Դեպի Սրվեղ

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

-Ալո, Նարեկ ջան, ո՞նց ես, Անին ա:

-Հա, Անի ջան, լսում եմ:

-Վաղը արշավի ենք, կգա՞ս:

-Հա՞: Ինչ լավ ա, իսկ որտե՞ղ ենք գնալու: (Այդ պահին հիշեցի որ վաղը դասի եմ, և քանի որ կիսամյակ էր փակվում, դժվար ինձ շուտ թողեին դասից):

-Դե, որոշել ենք Սրվեղ գնալ (Այգեհովիտ համայնքի եկեղեցին է):

-Շատ լավ ա, չենք գնացել դեռ այնտեղ, կփորձեմ անպայման գալ, Անի ջան:

Այդ օրը դպրոց գնալիս ես անընդհատ մտածում էի, թե ինչ պատճառաբանեմ, որպեսզի ինձ դասերից շուտ թողեն: Վերջում եկա նրան, որ ճիշտ կլինի ասել ճիշտը, և ես այդպես էլ արեցի: Ես մոտեցա ուսուցչանոցի դռանը, խորը շունչ քաշեցի և թակեցի դուռը, դուրս եկավ իմ դասղեկը:

-Ընկեր Գուլակյան, կարո՞ղ եմ այսօր շուտ գնալ, արշավի պիտի գնամ:

-Հա, իհարկե, Նարեկ ջան, գնա:

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

Լուսանկարը՝ Նարեկ Դավթյանի

Ճիշտն ասած, մի քիչ զարմացա իր պատասխանից, որովհետև այս ժամանակաշրջանում շատ քչերին են թողնում, քանի որ կիսամյակի վերջն էր: Ես արագ վերցրեցի պայուսակս և գնացի Իջևանի շատրվանների հրապարակ (այնտեղ պիտի հավաքվեինք): Մոտենալով հրապարակին, ես նկատեցի իմ ընկերներին: Բոլորին ճանաչում էի: Ավաղ, նոր դեմքեր ես այնտեղ չտեսա: Իրոք, ցավալի է, երբ հասկանում ես, որ այդքան քիչ մարդկանց է հետաքրքրում մեր մշակույթը: Ինչևէ, նստեցինք այն ավտոբուս, որը մեզ պիտի տաներ Այգեհովիտ համայնք և հետ բերեր: Մեզ իջեցրին կանգառում, այնտեղից մինչ եկեղեցի պիտի ոտքով գնայինք:

Ճանապարհը շատ դժվար էր, եկեղեցին կառուցվել է բլուրի վրա, Հայաստանի այն հազվագյուտ եկեղեցիներից է, որ կառուցված է աղյուսից: Մինչև տեղ հասնելը մենք հասցրինք հոգնել, բայց երբ եկեղեցին տեսանք, բոլորս մոռացանք հոգնածության մասին և մոտեցանք եկեղեցուն: Կիսաքանդ էր, բայց չէր կորցրել իր շքեղությունը: Նայելով եկեղեցուն, մտովի պատկերացնում ես, թե ինչպես է կառուցվել այս եկեղեցին այսքան հեռու և դժվարանցանելի վայրում: Այդ պահին պատկերացնում ես քո ազգի հզորությունը, հավատն առ Աստված, և համոզվում ես, որ նման ազգը որ դարեր շարունակ մաքառել է, բայց և կերտել նման հոյակերտ տաճարներ, իրավունք չունի պարտվելու: