shushan stepanyan portret

Դավոս զինվոր է

Բարև: Քեզ հետ հիմա խոսում են կարոտիս՝ դատարկ օդով լցված նոտաները, ես կարոտել եմ:

Մտել եմ սենյակ, ժամը երկուսն անց է, ու ինձ թվում է, թե պիտի ջղային ձայնով զանգեմ ու ասեմ. «Դավո՛, ի՞նչ եղար, արի տուն, գիշերվա հազարն ա»: Սպասում եմ, որ կամաց դուռը պիտի ծեծի, ու ես սենյակից վազելով գնամ բացեմ, սպասում եմ, որ լսեմ «բարի գիշեր»-իս պատասխանն ու քնեմ, բայց արի ու տես, որ այս պահից սկսած երկու տարի միայն կարոտելու եմ, ինչ ջղայնանալ, ինչ դռան թակոց:

Անասելի անսովոր է, երբ եղբայրս արդեն զինվոր է, երբ արդեն մենակ եմ: Անկեղծ կլինեմ ու կասեմ, որ երբևէ չէի պատկերացնի, որ այս տեսակ կկարոտեմ: Դժվար է:

Տանել չեմ կարողանում բաժանումներն ու հրաժեշտի պահերը: Գուցե նրանից է, որ ուժեղ եմ կապվում, հոգուս ու սրտիս ամուր թելերով, առանց որևէ ակնկալիքի, որ մի օր պիտի կարոտեմ նաև, որ թելերից մեկը մի օր պիտի երկարի, սրտիցս հեռանա:

Ճամփելու հաջորդ առավոտն է. աչքերս բացել եմ, ինձ թվում է, որ պիտի ասի. «Շուշա՛ն, քիչ խոսա, էլի, թող քնեմ: Էլի ժամը ութից ինձ քնից հանեցիր: Վերջին անգամ եմ ասում»: Խոսում եմ, խոսում, բայց արձագանք չկա: Գոնե էլի արթնացնեի քնից, կռվեինք, բայց մենակ չլինեի:

Մի քանի օր է, ու կոնֆետներս հետս կիսող չկա, թաքուն իմ բաժինը ուտող չկա. ես մենակ եմ, կարոտում եմ…

Ինչ ինձ հիշում եմ, գիտակցել եմ, որ հեռու, շա՜տ հեռու ապագայում գալու է մի օր, որ եղբայրս զինվոր է դառնալու, որ ծառայելու է: Այդ ընկալումներն այնքան երեկ էին թվում, որ ինչ-որ պահի անգամ մտածում եմ, որ հիմա երազի մեջ եմ: Ինքս ինձ համոզում եմ, որ երկու տարին կարճ ժամանակահատված է, աչքերս փակեմ-բացեմ, ու վերջ: Գուցե երբ ապրում ես առանց սպասման, առանց ժամերն ու օրերը հաշվելու, երկու տարին ակնթարթ է թվում, բայց երբ սպասում ես անհամբեր ու հաշվում դեռ մնացած օրերը, ձգվում է տարին, երկարում ինչ-որ տեղ էլ: Բայց ոչինչ, շուտ կանցնի:

Մենք շատ-շատ ենք կռվել, ու հիմա ականջներումս մամայիս ձայնն է, որ ասում էր. «Տեսնաս էս աշխարհում էլի երեխեք կա՞ն ձեզ պես կռվող, թե մենակ դուք եք: Ոչինչ, բան չեք հասկանում, հեսա Դավոն գնալու ա բանակ, զղջալու ես, Շուշան, կարոտես»: Իմ պատասխանը միշտ էլ անգիտակցորեն էր արտաբերվում. «Չեմ փոշմանելու, ո՜ւֆ, թող գնա, պրծնեմ իրանից, կյանքս կերավ»: Դե հա, չէի գիտակցում: Ու միշտ ընկերներիս հարցնում էի, թե իրանց մամաներն է՞լ են էդպիսի բաներ ասում, պարզվում էր, որ հա, ամեն կռվի ժամանակ նույն նախադասությունն է գրեթե բոլորի տներում. «Տեսնաս էս աշխարհում էլի երեխեք կա՞ն ձեզ պես կռվող, թե մենակ դուք եք»:

Վերջին օրն էր նախքան գնալը, չեմ կարողանում քնել, ժամը արդեն հինգն է, միացրել եմ հեռախոսիս լույսը, պահել խաղաղ ննջող դեմքին, նայում եմ ու չեմ կշտանում: Մի պահ, երբ կոկորդդ խեղդվում է արցունքներիդ՝ աչքերիցդ դուրս թափվելու ցանկությունից, դու էլ ուժեղ չես լինում, մոռանում ես քեզ զսպել: Հասկանո՞ւմ եք, այս մեծ ու փոքր աշխարհում ես իրեն ունեմ, իրեն, որ ամեն պահի կողքիս է եղել, որ ինչքան նեղված, հիասթափված եմ եղել ինչ-որ բաներից կամ մարդկանցից, նստել է կողքիս ու ասել, ցույց տվել, որ կողքիս է: Անասելի ուժեղ եմ ինձ զգացել ու հաղթահարել շատ բաներ:

Մայիս ամսից որոշել էր, որ պիտի դիմում գրի, թեև անվճար համակարգում է սովորում, ու կամավոր գնա բանակ: Ու ես արդեն մտքերի մեջ էի, տխուր: Ընկերներս զարմանում էին, որ ինձ նման չեմ, որ իմ «տափակ» հումորները պակասել են. ես մտքերով էի, նեղված, դեռ պատրաստ չէի զինվորի քրոջ կերպար ընդունել: Անընդհատ մտածում էի՝ բա էլ ում հետ եմ կռվելու, ում մոտ եմ անվախ լացելու, սրտինս ասելու: Ես կարոտում եմ..․

Տան փոքրն ինքն է, բայց ես երբեք դա չեմ զգացել: Նախ, ես շատ երեխայական բաներ էի անում, որ հեչ իր սրտով չէր, հետո էլ ինքը ինձնից ավելի ճիշտ է դատում ու ավելի հասուն է: Երբ հեռախոսով խոսում էր, բարձր երգում էի (դե, կռվելու ուրիշ պատճառ չկար այդ պահին), ու խեղճը ստիպված ասում էր. «Ախպեր, կներես, էլի, փոքր քուրս ա, հեսա կզանգեմ»: Ես սկսեցի հարմարվել, որ ես եմ տան փոքրը: Բայց հոգուս խորքում, սրտիս մեջ ինքն ինձ համար ընկալվում էր որպես իմ փոքր Դավո, իմ փոքր կես, որի հետ կյանքիս ամեն մի պահը կիսել եմ հավասար, որի հետ նեղվել եմ, ծիծաղել:

Գիշերվա մեկն անց է, ու մի քիչ առաջ զանգ եկավ մամային: Քնած էր, բայց հենց զանգի ձայնը լսեց, խաղաղ ժպիտը դեմքին՝ պատասխանեց. Դավոս էր: Սենյակիցս վազում եմ մամայի մոտ, որ գոնե մի րոպե էլ ես խոսեմ, կարոտս առնեմ: Հեռախոսի բարձրախոսն ենք միացրել, երեքով նստել հեռախոսի կողքին ու խոսում ենք: Նոր սիրահարվածներ են է լինում, որ անընդհատ իրար զանգի են սպասում, որ խոսելիս աչքերները փայլում են, հիմա մենք ենք՝ ես, պապաս, մամաս: Մենք նոր ենք սիրահարվել, հա, մեր զինվորին:

Բոլոր-բոլոր զինվորներին բարի, խաղաղ, թեթև, անհոգ ծառայություն, իրենց սպասողներին էլ՝ համբերություն: Թող միայն խաղաղություն լինի մեր երկրում ու միայն սեր՝ մեր սրտերում: