Դարինկա տատս

Դարինկա տատս ասում ա․ «Որ ասում էի` էս անունը լավը չի, ինչի՞ եք դրել, հերս ասում էր` աշխարհի ամենալավ անունն ա»։
Երևի դուք ևս մեկ անգամ տատիկիս անունը կարդացիք, որովհետև ուշադիր չէիք կարդացել։
Այժմ տեսնենք, թե ինչ պատմություն կա թաքնված Դարինկա անվան տակ։
-Դարինկա տատս,- պատմում է Դարինկա տատս,- ամուսնացել ա Մակար պապիկիս հետ։ Ունեցել են չորս երեխա. երկու տղա, երկու աղջիկ։ 1915թ-ից հետո, երբ նեղվածություն ու սով ա եղել, ջահել տղամարդիկ Գյուլագարակից գնացել են Թիֆլիս, որ աշխատեն, փող բերեն իրանց ընտանիքները պահեն։ Ամենքը մի փեշակ ա ունեցել, մեկը՝ կարուձև անող, մեկը՝ կոշկակար։ Պապս կոշկակար ա եղել։ Էդ ժամանակ թուրքերը Թիֆլիս նստած են եղել։ Որ իմացել են տենց մասնագիտությամբ հայեր կան, ամենքին մի գործ են տվել։ Պապս էլ հրաժարվել ա իրանց կոշիկները կարկատի։ Դրա համար 1918թ-ին Թիֆլիսում թուրքերը սպանել են պապիս։ Պապիս սպանությունից հետո տատս երեք էրեխու հետ փախել ա իրա հորանց տուն՝ Ագարակ, որտեղ էլ ծնվել ա Աղունիկ հոքորս։ Տատս էնքան ճարպիկ ու ուժեղ կին ա եղել, որ կարեցել ա մենակ իրա չորս էրեխեքին պահի, մեծացնի։ Պապիցս հետո ինքն ա կոշկակարություն արել։ Հայրենական պատերազմի ժամանակ Մակար պապիս ախպերը՝ Միկիտը (լավ անուն ա, չէ՞), գնացել ա բանակ և չի վերադարձել: Էրեխեքն էլ մնացել են տատիս հույսին, էդ էրեխեքի մերն էլ հիվանդ ա եղել։ Ստացվում է, որ տատս ութ երեխա է մեծացրել։ Որ տատս մտել ա գյուղամեջ, բոլոր տղամարդիկ ոտքի են կանգնել, տատիս էլ Դարինկա մամա են ասել։

-Փաստորեն տղամարդ կին ա եղել մեր Դարինկա տատը։ Տա՛տ, բա ո՞նց են ծանոթացել Օֆիկ տատն ու Հարություն պապը։
-Չեն ծանոթացել։ Տատիս իրա ախպերը ասել ա. «Էն Խորենանց աղջիկը՝ Օֆիկը, սիրուն, լավ աղջիկ ա (Օֆիկ տատանք էլ են Ագարակից եղել), եկեք ուզեք։ Գնացել, տեսել ու ամուսնացել են։ Ունեցել են յոթ երեխա…

-Որոնցից կարևորը եղել են մեծն ու փոքրը,- տատիկիս փոքր քույրը, ով այդ յոթ երեխաներից ամենափոքրն է, և ում մենք համարում ենք հորաքույր, այնինչ նա հորս մորաքույրն է։ Հորիցս ընդամենը հինգ տարով է մեծ։
-1949թ-ին հորս ու մորս աքսորել են Սիբիր,- շարունակեց տատիկս:
-Դարինկա տատի՞ն էլ։
-Չէ, տատս մնացել էր Գյուլագարակում։
-Առանց Դարինկայի գյուղը ի՞նչ էր անելու,- ասում է հորաքույրս։
-Ղարիբը, Մակարը ու ես Սիբիրում ենք ծնվել։ Նոր Ստալինի մահից հետո բոլոր աքսորվածները արդարացվել են ու ետ են վերադարձել։ Դարինկա տատիս անունը ինձ են դրել, իմ անունն էլ թոռիս են դրել։ Եվ այդպես շարունակ։
Հա, ի դեպ նշեմ, որ Դարինկա նշանակում է Աստծո պարգև: