Դասամիջոց

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Զանգը հնչեց, ու դասաժամի թվացյալ լռությունը միանգամից ցրվեց:

-Միլե՜ն,- կանչեց Սեդան:

-Հը՞,- միանգամից երեք հոգի արձագանքեցին:

-Ադամյա՛ն, քո հետ եմ, արի՛, թռանք բուֆետ,- ժպտալով պատասխանում է Սեդան:

-Մի՜լ, կգա՞ս գնանք գրադարան,- հարցնում է ինձ մյուս Միլենան:

-Իհարկե,- պատասխանում եմ ես ու ընկերուհուս ձեռքը բռնած դուրս վազում դասարանից:

-Սպասեք, ես էլ եմ գալիս,- կանչում է Մերին ու գալիս մեր ետևից:

Մենք գնում ենք գրադարան, վերցնում մեզ անհրաժեշտ գրքերը, հետո ուղևորվում բուֆետ՝ Սեդայենց հետևից: Հասնելով բուֆետ՝ փորձում ենք գտնել Սեդային ու Ադամյանին միլիոնավոր հերթի միջից: Ու պարզվում է, որ նրանք դեռ չեն էլ որոշել, թե ինչ պետք է գնեն:

-Milky Way առնե՞նք թե՞ Nesqweek,- քննարկում են նրանք:

-Աա՜, պրծեք, գնանք, հեսա զանգը կհնչի,- ասում եմ ես:

-Սե՛դ, դու կարաս, դավայ,- հուսադրում ենք Սեդային:

-Լավ: Գեղեցի՛կ տատիկ, մեզ 2 հատ Milky տվեք,- վերջապես կողմնորոշվում են նրանք, վերցնում իրենց շոկոլադը և մի կերպ դուրս թռչում բուֆետից, և մենք հինգով՝ կատակելով ու ծիծաղելով, ուղևորվում ենք դասարան: Եթե անջատված ու դանդաղ չենք քայլում, հասցնում ենք մեր 10 րոպեի վերջին րոպեները դասարանում անցկացնել, իսկ դասարանում սովորաբար այնպիսի աղմուկ է, որ դժվար է լինում հավատալ, որ այնտեղ սովորում են 23 հոգի, 23-ն էլ՝ աղջիկ:

Դասարանի տարբեր անկյուններից լսվում են տարբեր երաժշտություններ. Մեկը՝ հայկական է պարում, մյուսը՝ ժամանակակից, մեկը երգում է, մեկ ուրիշը՝ նկարվում: Սոնան ինչպես միշտ նստած է իր տեղում, Լիլիթն ինչպես միշտ խաչապուրի է ուտում և Օլյայի հետ խոսում իրենց ամենասիրելի Supernatural ֆիլմից, Տաթևիկն ու Ջուլիետան ինչպես միշտ կռվում են, Անահիտն ինչպես միշտ զբաղված է իր Ipad-ով, Քրիստինեն էլ ինչպես միշտ  facebook-ում է: Դե մնացածն էլ կամ դաս են կրկնում, կամ տնայիններն արտագրում: Մեր աղմուկին խառնվում են զուգահեռ դասարանների ակտիվիստները, ասենք Նարան կամ Տոման, ովքեր գալիս են մեր դասարան՝ տաքանալու ու մեզ տեսնելու համար:

Դասամիջոցի ավարտն ազդարարող զանգը ոչինչ չի փոխում, որովհետև կամ չենք լսում դրա ձայնը, կամ, օգտվելով ուսուցչի ուշանալուց, շարունակում ենք մեր դասամիջոցային արկածները: Հետո, երբ մտնում է ուսուցչուհին, մենք միանգամից տեղավորվում ենք մեր տեղերում՝ չհասցնելով ուտել շոկոլադի վերջին կտորը և պատասխանել վերջին նամակին: Հինգ րոպե հետո մենք ամբողջովին մտնում ենք դասի մեջ, իսկ 40 րոպե հետո նորից սկսվում է նույն պատմությունը…