marine nikoghosyan

Դու կարող ես

Ինչո՞վ կզբաղվեիք դուք, եթե շատ փող ունենայիք և փողի մասին չմտածեիք: Ինչպիսի՞ն կլինեիք, եթե մարդիկ ձեզ ընդունեին այնպիսին, ինչպիսին դուք կաք ձեր մտքերում: Որտե՞ղ կլինեիք, եթե ընտրության հնարավորություն ունենայիք: Կաշխատեի՞ք նույն աշխատավայրում, կունենայի՞ք նույն կերպարը, կապրեի՞ք այնտեղ, որտեղ հիմա եք: Եվ ընդհանրապես. ի՞նչ կանեիք, եթե չվախենայիք: Ձեզ կհամարեի՞ք ազատ:

Ազատությունն այն չէ, երբ անում ես այն, ինչ ուզում ես, այլ այն, երբ չես անում այն, ինչ չես ուզում: Եվ ուրեմն, ազա՞տ ենք մենք, թե՞ ոչ: Անո՞ւմ ենք այն, ինչ ուզում ենք, թե՞ այն, ինչ ստիպված ենք անել հանուն կամ պատճառով ինչ-որ բանի, որոնց կենտրոնում իր արժեքը վաղուց կորցրած փողն է:

Ասում են՝ փողը երջանկություն չի բերում: Իսկ ինչո՞ւ է դրա բացակայությունը դարձնում մարդուն դժբախտ: Երբևէ մտածե՞լ եք:

Ասում են՝ ժամանակը փող է: Այդ դեպքում արդյո՞ք չափելի է հավերժության արժեքը: Ժամանակն ու փողը կամրջվում են իրար մի շարք ընդհանրություններով. երկուսն էլ կարելի է ծախսել անխելամիտ: Եվ հետաքրքիրը գիտե՞ք՝ որն է. որ երկուսի ավարտն էլ հանգեցնում է դժբախտության:

Ձգտեք փողի, հարստության, բայց մի խորտակվեք դրանց որոնումների անհուն ծովում: Այդ ամենի հետ մեկտեղ ապրեք, ապրեք կյանքը, որը մի անգամ է տրվում: Ժամանակը հավերժություն է, իսկ կյանքը՝ անցողիկ ակնթարթ: Բնության կողմից մեզ տրված է որոշակի ժամանակ և բազմաթիվ անելիքներ, որոնցով իմաստավորվում է մեր կյանքը:

Կյանքը թեթևացնելու լավագույն եղանակն այն չծանրացնելու մեջ է: Մենք կարող ենք թեթև ապրել և չխոնարհվել դժվարությունների առաջ: Մենք կարող ենք ձգտող լինել և հասնել մեր բաղձալի նպատակների իրագործմանը:

Միշտ հիշեք, որ եթե երեկվա օրը սխալմունք է եղել, ապա վաղն այն ուղղելու հնարավորություն է:

Մենք արդարություն ենք ուզում, թեպետ հաճախ չենք պայքարում դրա համար: Մենք կարող ենք գործել և ինքներս կերտել այդ երանելի արդարությունը:

Ձախողակներն ասում են՝ ուզում եմ, իսկ հաջողակները՝ կարող եմ: Կարողանալ նշանակում է հավատալ, որ դու կարող ես: Դու կարող ես լինել ազատ: Կարող ես սովորել թռչել: Լսո՞ւմ ես, դու կարող ես թռչել…