Դե վերջացիր, իմ ձախորդ օր

Լուսանկարը՝ Լաուրա Հովսեփյանի

Լուսանկարը՝ Լաուրա Հովսեփյանի

Վատ օրերիցս միայն այս մեկն եմ պարզ հիշում: Գարնանային արևոտ օր էր: Ինչքան հիշում եմ 5-րդ դասարանում էի սովորում: Առավոտյան արթնացա և զգացի, որ վիզս բռնվել էր: Երևի մնացած անախորժություններիս մեծ մասը կապված էին այն իրողության հետ, որ գլուխս ոչ մի կերպ չէի կարողանում շարժել: Ճանապարհին պայուսակիս բռնակներից  մեկը պոկվեց: Եվ այդպես  պայուսակս գրկած մտա դպրոց: Ուշացել էի և այն էլ 10 րոպեով: Թակեցի դուռը և մտա դասարան: Ուսուցիչս ասաց, որ  արդեն բացակա է դրել: Ստիպված եղա սպասել միջանցքում մինչև դասաժամի ավարտը: Չմասնակցեցի ֆիզկուլտուրայի ժամին, ինչի պատճառով ստացա լուրջ զգուշացում և բացակա: Հասա տուն: Չէի կարողանում դասերս սովորել: Դե, ի վերջո մի կերպ սովորեցի դասերս: Գնացի դուրս ու տեսա, որ պապս խաղողի վազերն է մշակում: Փորձեցի օգնել: Դարձյալ ցավի պատճառով չկարողացա կատարել պապիս ասածները և նախատվելով պապիս կողմից, գնացի ընկերներիս հետ խաղալու: Նորից իրենն ասաց պարանոցս և դրա պատճառով ոտքս ոլորեցի: Ոտքս վիրակապեցին և ասացին, որ հանգիստ նստեմ ու չշարժվեմ: Տեսնելով, որ օրս անհաջող է անցնում, որոշեցի քնել, որ էլ ուրիշ պատմությունների մեջ չընկնեմ: Չնայած պետք էր առավոտից զգուշանալ, բայց ես ինչ իմանայի…