heghine grigoryan

Դեպի նախընտրական շտաբ

Քայլում ես անտառով: Ներդաշնակ լռություն է տիրում: Ոչ թե անթերի, կատարյալ լռություն, այլ սովորական անտառային մի լռություն` զուրկ մարդկային ձայներից: Տերևների մեղմ սոսափն ու միջատների բզզոցը նույնպես այդ լռության մի մասն են: Եվ այդ լռությունը, անկախ քո կամքից, հոգիդ քնքշությամբ է լցնում:

Քայլում ես անտառով և սաղարթների արանքից արևի շողերը դեմքդ են շոյում և պարուրում քեզ հաճելի ջերմությամբ: Եվ թվում է, թե երկար քայլելուց հետո կգտնես հոգուդ ներդաշնակությունն ու կհասնես կատարելության: Միգուցե հենց այդ ժամանակ էլ ցանկություն առաջանա թռչել: Թռչել ազատ ու անկաշկանդ, ճեղքել անսահման երկնքի կապույտն ու հասնել եզրին՝ աշխարհի եզրին: Այնտեղ ամեն ինչ հոգեպարար կլինի, պարզ ու ներդաշնակ, առանց անարդարության, առանց գորշ ու բթացած մարդկային երևույթների և առանց ընտրությունների…

Բայց իրականությունը մի փոքր այլ է․․․

Քայլում ես անտառով և տերևի փոխարեն գետնին է ընկնում պատգամավորի լուսանկար: Լռությունն այլ է: Ականջիդ է հասնում ոչ թե տերևի սոսափ ու միջատի բզզոց, այլ սղոցի «սոսափ» ու մարդկային տաղտկալի բզզոցներ: Թող ծիծաղելի չթվա, բայց այդ բզզոցները հավանաբար կոչ են անում քվեարկել իրենց օգտին: Ահա և ողջ իրականությունը:

Քայլում ես անտառով: Բայց արդարությամբ, սիրով և վերջապես անտառային սովորական լռությամբ պարուրված լինելու փոխարեն ողողված ես նախընտրական բազմաթիվ խոստումներով և «ներդաշնակ» մթնոլորտով: Միգուցե այդ ժամանակ քեզ թվա, թե հասար աշխարհի եզրին, բայց ոչ: Իրականում դու հասել ես ընդամենը նախընտրական շտաբ…

Քայլում ես անտառով…