anahit israyelyan

Դեղին ոսկին սև օրվա համար է

Ապրիլի  տասներկուսն էր, դասերս էի սովորում, շտապում էի. կես ժամից պարապմունքի էի: Հեռախոսիս զանգ եկավ, Կենտրոնական բանկից էին զանգահարում: Սկզբում չհասկացա` ի՞նչ գործ կարող եմ ես ունենալ բանկերի հետ, իսկ երբ ասացին, որ «Իմ ֆինանսների ամիս 2016» միջոցառման շրջանակում անցկացվող պատմվածքի մրցույթում հատուկ մրցանակի եմ արժանացել ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից, արդեն յոթերորդ երկնքում էի: Ուրախությունից էլ չէի լսում, թե ինչ են ասում ինձ: Ի դեպ, ասեմ, որ արդեն երրորդ տարին է` Կենտրոնական բանկը ապրիլ ամիսը հայտարարում է ֆինանսների ամիս, և այդ ամսվա ընթացքում այլ միջոցառումների հետ մեկտեղ անցկացվում է նաև պատմվածքի մրցույթ: Այս տարի էլ «Իմ ֆինանսական պատմությունը» թեմայով պատմվածքի մրցույթում հատուկ մրցանակի արժանացա: Ահա և իմ պատմությունը.               

Դեղին ոսկին սև օրվա համար է

Աշոտն ու Վահեն մանկության ընկերներ են: Նույն գյուղից են, սովորել են նույն դասարանում: Երկուսն էլ գերազանց առաջադիմությամբ են սովորել, ու չնայած մոտ ընկերներ էին, մշտապես մրցակցության մեջ էին ուսման բնագավառում: Երկուսն էլ սիրում էին կարդալ, ֆուտբոլի մեծ երկրպագուներ էին, բայց բազում նմանություններով հանդերձ, ունեին մի մեծ տարբերություն, որն ազդեց իրենց հետագա ամբողջ կյանքի վրա: Ներկայացնեմ նրանց պատմություններն առանձին-առանձին:

Աշոտ

Աշոտի ընտանիքը մեծ չէր. ինքն էր, ծնողները և քույրը: Հայրը փոքր խանութ ուներ (որը, ի դեպ, գյուղի միակ խանութն էր) և այդ խանութից ստացվող եկամուտով էլ պահում էր ընտանիքը, դե չհաշված այն աշխատանքները, որ անում է յուրաքանչյուր գյուղացի` հողագործություն, անասնապահություն… Սիրում էր գրքեր գնել, իսկ երեխաները մեծ հափշտակությամբ կարդում էին հոր գնած յուրաքանչյուր նոր գիրքը: Աշոտի հայրը այն համոզմանն էր, որ իր երեխաները պետք է ոչ մեկից պակաս չլինեն, և օրնիբուն աշխատում էր նրանց բոլոր պահանջները բավարարելու համար:

Այդ տարի Աշոտը սովորում էր վերջին դասարանում: Բոլոր գնահատականները գերազանց էին, մասնակցել էր բազում մրցույթների, պատվավոր տեղեր զբաղեցրել, որոշները` հաղթել: Դպրոցում բոլորը նրան սիրում էին, հավատում էին նրա ուժերին, և ինքն էլ համոզված էր, որ կընդունվի իր նախընտրած բաժինը, իսկ ծնողները ամեն ինչով կօժանդակեն իր ուսմանը:

Այո, նա քննությունները լավ հանձնեց և ընդունվեց համալսարան: Քույրը երրորդ կուրսում էր սովորում, ինքը` առաջին: Քույրը մինչ այդ ընկերուհիներից մեկի տանն էր ապրում, որը Երևանից էր, իսկ հիմա, երբ եղբայրն էլ քաղաք եկավ, ծնողները արդեն ստիպված էին տուն վարձել: Դրան գումարվում էին կոմունալ վճարումները, ուսման վարձերը ու բազում այլ առօրյա ծախսեր: Աշոտի հայրը որքան էլ աշխատում էր, չէր կարողանում այս բոլոր ծախսերը հոգալ: Հորը օգնելու համար Աշոտը սկսեց աշխատանք փնտրել: Ընդունվեց աշխատանքի որպես առաքիչ: Աշխատավարձը բարձր չէր, բայց, ինչևէ, ամբողջ տարին աշխատելով կկարողանար գոնե ուսման վարձը վճարել:

Այսպես անցավ մի շաբաթ, երկու շաբաթ… Նախկինում դասերին միշտ պատրաստ Աշոտը մնացել էր անցյալում: Հաճախ դասի չէր գնում, իսկ գնացած ժամանակ այնքան հոգնած էր լինում, որ հազիվ էր դասը մինչև վերջ լսում: Մոտեցան քննությունները: Արդյունքը անսպասելի էր. Աշոտը հազիվ դրական գնահատականներ ստացավ, իսկ մի քանի ամիս անց դուրս մնաց համալսարանից:

Վահե

Վահեենց ընտանիքում երեխաները շատ են, ի տարբերություն Աշոտենց ընտանիքի: Վահեն ունի մի եղբայր և երկու քույր: Ծնողները շատ էին աշխատում, բայց չէին կարողանում հոգալ մեծացող երեխաների անընդհատ աճող պահանջները: Երևի հենց սա է պատճառը (գուցե նաև Վահեի հոր ընտրած դաստիարակության եղանակը), որ դեռ փոքր հասակից Վահեն սովորել էր գանձանակ պահել, իր ծախսերը պլանավորել ու նաև աշխատել: Ապրելով անտառին մոտ գյուղում` նրանք առատորեն օգտվում էին բնության բարիքներից: Գարնանը և ամռանը անտառից հատապտուղներ, վայրի մրգեր էին հավաքում, վաճառում, իսկ ստացված գումարը համալրում էր երեխաների «պահուստային բյուջեն»: Վահեն նույնիսկ մի տետր ուներ, որի մեջ գրում էր այն բոլոր ծախսերը, որ կատարվում էին իր սեփական  բյուջեից: Տարվա վերջում ամփոփում էր ծախսերը, եկամուտները, իսկ մի որոշ գումար էլ պահում էր, ինչպես ինքն էր ասում, «հետոյի համար»:

Վահեն նույնպես դպրոցում լավ էր սովորում, սիրում էր կարդալ, բայց ցավոք այդքան ժամանակ չէր ունենում, որ իր բոլոր նախընտրած գրքերը կարդա: Ինչևէ, նա ևս քննություններից բարձր միավորներ հավաքեց և ընդունվեց: Հայրը կարողանում էր հոգալ բոլոր ծախսերը, բայց երբ հերթը հասնում էր բուհում սովորող երեք երեխաների ուսման վարձերին, խնդիրը բարդանում էր: Եվ հենց այդ ժամանակ էին օգնության հասնում երեխաների «հետոյի համար» հավաքած գումարները:

Չեմ կարող ասել, թե երեխաներից որի հայրն էր ճիշտ վարվում, Աշոտի՞նը, որ փորձում էր ամեն ինչով ապահովել երեխաներին և նրանց չծանրաբեռնել աշխատանքով, թե՞ Վահեինը, որ փոքր հասակից սովորեցնում էր աշխատել, ոչինչ որ նրանք մի քանի գեղարվեստական գիրք պակաս կարդան: Կյանքում երեխաների համար ծնողները նման են հովանոցի, որ պաշտպանում է նրանց կյանքի փորձություններից, բայց այդ հովանոցը պետք է ժամանակ առ ժամանակ փակվի, որպեսզի երեխաները սովորեն իրենք իրենց պաշտպանել ու հանկարծակիի չգան կյանքի դժվարություններին միանգամից առերեսվելիս:

Մեր պատմության երկու հերոսի հայրերն էլ աշխատում էին իրենց երեխաների լավ ապագայի համար, բայց նրանց մոտեցումներն էին տարբեր, և արդյունքը եղավ այն, որ Աշոտը դուրս մնաց համալսարանից,  իսկ Վահեն, մանկուց սովորելով պլանավորել իր ծախսերը, կարողացավ օգնել ծնողներին ու ավարտել ուսումը: Չեմ քննադատում ոչ մեկին, և իրավունք էլ չունեմ, պարզապես պետք է հիշենք, որ ոչ մեկս չենք կարող ասել, թե վաղը ինչ կլինի, ու խնայողություններ միշտ էլ պետք է ունենալ: Ինչպես ժողովուրդն է ասում` «Դեղին ոսկին սև օրվա համար է»: