SvetlanaDavtyan

Դու ես քո կյանքի Ֆիցջերալդը

Մեր կյանքը նման է գրապահարանի: Այնտեղ առկա բոլոր գրքերը դասավորված են ըստ ժամանակի և դեպքերի հերթականության: Մեզ հետ կատարված ցանկած դեպք, իրադարձություն դառնում է պատմություն և լրացնում մեր կյանքի գրքի էջերը:

Գրադարանը ղեկավարել օգնում է մեզ Աստված: Իհարկե, մարդկային չար ձեռքը այստեղ էլ հաճախ է խառնում գրքերի ճիշտ հերթականությունը, հաճախ է լինում, երբ գիրքը դրվում է սխալ գրքերի կողքին, սխալ դարակում և հասնում այնպիսի մեկի ձեռքը, ով այն կարդալու իրավունք չուներ, բայց այդ խառնաշփոթը երկար չի շարունակվում, քանի որ գրադարանավարը ամեն ինչ նկատում է և յուրաքանչյուր գիրք վերադարձնում է իր տեղը:

Մեր կյանքում էլ հաճախ են լինում նման դեպքեր, երբ ամեն ինչ մեր շուրջը խառնվում է իրար, հայտնվում ենք անհասկանալի իրավիճակներում: Պահեր, երբ թվում է, թե բոլորը քեզ օտար են, չեն հասկանում, չկա մեկը, ով քեզ կհասկանա: Եվ դրանք հենց այն պահերն են, երբ մեր գիրքը սխալմամբ հայտնվել է սխալ ձեռքերում: Սակայն ամեն ինչ իր տեղն է ընկնում ժամանակի ընթացքում:

Գալիս է ժամանակ, երբ քո գիրքը չի բացվում ինչ-որ օտար մեկի կողմից, նա չի խառնում կամ պատռում էջերը, խառնաշփոթ չի սեղծում դիմացինի կյանքում, քանի որ արդեն սկսել է բացել իր սեփական գիրքը:

Որքան էլ գունազարդ, հետաքրքիր է դիմացինի գիրքը, պետք չէ կյանքի անվերադարձ ժամանակը ծախսել ուրիշի փոխարեն ապրելու վրա, որովհետև երբեք չես կարող հին էջերը լրացնել: