satenik

Դե, առաջ ուրիշ էր, էլի

Մենք հաճախ ենք լսում. «Դե, առաջ ուրիշ էր, էլի» արտահայտությունը: Բայց շատ-շատերս ուշադրություն չենք դարձնում կամ էլ վերաբերվում ենք հումորով, սակայն այս և այլ արտահայտությունների ետևում թաքնված է մի պարզ ճշմարտություն, որ առաջ կյանքը եղել է անհոգ, երջանիկ և ապահով: Դե հա՛,  բոլորս էլ կմտածենք՝ ի՞նչն է վատ: Հետևում ենք նորաձևությանը, ձեռք ենք բերում թանկարժեք հեռախոսներ, բայց այս ամենն ուղղակի պատրանք է, որը մեր կյանքը ավելի է հեշտացնում և տանում, այսպես ասած, նստակյաց կյանքի: Այս ամենը կարդալով՝ ձեր մեջ հարց է առաջանում, թե արդյոք ինչո՞վ են տարբերվում 70-90-ական թվականներն այժմյան ժամանակաշրջանից: Այս բոլոր հարցերի պատասխանը տվեց մայրս:

-Մա՛մ, որ էդքան ասում ես` «Առաջ ուրիշ էր», ի՞նչն էր ուրիշ:
-Դե, մեր ձգտումները, նպատակները, հետաքրքրությունները տարբերվում էին:
-Օրինակ, էդ ի՞նչ ձգտումներ են, որ տարբերվում են:
-Մենք ձգտում էինք սովորե՜լ, սովորե՜լ, սովորե՜լ՝ ինչպես բոլորը: Այս և այն ժամանակաշրջաններում տարբերությունն այն է, որ այն ժամանակ հեշտ ու հանգիստ էինք գտնում գրքեր ու նման այլ բաներ, քանի որ ուսումը, գրքերը անվճար էին, և յուրաքանչյուրի պարտքն էր միմիայն սովորել, իսկ հիմա ուսման համար առաջանում են շատ ու շատ խնդիրներ՝ կապված նյութերի, գրքերի, անվճար ուսումնական հաստատությունների հետ:
-Բա հետաքրքրություննե՞րը:
-Այն ժամանակ հետաքրքրությունները ամբողջովին ուրիշ էին: Մենք զբաղվում էինք ասեղնագործությամբ, շյուղագործությամբ, կազմակերպում էինք մրցույթներ՝ «Ամենագեղեցիկ ասեղնագործությունը» և այլն: Աղջիկների համար շատ հետաքրքրիր էին անցնում տեխնոլոգիայի դասերը: Դրանք վերջում վերածվում էինք հավաքույթների: Մենք կիսվում էինք տարբեր կենցաղային և խոհանոցային նորամուծություններով: Կազմակերպում էինք ինտելեկտուալ խաղեր զուգահեռ դասարանների միջև, այժմյան «Ամենախելացին» խաղի պես: Ավագները ուսուցիչների օգնությամբ կազմում էին հարցաշար: Այնուհետև դասարանները սկսում էին պատրաստվել խաղին: Եվ հաղթող դասարանի համար դա մի այլ ուրախություն էր, քանի որ ուսուցիչները սկսում էին ավելի լավ զգալ, քանի որ դա նրանց պարծանքն էր դառնում:
-Հա՛, լավ կլիներ մենք էլ նման խաղեր կազմակերպեինք: Բայց դե, մեր խաղերն էլ են լավը՝ 21 ենք խաղում, պոկեր ենք խաղում: Ի՞նչն է վատ,- ցանկանալով գովել մեր երիտասարդությանը՝ մեջ մտա ես:
-Լավ ա,  բայց ի տարբերություն ձեզ, մենք դասերից հետո իջնում էինք դպրոցի բակ՝ անկախ տարիքից և սեռից, և կազմակերպում էինք խաղեր ամեն ինչով՝ «ռեզինով», պարանով, գնդակով, օղակով, և հաստատ ավելի լավ էր անցնում քան հիմա, երբ այդ ամենը վերածվել է վիրտուալ իրականության:
-Այ օրինակ, որ  ասում ես` դասատուների հանդեպ հարգանք չկա, բա ձեր ժամանակ ո՞նց էր:
-Ավելի փոքր տարիքում ուսուցիչները մեզ համար առեղծվածներ էին: Մենք մտածում էինք. «Տեսնես իրենք հաց ուտո՞ւմ են…» կամ «Իրենք քնո՞ւմ են»: Իսկ հիմա … Հիմա աշակերտի և ուսուցչի միջև ջերմ և ընկերական մթնոլորտ է: Երբ իրենք միջանցքում էին, մենք դասարանից դուրս չէինք գալիս, մենք ամաչում էինք բարև տալ, բայց հիմա երեխաների ուշադրությունը  գրավում է ամեն մի փոփոխություն ուսուցչի մեջ, թե ով մազերը ներկեց, ով կտրեց, ով ամուսնացավ և այլն:

Ես ստացա իմ հարցերի պատասխանը և երևի դուք էլ, գուցե ոչ ամբողջովին: Գուցե իմ մայրիկի հասակակիցները մի քիչ տարբերվում էին ձեր մայրիկների և հայրիկների հասակակիցներից: Չգիտեմ, բայց շատ կուզեի իմանալ, երևի դուք էլ:

Ի՞նչ եք կարծում. Արժե՞ այս մասին բանավեճ սկսել:

Ամեն դեպքում միշտ էլ կարելի է հիշել հին ու բարի ժամանակները՝ չմոռանալով ներկայի և ապագայի մասին: