sveta davtyan

Դարձա ուսանող

Հիշում եմ՝ երեք տարի առաջ էր, առաջին անգամ ընկերուհուս հետ ուշացած եկանք դասի: Դպրոց մտնելուն պես ուսուցչուհիս ասաց, որ գնանք ինֆորմատիկայի սենյակ, շատ կարևոր դաս է: Ներս մտանք, բայց մեր ուսուցիչները չէին, ներկա գտնվեցինք մի դասընթացի և ծանոթացանք «Մանանա» կենտրոնի թիմի հետ:

Իհարկե, հենց առաջին պահից սկսած ամեն ինչ շատ լավ էր: Այն փաստը, որ այսուհետև քո մտքերը լինելու են ոչ միայն քեզ համար, այլ բոլոր ընթերցել սիրողների, և այն, որ տարբերվելու ես մյուսներից, արդեն իսկ տպավորիչ էր:

Հետո հաճախեցինք քառօրյա դասընթացներին և որոշեցինք դառնալ պատանի թղթակիցների ցանցի անդամ:

Այդ ժամանակ դեռ չգիտեի, որ իրականում կայացնում եմ կյանքիս ամենակարևոր որոշումներից մեկը, որը հետո է իր պտուղները տալու:

Եվ այդպես սկսեցի պարբերաբար նյութեր հրապարակել: Ընկերներս ասում էին, որ լավ է ստացվում գրելը, ինչից էլ ոգեշնչվում էի:

Անցավ ժամանակ: Եկավ հաջորդ ու կրկին ինձ համար շատ կարևոր մի փորձություն: Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը յուրաքանչյուր մարզից պետք է ընտրեր երեք թղթակցի մարզում նորությունները լուսաբանելու համար:

Իրականում մտքիս ծայրով էլ չէր անցնում, որ երեք մասնակիցներից մեկը ես եմ լինելու: Սկսվեցին եռօրյա դասընթացները: Պարբերաբար մեկնում էինք Գյումրի վերապատրաստումների, և իրար հետևից սկսեցին լույս տեսնել իմ հոդվածները` արդեն «Ասպարեզ» շաբաթաթերթում:

Ու կարծես քայլերս կամաց-կամաց գնում էին դեպի լրագրություն: Երբեք չէի մտածի, որ այս մասնագիտությունն եմ ընտրելու: Բայց շատ ուրախ եմ այդ որոշմանս համար: Եվ արդեն կարող եմ հպարտությամբ ասել, որ ընդունվել եմ Երևանի պետական համալսարանի լրագրության բաժին:

Կյանքի մի նոր ուղի և ճանապարհ կա առջևում: Նոր հաջողություններ և փորձություններ: Արդեն նյութերս լինելու են համալսարանից, այլ ոչ դպրոցից: Կարծում եմ` ակնառու փոփոխություն է: