zara torosyan

Դասամիջոց

-Աննա, Աննա,- շշնջում էր Ալբերտը դասարանի մի կողմից մյուս կողմը,- էս գումարը վերցրու, ինձ երեք հատ խորիզով բուլկի կբերես բուֆետից:

-Հա, ինձ էլ:

-Ինձ էլ կբերես,- սկսեցին շշնջալ բոլորը:

Զանգը հնչեց: Աննան ու Էլենը միանգամից դասարանից դուրս սլացան: Նրանց հետևից, ինչպես միշտ, երեք հոգի դուրս են վազում, սակայն ոչ ոք երբեք չի իմանում, թե նրանք ուր են գնում: Տղաները միշտ կանգնում են աղբամանի մոտ, իսկ երբ ցանկանում ես աղբը թափել, և մի կերպ անցնում ես նրանց միջով, այնպես են գոռում, կարծես դա իրենց տարածքն է և ուրիշները իրավունք չունեն այդտեղով անցնելու:

Նախավերջին նստարանին նստած է Վովան, ով պարտաճանաչորեն կատարում է իր դասամիջոցի պարտականությունը` լուռ նայում է գրատախտակին, իսկ նրա հետևում նստած Մերին` Վովայի մեջքին:

Կան նաև տղաներ և աղջիկներ, որոնք դեռ տարված են արդեն հնացած ինտերնետային մարտահրավերներով:

Մի քանի աղջիկներ էլ` գրքերը ձեռքներին, դուրս են գալիս դասարանից, որ ուսուցիչները տեսնեն, թե ինչ պարտաճանաչ են իրենք և ինչպես են միշտ դաս սովորում: Սակայն իրականում նրանք լրիվ տարբեր թեմաներից են զրուցում:

Կան նաև աղջիկներ, որ պատուհանից այն կողմ չեն գնում, կանգնած նայում են մեր զուգահեռ դասարանի պատուհանին, քանի որ գիտեն, որ հնարավոր է` Վրեժն անցնի այդտեղով, և իրենք էլ տեսնեն նրան: Վրեժն էլ իրեն աստղ է զգում:

Զանգի հնչելուն մնացել էր երկու րոպե, բոլորն սկսել էին նյարդայնացած քայլել, քանի որ Աննան ու Էլենը դեռ չէին եկել: Երբ նրանք մտան դասարան, բոլորը հարձակվեցին Աննայի վրա ու պահանջեցին իրենց ուտելիքը: Դրանք ստանալուց հետո դասարանում լռություն է տիրում, որովհետև բոլորը լուռ նստած ուտում են: