Դիմե՞լ բժիշկներին, թե՞ ոչ

Ժողովուրդը մի խոսք ունի.
-Մինչև դանակը ոսկորին չի հասնում` բժշկի չի դիմում:
Ցավոք այս է իրականությունը: Մարդիկ հիմա չեն գիտակցում, որ առողջությունը ամենակարևորն է, և ինչպես ասում են` առողջությունը թերևս ամեն ինչ չէ, բայց առանց առողջության ամեն ինչ ոչինչ է:
Իրականում, երբ հիվանդ ես, անհապաղ պետք է բժշկի դիմել և ոչ մի դեպքում չպիտի ինքնաբուժությամբ զբաղվել, որովհետև թեթև մրսածությունն անգամ հետագայում կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ: Իսկ սովորական գրիպով հիվանդը միշտ ասում է.
-Գրիպ է, էլի, կանցնի:
Վերջերս իմացա, որ ընկերներիցս մեկը հիվանդ է: Ամեն օր ջերմում էր, իսկ ամբողջ գիշեր քրտնում, բայց բժշկի չեր դիմում: Այս բոլորը առկա էր բավական երկար ժամանակ, և վերջիվերջո, որոշեց դիմել բժշկի: Շատ զարմացավ, երբ իմացավ, որ բրոնխների բորբոքում ունի: Ստացավ համապատասխան դեղորայքները և հիմա բուժվում է:
Կա մարդկանց այնպիսի տեսակ, որ վախենում է բժշկի դիմել, մտածելով, որ կարող են լուրջ խնդիրներ ի հայտ գալ: Սակայն եթե նրանք գիտակցեն, որ լուրջ հիվանդությունների շուտ հայտնաբերելու դեպքում բուժումը ավելի կարճ կտևի և կտա ավելի լավ արդյունք, կդիմեն բժշկի և չեն խաղա իրենց կյանքի հետ:
Բազմաթիվ հիվանդություններ կան, որոնք շուտ բացահայտվելու դեպքում բուժվում են ամբողջությամբ կամ մասնակիորեն, սակայն չեն թողնում, որ հետագայում չարորակ գոյացությունների պատճառ դառնան:
Առողջությունը ամենակարևորն է կյանքում, և մենք պետք է պահպանենք այն: Բայց միշտ չէ, որ հիվանդը մեղավոր է, որովհետև հիվանդությունները ձեռքբերովիից բացի ի ծնե տրվող էլ են լինում: Նրանց մի մասը սակայն չի բուժվում և մնում է հիվանդի հետ մինչև կյանքի վերջ:
Միշտ չէ, որ ամեն շուտ հայտնաբերվող հիվանդություն բուժվում է: Հիվանդությունների այդ տեսակն էլ անվանում են անբուժելի:
Անբուժելի հիվանդությունով տառապողների համար հատուկ ռեժիմ է սահմանվում` պետք է հատուկ սնունդ օգտագործեն և կատարեն բժշկի բոլոր ցուցումները: Այ օրինակ, շաքարախտով տառապող հիվանդներին խաղող և այլ քաղցր կերակուրներ ուտելը հակացուցված է, նրանք պետք է օգտվեն առողջ սննդից, և որքան հնարավոր է շատ քայլեն:
Որոշ երկրներում տվյալ երկրի քաղաքացիները հատուկ սահմանված կարգով դիմում են բժշկի` հետագա խնդիրներից խուսափելու համար:
Հայաստանում վերջին տարիներս այդ կարգը սահմանված է գրեթե բոլոր պետական հաստատությունների աշխատողների համար: Նրանք, ովքեր աշխատում են, ունեն բժշկական ապահովագրություն և ստուգվում են տարին մեկ անգամ: Պարտադիր ստուգվում են նաև զորակոչիկները:
Սակայն ցավոք պիտի նշեմ, որ մյուս քաղաքացիները չունեն այդ հնարավորությունը, և հաճախ գումար չլինելու պատճառով իսկապես դիմում են բժշկի, երբ արդեն դանակը ոսկորին է հասնում:
Ահա այս պատճառով է մահացությունների թիվը այսքան շատ:
Ժողովրդի մյուս մասն էլ առողջությունից խոսելուց ասում է.
-Ինչ առողջություն կմնա, հիմա ամբողջը քիմիա է:
Թերևս սա էլ է ճիշտ: Բացի դրանից միջավայրը հիմա շատ է աղտոտվել, ինչն անդրադառնում է մեր առողջության վրա:
Մի խոսքով, պետք է պահպանենք մեր առողջությունը: Տեսականորեն բոլորս գիտենք, թե ինչպես, բայց գործնականում…