shushan stepanyan portret

Դե մի քիչ անբախտ, բախտավոր ու խառը

Բա՜րև, երկար ժամանակ է՝ չեմ գրում ու կարոտել էի…

Կարոտել էի այս դատարկ, սպիտակ էկրանը, որ լցնում էի իմ ապրումներով ու պատմություններով ու քո դատին հանձնում: Երկար ժամանակ է, ինչ չեմ գրում, ու շատ բան է փոխվել: Նյութս եկեք ընդունենք որպես դեռևս ձեզ չպատմված օրերի մեկնաբանություն:

Արդեն աշխատում եմ ու հազիվ էի դասերիս հետ համատեղում աշխատանքս, տրանսպորտի մեջ քնելն ամենահարմարավետն էր ինձ համար դարձել: Գրեթե բոլորդ էլ գիտեք, թե ես ինչքան էի վախենում շներից: Գուցե աշխարհում մի մոլորակ շեղվի իր ուղեծրից, որ ասեմ, բայց այլևս շներից չեմ վախենում:

Ինձ միշտ հետաքրքիր է եղել, թե ով է մեր ճակատագիրը որոշում, ով է մեր ապրելիք ուղին գծմծում: Իմ ուղին գծողն անչափ ստեղծագործ մեկն է, որին հաջողվել է ինձ ինչ-որ փորձությունների, վախերի ու սթրեսների ենթարկել ու ինչ-որ հարցի շուրջ ինձ տանել այլ մոտեցման: Տեղը, որտեղ պիտի աշխատեի, մի քիչ ամայի էր, ու մոտակայքում մեծ շներ կային: Ընդամենը երևի մի հիսուն քայլ էր կանգառից մինչև աշխատանքի տեղ հասնելը, ու ամեն քայլին մի հսկա, մեծ շուն էր նստած: Սկզբի մի քանի օրերին պարտադիր լաց, դող, սարսուռ, ու անպայման ինչ-որ մեկը ինձ պիտի դիմավորեր, իսկ հետո արդեն կամաց-կամաց հարմարվեցի, էլ մամային չէի զանգում, աչքերս փակում էի ու անցնում: Կյանքում երբեք չէի պատկերացնի, որ կգա մի օր ու մեն-մենակ, անվախորեն կանցնեմ էնպիսի շների կողքով, որոնց փողոցում տեսնելիս մյուս մայթ էի անցնում, վազում, լացում:

Մի բան, որն էլի ինձ զարմացրեց, քննությունների ժամանակ էր: Լեզվաբանության քննության էի, գործից տուն էի եկել ժամը իննին ու մյուս օրվա համար բացարձակ բան չէի արել: Մի ամբողջ գիշեր ու մինչև լույս բառիս բուն իմաստով պարապել էի ու առանց քնելու՝ գնացել քննության: Դասախոսս խիստ էր, ու իրար օգնելու ոչ մի տարբերակ չկար: Նստեցի, իմ բառերով սիրուն գրեցի ու վստահ էի՝ հարյուր եմ ստանալու: Թարսի պես հենց այդ օրը դասախոսս, գնահատելով ցույցերին մեր ակտիվ մասնակցությունը, ըմբռնում էր մեր՝ իրար օգնելու փաստը, ու շատերը գերազանց արտագրեցին նյութը: Իմացա, որ ես ութսունհինգ եմ ստացել, քանի որ տեսական շատ բան էի բաց թողել, իսկ շատերը, դասերին անգամ բացարձակ ակտիվություն չցուցաբերելով, ստացել էին հարյուր: Առհասարակ, ես արտագրել չեմ կարողանում դեռևս դպրոցից, եթե ուզեի մի բան արտագրել, միանգամից էլ ավելի էի կարմրում, սկսում էի ծիծաղել ու այնքան աղմկալի էի թերթում տետրի էջերը, որ բռնվում էի: Որոշեցի հաջորդ քննությանս նույն առարկան չսովորել առանձնապես լավ ու շատ ընտիր ռակուրսից նկարեցի բոլոր լեկցիաները: Ամբողջ մի օր շոկի մեջ էի. կյանքիս մեջ առաջին անգամ սկզբից մինչև վերջ արտագրել եմ ու այն էլ՝ գերազանց: Եվ, իհարկե, ստացել հարյուր: Անարդար է, չէ՞:

Մեկ այլ քննությունից առաջ ծավալուն նյութ ունեի սովորելու, ու ընդամենը երկու թեմա էր, որ հեշտ էր: Դրանք պահել էի ամենավերջում, ու վստահ էի, որ ինձ չեն ընկնելու այդ թեմաները, քանի որ միշտ, անկեղծ եմ ասում, ինձ ամենաբարդ թեմաներն են ընկնում պատմելու: Որոշել էի արդեն, որ ես բախտ չունեմ ու մտածեցի. «Դե, մեկ ա՝ ես անբախտ եմ, էս հեշտերը հնարավոր չի՝ ինձ ընկնեն, չեմ սովորում էս երկուսը, էնքան որ կարդում եմ, վերջ»: Տոմսս քաշեցի, ու հենց այդ երկու թեմաներն էին: Բա որ ասում եմ՝ անբախտ եմ: Անարդար եմ, չէ՞:

Լավ, անցնենք քննություններից. հազիվ եմ վերջացրել: Ասեմ, որ կփորձեմ ավելի հաճախ գրել, ու մտքերս ներսումս մոռացության տալու փոխարեն՝ կկիսեմ բոլոր ընթերցողների հետ:

Վերջերս ինձ հետ շատ անհաջողություններ են լինում, ու ինձ թվում էր, որ ինչ-որ մեկը իմ «տխուր ու անհաջողակ» կյանքի սցենարը ինչ-որ ֆիլմից է վերցրել ու նորից է նորը նկարում՝ գլխավոր դերն ինձ տալով: Որոշ ժամանակ անց հասկացա, որ բոլորի հետ էլ լինում են անհաջողակ օրեր, չստացված պահեր, միայն իմ կյանքը չէ:

Արդեն քսանմեկ եմ, ու ինձ թվում է, որ դեռ տասնյոթ տարեկան եմ, ու մաղթանքներիս գերակշիռ տողերում ընկերներս ու հարազատներս ինձ խնդրել են մեծանալ՝ ոչ միայն թվով: Այստեղ մի բան կասեմ բոլորին՝ լինել մանկական ու միշտ բոլորին հավատալ, բոլորի մեջ մաքուրը տեսնել, կարծում եմ, որ այդքան էլ վատ բան չէ: Ու մի բան էլ. ի՞նչ  է, բոլորդ քսան-քսանմեկ տարեկանում արդեն տատիկ-պապիկ էի՞ք, որ զարմանում եք, ինչու ես քսանմեկում դեռ երեխա եմ, դեռ նույնն եմ: Հասկացեք, էլի, մարդու տեսակ է, մնալ այնպիսին, ինչպիսին ինքը կա ու չխաղալ արդեն մեծի դեր: Լուրջ հարցերում, կարևորագույն պահերին, փառք Աստծո, ճիշտ որոշումներ եմ կայացնում ու ամենևին չեմ նեղվում լինել այնպիսին, ինչպիսին որ կամ: Իսկ ինձ ընկալել-չընկալելն արդեն թողնում եմ ձեզ:

Կներեք, որ նման խուճուճ-մուճուճ, խառը նյութ ստացվեց: Կարևորը՝ նորից գրում եմ:

Բոլորիդ մաղթում եմ հագեցած հանգիստ և ուզում եմ հիշեցնել մեծ փիլիսոփա Շուշան Ստեփանյանի խոսքերը՝ կյանքը հրաշք պարգև է, ու պատահող ամեն ձախորդություն, անհաջողություն ոչ այլ ինչ է, քան դեպի լուսավորը տանող օգնություն:

Սպասեք հետաքրքիր նյութերի: