Ani Evinyan

Գրքի հետևից

Ուսումնական տարվա սկիզբն էր: Բոլորս բարձր տրամադրությամբ գնացինք դպրոց: Ասեմ, որ ապրում և սովորում եմ Տավուշի մարզի Կոթի գյուղում: Ուսումնական տարին մի մասի համար առաջին անգամ էր, մի մասի համար` վերջին, մի մասիս համար էլ ուղղակի նոր ուսումնական տարի էր` ոչ առաջինը, ոչ վերջինը:

Ահա եկավ դասագրքերը բաժանելու պահը: Պարզվեց, որ Հայոց Լեզվի դասագրքերի քանակը սահմանափակ էր, և Հայոց Լեզու սովորելն այդքան էլ հեշտ չէր լինելու: Ինձ և ընկերուհուս բաժին ընկավ մեկ դասագիրք: Երբ գնում եմ գիրքը նրանից վերցնելու, մենք ունենք մի վայր, որտեղ իրար հանդիպում ենք, նստում ենք, քննարկում տնային առաջադրանքները, և սկսում զրուցել… Զրուցում ենք տարբեր թեմաների շուրջ: Զրուցում ենք, չենք էլ հասկանում` ժամանակը ոնց է անցնում: Սթափվում ենք հեռախոսի ձայնից:
-Հա, մամ, ասա:
-Գալիս չե՞ս տուն: Մթնըմ ա…

-Հա, մթամ նոր եմ եկել, էլի, կգամ…
-Արդեն 6:30 ա, շուտ արի:
-Հա, լավ, մի կես ժամից ըտի եմ:
Հաջողություն եմ մաղթում ընկերուհուս, ու…
-Մայ…
-Ասա:
-Մայ, գիրքը մոռացա:
Եվ այսպես էլի ենք կանգնում, հիշում ենք դեպքեր մեր դպրոցական տարիներից, այնքան ժամանակ ենք զրուցում, մինչև մայրս նորից է զանգում, բայց երկրորդ անգամ վերջապես հասնում ենք տուն…

Իսկ զրույցը հաջորդ օրը շարունակվում է դպրոցում: Մեր դասարանը դպրոցի ամենաչարաճճի դասարանն է, դա դեռ 1-ին դասարանից: Բայց անկեղծ ասած, այս տարի փոխվել ենք, լուրջ ենք վերաբերվում սահմանում կատարվող իրավիճակին: Երբ կրակոցներից հետո այցելում ենք դպրոց, ընկերուհուս հետ քննարկում ենք գյուղում ինչ վնաս եղավ, և այլն:
Մի անգամ, երբ կրկին անգամ գնացի դպրոց, նորից ընկերուհուս հետ քննարկում էինք կրակոցների հարցը, լսեցի դասընկերոջս խոսքերը.
-Էրեխերք, ոնց որ պլիմոտ ըլիք, էտ ի՞նչ եգին-եգին եք զրից անըմ…
-Հա, բա իմանա՞մ ոչ րիգունը ինչ ա ելել ներքի թաղերըմը,- ասում եմ ես ու շարունակում զրույցս: Մեկ էլ լսեցինք մի անսովոր աղմուկ:
-Վայ~, նորից կրակոց,- վախեցած ասաց ընկերուհիս:
-Չէ, մի վախեք, երեխերք, պատահական թևս կպավ, աթոռը վեր գցեցի,-ասաց մյուս ընկերուհիս:
-Հա, բան չկա, ուղղակի գիդեցա` կրակոց ա:
Ուզում եմ, որ մենք չունենանք նման խոսակցություններ դասարանում: Ուզում եմ, մեր մանկության հուշերում չլինեն նման հիշողություններ: Ուզում եմ…