maya harutyunyan

Սևան մեդիա ճամբար. Դե՛, Սևա՛ն, սպասիր…

Նստած նկարչություն էի անում, ու հանկարծ Սոնիկ տատի հեռախոսին զանգ եկավ: Սոնիկ տատը իմ տատիկի քույրն է, բայց նրան սիրում եմ հարազատ տատիկիս նման: Նա էլ է մեր գյուղում` Կոթիում ապրում: Այդ օրը ես նրա մոտ էի մնալու: Մի խոսքով, շատ չշեղվեմ ու անցնեմ բուն թեմային: Հա՜, ու հանկարծ հեռախոսին զանգ է գալիս: Քույրս էր` Սերինեն: Հարցնում է, թե ինչո՞ւ հեռախոսս հետս չեմ վերցրել, հետո հարցնում է թուղթ ու գրիչ տարե՞լ եմ, թե՞ ոչ: Այդ ամենը ինձ տարօրինակ էր թվում: Մի պահ նույնիսկ ինձ թվաց, թե քույրս գժվել է: Հետո ասաց, որ ինձ լավ լուր ունի հայտնելու: Ուրախ-ուրախ հարցրեցի, թե ինչ է պատահել: Սկսեց տանջել, անընդհատ ձգձգում էր: Այնպես, ինչպես ֆիլմ նայելու ժամանակ ամենահետաքրքիր պահը ցույց տալիս, կամ, մրցույթների ժամանակ հաղթողի անունը հայտարարելիս: Ու հետո երկար ժամանակ ձգձգում էր, մինչև ես բարկացա ու նրա վրա գոռացի: Այդ պահին իմ կողքին էին Սոնիկ տատը և նրա ընկերուհին: Ի տխրություն ինձ, նրանք պաշտպանում էին քրոջս ու ասում: 

-Բա մեծ քվոր հետ դհե՞ են խոսըմ, աղջի:
Իսկ ինձ լրիվ ուրիշ բան էր թվում, մտածում էի, որ կտեսնեն` շատ եմ բարկանում ու կհարցնեն. «Էդ խի՞ ես ջղայնանըմ, աղջիկ ջեն»: Ու այսպես կսկսեն ինձ պաշտպանել, բայց փաստորեն լրիվ հակառակն էր:

Քույրս վերջապես ասում էր, թե որն է այդ լավ լուրը, բայց ձայնը չէր լսվում: Երկրորդ անգամ հարցրեցի նրան, ու այս անգամ ամեն ինչ լավ էր: Եվ այսպես, բազում տանջանքների ենթարկելուց հետո վերջապես իմացա:

-Այզիզ, մի քիչ առաջ Լիլիթն էր զանգել «Մանանայից», ասում էր, որ քեզ ընտրել են Պատանի թղթակիցների աշնանային ճամբարին մասնակցելու համար: Հա, ու ամենակարևոր գործն արել եմ, պապային համոզել եմ:

Պապային համոզել ենք, վե՜րջ… Դե՛, Սևա՛ն, սպասիր…