Դու շնչում ես, Կապան

Բարև, իմ կարոտած ընթերցող: Քեզ միշտ բաժին հասնող երկրորդ դեմքը այսօր ուզում եմ մեկ ուրիշին նվիրել: Վստահ եմ, որ դեմ չես լինի: Այսօրվա «քեզ»-ս, «դու»-ս ու «քոնը»-ս Կապանիս եմ ուզում հղել: Վերջին օրերին Կապանում անընդմեջ միջոցառումներ, փառատոններ ու համերգային երեկոներ են կազմակերպվում, ու դա էլի մեկ առիթ է՝ խոսելու այն ամենահարազատներից մեկի մասին, որ ունեմ…

Օգոստոսի 17-ին նշվում էր Կապանի օրը։ Սովորաբար քաղաքի օրը հոկտեմբերին ենք տոնել, բայց այս տարի լավ էր մտածված․ որպեսզի մայրաքաղաքում և «օտար ամայի ճամփեքում» սովորող ուսանողները ևս հնարավորություն ունենան մասնակցեու միջոցառմանը, քաղաքի օրը տոնվում էր օգոստոսին:

Կապանս երբեք այսքան կյանքով լի չէի տեսել: Մեկ շաբաթ քաղաքի բոլոր հատվածներում մարդիկ եռուզեռի մեջ էին: Սկսած երիտասարդական փառատոնից, որտեղ ես ևս կամավոր էի, մինչև քաղաքի օրվան նվիրված «Ռեինկարնացիայի» համերգը, կապանցիներս անընդհատ մի իվենթից մյուսին էինք վազում: Քաղաքի շնորհալիները իրենց արվեստը ներկայացնելու հնարավորությունն ունեցան մի քանի օր շարունակ Նժդեհի անվան կենտրոնական հրապարակում կազմակերպված ցուցահանդեսի շրջանակներում: Նույնպես ակտիվ էին ուսանողները, որոնք ամենամյա «Ուսանողական ամառ» ճամբարի շրջանակներում այցելում էին Արցախ, Ջերմուկ, մասնակցում ինտելեկտուալ, ժամանցային երեկոների, կինոդիտումների և այլն: Դե իսկ քաղաքի օրը ասեղ գցելու տեղ չկար: Աշխարհը Ղափանի բարբառ էր շնչում: Փողոցներում՝ քայլելու, նստարաններին՝ նստելու, ֆրեշում՝ հերթ կանգնելու տեղ անգամ չկար: Օրը հագեցած էր դեռ առավոտից:

Համայնքապետարանը «Լավագույն բակ» անվանակարգում մրցույթ էր հայտարարել, մեր բակն էլ էր պայքարողներից: Օրվա ամենասկզբից երեխաները՝ փուչիկներով զարդարում էին բակը, մաքրում, հավաքում ու ավելի կոկիկ տեսք հաղորդում: Կապանի օրվան նվիրված երկու նոր տեսահոլովակ է լույս տեսել: Ստեղծագործ մտքի պակաս մենք երբեք չենք ունեցել: Դե «Ռեինկարնացիան» էլ օրը լցրեց դրական ու երաժշտական էմոցիաներով:

Միջոցառումներն ավարտվեցին Կապանի հիմնով ու մի շքեղ, շա՜տ շքեղ հրավառությամբ, որը և՛ նկարում էի, և՛ փորձում աչքիս տակով ամեն դեպքում կենդանի նայել: Քաղաքիս նման ճոխ ու գունեղ էր հրավառությունը:

Փոքր ժամանակ Կապանի հիմնը երգում էինք դպրոցական բոլոր միջոցառումների ժամանակ, ամսի 17-ին հիշեցի, որ արդեն մի տարուց ավել կլինի՝ չէի երգել: Մի լավ ուրախացանք, դե հա, հերթը շատ էր, չհասցրինք ֆրեշ խմել, բայց կարևորը՝ թարմ ու անմոռանալի հուշերով լցվեցինք:

Անցյալ տարի քաղաքիս օրը Ռավեննայում մշակութային այցի էինք, ես հիանում էի իտալական ամենասիրուն քաղաքներից մեկի ճարտարապետությամբ ու յուրօրինակ գեղեցկությամբ: Հիանում էի՝ հոգուս խորքում Կապանում կազմակերպված Նեմրայի համերգին երգելով: Ու թե սիրտս քանի կտորի կբաժանվեր, եթե այս տարի էլ քաղաքիս օրը էստեղ չլինեի, ավելի լավ է՝ չասեմ․․․

Դե, շնորհավոր տոնդ, հարավային մայրաքաղաք: Չնայած՝ ի՞նչ հարավային, է: Դու իմ սրտի ամենակենտրոնական ու ամենաիսկական մայրաքաղաքն ես: Իմ խենթ ու անհոգ օրերի վկան ու փայփայողը:

Տոնդ շնորհավոր, Կապանս․․․