serine harutyunyan

Դու էլ հավատա

Սկսել եմ ատել ճանապարհները… Ես, որ ամեն ինչից շատ հենց ճանապարհներն էի սիրում, ինչ-որ տեղ գնալիս այդ ճանապարհներով հիանալն էի սիրում, այդ ճանապարհները չափչփելն էի սիրում, հիմա ուղղակի սկսել եմ ատել դրանք: Հաճախ այն, ինչին հանդիպում ես ճանապարհիդ, ստիպում է քեզ տխրել, մտածել, ու դու քիչ-քիչ սկսում ես ատել ճանապարհները: Որովհետև դու միշտ ճանապարհի նույն հատվածում տեսնում ես նույն բանը, նույն մարդուն: Դու միշտ նույն տեղում տեսնում ես մի մարդու, որ տուն է կառուցում, չես էլ հասցնում ուրախանալ, երբ այդ մարդու մասին ինչ-որ փաստ ստիպում է քեզ տխրել, իմանում ես, որ այդ նույն մարդու տղան տարիներ առաջ է վիրավորվել հայրենիքի սահմանները հսկելիս, ինձ ու քեզ պաշտպանելիս: Հետո իմանում ես, որ զինվորն արդեն քանի տարի է՝ կյանքի ու մահվան կռիվ է տալիս, որ դեռ ուշքի չի եկել: Ու դու ամեն անգամ տխրում ես. տխրում ես լսելով, պատկերացնելով այդ ամենը:

Դու սկսում ես ատել ճանապարհները, երբ ամեն շաբաթ, գրեթե ամեն օր, անցնում ես այդ նույն տան կողքով, դու մեքենայով ինչ-որ տեղ ես շտապում, աչքերդ էլ հեռուն ես հառում, պատուհանից դուրս նայում, երևի ինչ-որ լավ բան տեսնելու ակնկալիքով: Դու էլի կիսակառույց տունն ես տեսնում, էլի նույն մարդուն. մեքենայի մոտ կանգնած՝ ինչ-որ գործ է անում: Միայն այդքանը հասցրիր նկատել, անցար այդ հատվածը, բայց դու անցնելուց հետո էլ՝ էլի մտքով այդ մեքենայի կողքին ես, ուզում ես քեզ էլի նույն տեղը պատկերացնել, այդ մարդու կողքին էլ՝ իր տղային: Ու երևի հորն օգնելիս կլիներ, չէ՞, եթե արդեն ուշքի եկած լիներ: Բայց դու գնում ես, գլխումդ անընդհատ նույն մտքերն են, իսկ դու գնում ես:

Հասնում ես ուզածդ տեղը, դու ստիպված ես իջնել մեքենայից, բացել դարպասը, մտնել ներս ու քո գործով զբաղվել: Դու ուղղակի ստիպված ես անել դա: Բայց քո մտքում դեռ նույն անորոշությունն է: Լավ, դու մի կերպ կարողանում ես ինքդ քեզ հետ կռվելով՝ քեզ հեռու տանել ճանապարհի այդ հատվածից, բայց, ախր, դու ամեն օր պետք է անցնես այդ նույն տեղով, դու ամեն օր պետք է տեսնես այդ կիսակառույց տունը, ամեն օր ուղեղումդ վայրկենական նույն միտքը կծագի. «Արդեն քանի տարի է՝ տուն են կառուցում…»: Հետո դու էլի կհիշես, թե ինչու է տունն այդքան դանդաղ կառուցվում, կհիշես, կտխրես: Հա, ու էլի նույն տխուր մտքերը եկան ու գտան քեզ, հենց քեզ, որովհետև այդ մտքերը կարծես հենց քեզ համար պահված լինեն:

Դու էլի ուզածդ տեղն ես հասնում, ու էլի անում նույնը, ինչ նախորդ օրը: Գոնե մի ժամանակ դու հետդարձի ճանապարհին տունը չէիր տեսնում՝ մութ էր, իսկ հիմա օրերը երկարել են, դու ստիպված ես այն օրվա մեջ երկու անգամ տեսնել, երկու անգամ տխրել, երկու անգամ կռվել ինքդ քեզ հետ ու երկու անգամ հաղթել գլխումդ անընդհատ այս ու այն կողմ պտտվող այդ տխուր մտքերին:

Էլի մեքենայի մեջ ես, էլի պետք է նույն տեղով անցնես՝ նույն ճանապարհով: Դեռ հեռվից լվացքի պարանը երևում է. սպիտակեղեն է փռված: Էլի նույն մտքերը, նույն հարցերը… Ինքդ քեզ հարցնում ես՝ կարող էր, չէ՞, մի մարդու սպիտակեղեն ավելի կախված լինել, կարծես դու ես մեղավոր: Գուցե դո՞ւ էլ քո մեղքի բաժինն ունես… Երևի:
Ու դու ամեն անգամ անցնում ես այդ տան կողքով, դու ուրիշ ելք չունես, մեքենան օդով գնալ չի կարող: Դե, ինձ թվում է, ոչ էլ դու ես ի վիճակի թռչել. թևեր չունես: Եթե ունենայիր էլ, այսքանից հետո դժվար թե կոտրված չլինեին, կամ էլ՝ չէ…

Անկախ ամեն ինչից պետք է ուժեղ, շատ ուժեղ լինել: Դու էլի երկար կանցնես այդ տան կողքով, էլի երկար վարորդը կբարևի մեքենայի մոտ կանգնած մարդուն, բայց հավատա, մի օր այդ մարդու կողքին տղան էլ կանգնած կլինի, նա էլ ձեռքով կանի ու կպատասխանի բարևին… Սպիտակեղենը մի օր անպայման կավելանա, շորերի կազմն էլ հաստատ նույնը չի մնա: Տունն էլ, հա, տունն էլ մի օր մինչև վերջ կկառուցվի: Դու մի օր էլի կսկսես սիրել ճանապարհները՝ ինչպես առաջ ու կզղջաս դրանք ատելու համար: Դու արդեն կբացես դարպասն ու տուն կմտնես ժպիտը դեմքիդ, ոչ թե հին ու մռայլ մտքերով: Հետո կհիշես անցածն ու ինքդ քեզ կասես. «Ասում էի, չէ՞, ամեն ինչ լավ կլինի…»:

Հա, գիտեմ, մի օր հաստատ ամեն ինչ լավ է լինելու, ուղղակի հավատա ու սպասիր: Ասում են նա, ով սպասել գիտի, հետո ամենաերջանիկն է լինում: Դու մի օր ճանապարհի այդ հատվածն ամենից շատն ես սիրելու, ուղղակի հավատա դրան: Հավատա, ու հաստատ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի, իմ նման, դու էլ հավատա: