gevorgtergbr

Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինոթատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձներ

marine israyelyan

«Մանանա» կենտրոնը և Հայաստանի պատանի թղթակիցների 17.am կայքը հայտարարել էին Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Անաստված կինո թատրոն» գրքի վերաբերյալ անդրադարձների մրցույթ: Մենք ստացել ենք բազմաթիվ անդրադարձներ, և մինչ ժյուրին կհայտարարի հաղթողներին, դուք նույնպես կարող եք կարդալ և որոշել հաղթողներին:

 Անաստված կինո թատրոն

Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատմվածքների և էսսեների «Անաստված կինո թատրոն» ժողովածուն ժամանակակից հայ արձակի՝ 2018 թվականի ձեռքբերումներից է:

Պատմվածքներում արծարծվում են կյանքային թեմաներ, մանկական պատկերներ, հիշողություններ: Հեղինակը լեզվաոճական հետաքրքիր ու հակասական կարծիքների առիթ տվող նորույթ է բերում. առօրյա-խոսակցական խոսքը գործածված է ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի՝ հեղինակային խոսքում: Եթե առաջին դեպքում խոսքի միջոցով կենդանանում է նկարագրվող միջավայրը, ապա երկրորդ դեպքում գործ ունենք գրողի ստեղծագործական նախասիրությունների հետ:

Կցանկանայի առավելապես անդրադառնալ էսսեներին, մասնավորապես՝ «Ինչու ետ եկա Հայաստան» և «Ինչու է մարդն ապրում աշխարհում»: Այս էսսեները հեղինակի յուրօրինակ խոհափիլիսոփայական զրույցներն են՝ հագեցած ճշմարտության անդադրում որոնումների, մարդկային հոգու հակասությունների, մարդ-բնություն կապի խախտված ներդաշնակության, բնապաշտության, ազգասիրության ու հայրենասիրության գաղափարներով: Վերջիններս արտահայտվում են ո՛չ թե բարձրագոչ կոչերով ու վերաթռիչ ճառերով, այլ հայ մարդու, ականատեսի՝ սեփական մաշկի վրա զգացածի ազդեցությամբ: «Ինչու ետ եկա Հայաստան» ստեղծագործության մեջ հեղինակն ահազանգում է ուծացման, ազգային ինքնության կորստի մասին՝ նժդեհյան խոսքերով ասած, թե ինչպես են փոքր գետերն անհետանում ծովերի ու օվկիանոսների մեջ.

«Ու հումանիտար-հասարակական ասպարեզի բոլոր ծանոթներս, որոնք, օտարազգի լինելով, Արևմուտքում ապաստանել ու արմատավորվել էին՝ կարծես այդ ատաղձը կորցնեին: Դառնային հեղհեղուկ միջինստատիստիկական մասնագետ, հաճախ՝ ճանաչված, շատ լավ, բայց հո միայն ես էի զգում՝ որ տարրալուծվել է իրենց ինքնությունն ավելի մեծի՝ միջազգայինի, համաշխարհայինի մեջ… Նույնիսկ եթե հայրենասիրությունն ակնհայտ է: Ինչպես ինժեները՝ որ մի մեծ սուզանավ է սարքում՝ հազար հոգու հետ, ու նրա անունն ու գործը տարրալուծվում է սուզանավի մեջ: Իսկ այդ սուզանավը քեզ, քո ազգին պե՞տք է: Դու քո կամքո՞վ ես որոշել, որ այն պետք է սարքել»:

 

Տպավորիչ կերպով արտահայտված են օտարության մեջ գտնվող մարդու զգացողությունները, օտար հողում սեփական գոյությունն ապահովելու համար մղվող պայքարի անողոքությունը, հայրենիքից հեռու լինելու, ուրիշ տեղ ավելորդ լինելու գիտակցումը, հայրենակարոտությունը.

«Այն ամենում, ինչում Հայաստանում մասնագետ կլինեի՝ այնտեղ սիրող էի ինձ զգում… Եթե այստեղ գիտեի հաստատ, որ պետք եմ՝ այնտեղ գիտեի հաստատ, որ ավելորդ եմ, պիտի, եթե ուզեմ մնալ, ինձ տեղ բացեմ, հրհրելով»:

Հումորի նուրբ երանգով է ներկայացվում  ինքնուրույնությամբ,  սեփական վերադասությամբ իր գործն անելու բերկրանքը.

«Եվ չնայած մասնագիտությունը հարգում եմ՝ բայց ես փինաչի եմ: Ես սիրում եմ իմ ձեռքերով, իմ մատներով, իմ ուղեղով իմ գործն անել մինչև վերջ՝ ինչպես կոշկակարը՝ իր մի զույգ կոշիկն է գորովանքով կարում»:

Ստեղծագործության մեջ արտացոլվել է հայի անհատականություն լինելու գենետիկ հատկանիշը, սեփական հողում ինքն իր հետ լինելու գերադասումը ոսկյա հեռուներում բարձունքների հասնելու հեռանկարից.

«Ես ընտրում եմ աշխարհի գյուղում գեներալ լինելը, քան շարքային կամ նույնիսկ ցածրաստիճան սպա՝ աշխարհի մայրաքաղաքներում: Որովհետև էությամբս, ազգովին գեներալ եմ»:

Տեսնում ենք հեղինակի սուրբ հավատամքը՝ ես արարատապաշտ եմ, ծիրանապաշտ եմ, սևանապաշտ եմ: Այնուհետև յուրահատուկ իրոնիայով հնչեցվում է սեփական երկրի նկատմամբ յուրաքանչյուրիս պատասխանատու լինելու գիտակցման անհրաժեշտության մասին.

«Ես զիբիլապաշտ եմ: Մեր զիբիլի պես զիբիլ աշխարհում չկա: Եվ պետք չէ այն մաքրել. եղածն ի՞նչ է՝ միայն ցելոֆանն է երկրով մեկ թափառում, գետերի ափերի երկայնքով փառ կապում, իսկ ցելոֆանն անվնաս բան է և գեղեցկություն (հիշենք «Ամերիկյան գեղեցկություն» ֆիլմը), ու խեղճի օրերը հաշված են…»:

Հեղինակը յուրովի է մեկնաբանում կյանքում ամենակարևորի, արժեքավորի գաղափարը.

«Աշխարհում ամենաարժեքավոր բաները հատուկենտ բաներն են, իսկ փոքր ազգի ամեն մարդ ավելի հատուկենտ է՝ քան մեծինը»:

Ամենակարևորը մեր մի հատիկ Հայաստանն է, նրանում ապրող ամեն մի հայը, այս՝ իր բարդության մեջ պարզագույն ճշմարությունը հայրենյաց մասին հայտնի է հնագույն դարերից, և Սենեկայի խոսքերով ասած՝ հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա, որ քոնն է:

«Ինչու է մարդն ապրում աշխարհում» ստեղծագործության մեջ կարմիր թելի պես անցնում է կյանքն ստեղծագործաբար ապրելու, շրջակա միջավայրի ճանաչման ու ինքնաճանաչման, բնապահպանության ու բնապաշտության գաղափարները:

Ո՞վ է մարդը. դեռևս Դելփյան տաճարի բարձունքից մարդուն էր ուղղված աստվածային խորհուրդը՝ Ծանյա՛ զքեզ (Ճանաչի՛ր ինքդ քեզ): Այս խորհուրդն ուղեկցել է մարդուն իր հազարամյակների պատմության ընթացքում և միշտ մնացել անբացատրելի: Յուրաքանչյուր մարդ աշխարհ է գալիս սեփական առաքելությամբ, որը և իրագործում է որոշակի բնագավառում կատարած ստեղծագործական աշխատանքով.

«Ի՞նչ է նշանակում ստեղծագործական: Գործունեություն, որը ստեղծում է նորը՝ որ մինչ այդ չկար, և այդ նորը լավն է»:

Ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է երջանկության, մարդկության, մարդկային հոգու առեղծվածի մասին սեփական դիտարկումները: Նա փաստում է այն ճշմարտությունը, որ մարդ-բնություն մերօրյա պառակտվածությունն արհեստական է, որ մարդը բնության ծնունդն է, մասնիկը, շեշտում է ծնող-բնության նկատմամբ անողոք ու անխնա վերաբերմունքի պատճառները՝ դրանք վերացնելու անհրաժեշտության գիտակցմամբ.

«Մարդը մասնիկ է բնության մեծ օրգանի, գործիքի, և նա լավ բան անում է՝ բնության ինքնաճանաչողությունն ու ինքնազարգացումն ապահովելու համար: Իսկ վատ բան անում է՝ սխալմունքից, սխալ կարծիք ունենալուց, սխալ դաստիարակությունից կամ՝ դիտավորյալ, որպես գիտակցված հանցագործություն»:

Մարդն ստեղծվել է աստվածային բնույթով՝ բանականությամբ ու արարչագործությամբ, բայց հաճախ է մոռանում աստվածային շնորհների մասին կամ դրանք ի չարը գործադրում: Յուրաքանչյուր մարդու մեջ թաքնված է ստեղծագործ ոգին, բայց արդյո՞ք մարդն արթնացնում է նրան.

«Յուրաքանչյուր մարդ հանճար է: Բայց ոչ ամեն պահին: Բայց անպայման»:

Հեղինակը ճշմարտացիորեն խոսում է մարդկության այժմյան խելակորույս մրցավազքի և այդ ընթացքում կյանքի իմաստի արժևորման, ժամանակի փիլիսոփայության մասին. «Մենք բոլորս մրցում ենք հասնել մի բանի, բայց հասածը չգիտի, հասել է թե ոչ, իսկ չհասնողը չգիտի՝ գուցեև հասել է, ու տարիներ կամ դարեր հետո դա պարզ կդառնա»: Ապա փաստում է հայտնի ասածվածքը, որ հարկավոր է կյանքն ավելի սիրել, քան նրա իմաստը, կամ մարկեսյան տողերով ասած՝ մի տխրիր, որ դա անցավ, ժպտա, որ դա եղավ:

Շեշտվում է գոհունակությամբ ու ինքնաբավ ապրելու, կյանք-հրաշքը գիտակցելու գաղափարը. «Եվ եթե չհասար էլ՝ կարևոր չէ, գոհ եղիր, քանի որ մասնակից էիր այդպիսի մի խելակորույս հրաշք-վազքի»:

Երազային է թվում հեղինակի՝ գալիքի մասին տեսլականը.

«Իսկ հետո մարդը կհայտնագործի՝ ինչպես ճամփորդել անցյալում, կամ ինչպես այն միավորել ներկայի հետ, ու նոր շանս կտա ամեն անհետացածին՝ լինել, ստեղծագործաբար աշխատել»:

Բայց արդյոք սա երևակայության թռի՞չք է, թե՞ հնարավոր ապագա:

Գևորգ Տեր-Գաբրիելյանի պատմվածքների և էսսեների «Անաստված կինո թատրոն» ժողովածուն ցանկալի գիրք է ընթերցողների սեղանին՝ հասկանալու և ըմբռնելու արդի գրականության, ժամանակակից հայ արձակի սրտի զարկերը: