայն ուղտը չի սիրում գիրք կարդալ: Բայց երբեմն էլ մեծագույն նողկանք եմ ապրում, երբ նկատում եմ, թե ինչպես է ընթերցանությունը վերածվում նորաձևության:

Օրինակ` եթե դու կարդում ես «Հարրի Փոթթերը» կամ «Հարյուր տարվա մենությունը», համարվում ես կարդացած մարդ: Դե, չէ, էլի: ՉԷ: Գրադարանը չի սահմանափակվում միայն այդ գրքերով: Կարելի է կարդալ ցանկացած ժանրի գրականություն և դառնալ բազմակողմանի` ցանկացած ոլորտում: Կոտրե՛ք այդ կարծրատիպը: Մի՛ պղտորեք սերը գրականության հանդեպ: Այլ՝ գիրքը ընդունեք որպես 8-րդ հրաշալիք, և այն կլուսավորի ձեր հոգին` առաջացնելով լավագույն ձգտումներն ու երազանքները:

Ստորև մեջբերում եմ գիրք կարդալու ամենահայտնի փաստերը, որոնք մոտիվացնում են ավելի հաճախ կարդալ:

1․ Արագ ընթերցանության դեպքում աչքերը ավելի քիչ են հոգնում, քան դանդաղ ընթերցանության դեպքում:

2․ Ավանդական ընթերցանության դեպքում ընկալման մակարդակը 60% է, արագ ընթերցանութան դեպքում` 80%:

3․ Ընթերցանության ժամանակ, ընթերցողի աչքերը նայելով տարբեր տառերի`հաղորդում են տարբեր պատկերներ: Իսկ ուղեղը դրանք միավորում է մեկ պատկերում:

4․ Ընթերցանության միջին կարողությամբ մարդու աչքերը մեկ գրքային տողի վրա դադար են վերցնում 12-16 անգամ, արագ կարդացողի աչքերը` 2-4 անգամ:

Հետևեք այս փաստերին, եթե ցանկանում եք ավելի հաճախ կարդալ, իսկ եթե դեռ չեք սկսել ընթերցանությունը, ուրեմն չեք գտել հոգեհարազատ գրականություն: Երբեք ուշ չէ նոր բան սկսելու համար: