Ժապավենի դարաշրջանը. Մաս երկրորդ

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Մութ սենյակի, լուսազգայուն նյութերի ու ժելատինի էմուլսիայի միջով հասանք նրան, որ հայտնաբերվեց ժապավենը, և ֆոտոն սկսեց զարգանալ որպես արվեստի մի նոր տեսակ: Հիմա ֆոտոն կախարդական հեքիաթ է թվում, իսկ լուսանկարիչները` հրաշագործներ: Դուք ինքներդ տեսնելով լուսանկարը երևակելու պրոցեսը, ձեզ կախարդանքի կենտրոնում կզգաք, հավատացնում եմ:

Բոլորին սկսեց հետաքրքրել այն, շատերը սկսեցին զբաղվել ֆոտոյով, բայց ոչ բոլորին հաջողվեց ստեղծել ֆոտո, քանի որ ինչպես նշեցի, այն դարձավ արվեստի մի նոր տեսակ, իսկ դա նշանակում է, որ պետք է ունենալ որոշակի տաղանդ: Թվում է, թե լուսանկարելու համար տաղանդ այնքան էլ պետք չէ, հա, ի՞նչ կա կոճակ սեղմելու մեջ: Իրականում մինչև այդ կոճակը սեղմելը մարդը իր գիտակցության մի որոշակի մակարդակում սկսում է մտովի գծմծել այն պատկերը, որը պետք է ստանա: Այլ խոսքերով, անում է այն, ինչը անում են նկարիչները թղթի վրա, ուղղակի ենթագիտակցության մեջ (մեր ենթագիտակցության մեջ երևակայական թուղթ և մատիտ կա): Հա, սկզբում դա բարդ է, մանավանդ, երբ դու երբեք ուղիղ գծեր չես կարողացել տանել, և նկարելը քեզ համար սահմանափակվել է ծուռմռտիկ տնակներ և մարդուկներ նկարելով: Բայց ժամանակի ընթացքում անհաջող գծագրեր անելուց, դրանք նույնքան անհաջող լուսանկարելուց և քեզ պատեպատ տալուց հետո սկսում ես ինչ-որ պատկերներ ստանալ, ուղիղ անկյունագծեր տանել: Այդ ժամանակ արածդ լուսանկարը դառնում է այնքան քոնը:
Ես լուսանկարել սկսել եմ թվային ֆոտոխցիկով և հիմա ամեն անգամ, երբ ժապավենով եմ նկարում, մեխանիկորեն նայում եմ խցիկի դիսփլեյին` տեսնելու լուսանկարս: Պատկերացրեք` ինչ ծիծաղելի իրավիճակում եմ լինում, մանավանադ, եթե պատկերացնենք, որ ժապավենով խցիկները դիսփլեյ չունեն: Իրականում, ժապավենով լուսանկարելիս խորը դեպրեսիայի մեջ ես ընկնում, մինչև տեսնում ես վերջնական երևակված տարբերակը: Մեկ այլ դեպրեսիա է նկարելու գործընթացը, երբ որոշում ես էքսպոզիցիան, կոմպոզիցիան և ֆոկուսը: Բայց փոխարենը, ինչպես ես հրճվում, երբ վերջնական պատկերը քո ուզածով է լինում: Ինչ եմ ուզում ասել: Ժապավենով նկարելիս դու անում ես ամեն ինչ` պատկերը պատկերացնելուց մինչև այն տեսանելի դարձնելը:  Եվ թվում է, որ լուսանկարչինը ամենահեշտ ձևն է ասելիքը ասելու, քանի որ նկարիչները, քանդակագործները օրերով, ամիսներով են չարչարվում իրենց գործերի վրա, իսկ լուսանկարչին տիեզերքի անծայրածիր ժամանակից միայն  մեկ վայրկյանի որոշ մասն է բաժին հասնում: «Արվեստը ստեղծելու միակ պահը` դա վայրկյանի 1/25-րդ մասն է, երբ բացվում է փակաղակը, խցիկի մեջ լույս է վառվում, և շարժումը կանգ է առնում»:  Սա ասել է Անրի Կարտիե- Բրեսոնը, ում մասին մենք կհասցնենք խոսել և տեսնել վայրկյանի այն ակնթարթները, որոնք նա է ապրել:
Բայց կարծես մենք շեղվեցինք: Հա, ինչ էի ասում: Երբ արդեն ժապավենը հասանելի էր բոլորին, և որոշ անհատներ սկսել էին ֆոտո ստեղծել, մարդիկ այն բաժանեցին տեսակների, կամ դա ինքնաբերաբար ստացվեց, չգիտեմ:
Երբ մեր` այսինքն, մարդու ձեռքում հայտնվում է տեսախցիկ, մենք նախ և առաջ լուսանկարում ենք մեր գեղեցիկ շրջակա միջավայրը` այսինքն, բնանկարը: Նույնիսկ առաջին պահպանված լուսանկարը բնանկար էր, եթե հիշում եք Նեպսի «Տեսարան պատուհանից»-ը:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Հետո սկսում ենք նկարել այլ մարդկանց: Մեր սիրելիներին, կամ գոնե թե մարդկանց, ում միջոցով  ինչ-որ բան ենք ուզում ասել: Դա դիմանկարի հիմնական ասելիքներից մեկն է:

Հետո նկարում ենք մի դետալ, որը երևի թե ինչ-որ բան նշանակում է մեզ համար, արժեքավոր մի բան: Սովորաբար այդ առարկաները անշունչ առարկաներ են, որոնք կարելի է այլ կերպ անվանել մեռած բնության մի մաս (դա ես չեմ այդպես մտածել): Ֆրանսերեն մեռած բնություն կլինի` Nature morte:  Ծանոթ բառ է, չէ՞: Այո, նատյուրմորտ թարգմանաբար նշանակում է մեռած բնություն:
Հետո դուրս ենք գալիս մեր խցիկներով փողոց, նկարում փողոցային անցուդարձը, մարդկանց: Այդ փողոցային լուսանկարների մեջ միգուցե երևում է այդտեղի տրամադրությունը` անվերջ շտապող մարդիկ, բանուկ փողոցներ, մի ծայրում կանգնած գումար հավաքող երաժիշտը և այլն: Չենք միջամտում այդ անցուդարձին, պարզապես նկարում ենք կյանքը ինչպես կա:

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Լուսանկարը` Դիանա Շահբազյանի

Այդ փողոցներից մեկում հին մեքենաների ցուցադրություն է: Շտապում ենք այնտեղ և ընտրում ճիշտ դիտակետը այնպես նկարելու, որ մեր լուսանկարի միջոցով տեղեկացնենք այդ իրադարձության մասին: Հենց այդ «տեղեկացնել» բառի հետ է կապված Ֆոտոռեպորտաժը, որի հիմքում ինֆորմացիա փոխանցելն է:
Փողոցի աղմուկից փախչելով մտնում ենք բակերից մեկը: Բակում երեխաներ են խաղում, մոտենում ենք մի քանի դիմանկար անելու, բայց նրանց մայրիկները իրենց տուն են կանչում: Մենք գնում ենք այդ երեխաների ետևից և հայտնվելով մի մեծ հանրակացարում այնտեղ նրանց նման հազարավոր երեխաներ ենք տեսնում: Ինքնաբերաբար ձեռքներս տանում ենք դեպի մեր խցիկը և նկարում այնտեղ ապրող անապահով ընտանիքների կենցաղը: Նորից ոչ մի բեմականացում, ոչ մի միջամտում: Նկարում ենք այն ամենը, ինչ տեսնում ենք: Լուսանկարչության այս ձևը կոչվում է վավերագրական, կամ դոկումենտալ:
Հանրակացարանից դուրս գալով շարունակում ենք քայլել, սակայն արդեն մթնել է: Եթե մենք ապրեինք առաջներում, ապա կարող էինք ուղղակի խցիկը դնել մեր պայուսակը, քանի որ դժվար թե ունենայինք այդքան բարձր լուսազգայունությամբ ժապավեններ գիշերային լուսանկարներ ստանալու համար: Բայց թվային տեխնոլոգիան մեզ թույլ է տալիս նկարել գիշերը այնպիսին, ինչպիսին տեսնում ենք, առանց լղոզվածության: Դե, կարծում եմ, կարելի է մի երկու անգամ նկարել լուսավորված կամուրջի ֆոնին արագ սլացող մեքենաները իրենց երկար անհասկանալի թվացող հետագծերով:
Իրականում ժանրերը շատ-շատ են, և նրանք պարբերաբար թարմացվում են: Ես որոշել եմ հետագա հոդվածներում ավելի մանրամասն պատմել յուրաքանչյուր ժանրի մասին և գուցե ծանոթացնել այդ ժանրի ներկայացուցիչներից մի քանիսի ու իրենց գործերի հետ:

Իսկ դուք շարունակեք լուսանկարել և մի հուսահատվեք, եթե դեռ չի ստացվում, քանի որ ինչպես ասում էր Կարտիե-Բրեսոնը. «Ձեր արած առաջին 10.000 լուսանկարները ամենավատն են»: