Ani avetisyan

Դու տեղեկացված լինելու իրավունք ունես

Սեպտեմբերի 28-ը նշվում է որպես Տեղեկության ազատության միջազգային օր։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2003 թվականից ամեն տարի  այս օրը կազմակերպում է մրցանակաբաշխություն` խրախուսելու բաց և հանրային աշխատելաոճ ունեցող գերատեսչություններին, տեղեկատվության ազատության իրավունքից լավագույնս օգտված լրատվամիջոցներին և հասարակական կազմակերպություններին։ Միաժամանակ մրցանակաբաշխությունն ունի բացասական մրցանակներ` ամենափակ գերատեսչությունների համար։ Որպես մրցանակաբաշխության խորհրդանիշ ընտրվել են Ոսկե բանալին և Ժանգոտ կողպեքը։

Ըստ 2003 թվականին ընդունված «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի՝ յուրաքանչյուր ոք իրավունք ունի պետական մարմիններից և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպություններից տեղեկություն ստանալու և փաստաթղթերին ծանոթանալու։ Տեղեկություն ստանալու հարցում անձը կարող է ներկայացնել գրավոր կամ բանավոր հարցում։ Հարցմանը պատասխանելու համար օրեքնով սահմանված է 5 օր, բացառությամբ դեպքերի, երբ տեղեկատվությունը հավաքելու համար անհրաժեշտ է հավելյալ ժամանակ։ Այս դեպքում հարցման պատասխանը պետք է ուղարկվի 30-օրյա ժամկետում։

Տեղեկատվության տրամադրման մերժումը սահմանված է օրենքով, եթե պահանջվող տեղեկատվությունը պարունակում է պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիք։ Անհիմն մերժումը պատժվում է օրենքով։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին: ԻԱԿ-ի առաքելությունն է` նպաստել տեղեկատվության ազատության մասին օրենսդրության կիրառմանը, ՀՀ կառավարման համակարգի թափանցիկությանն ու հրապարակայնությանը և այդ համակարգում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովմանը: ԻԱԿ-ը աշխատանքներ է կատարել նաև «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու ուղղությամբ։

Տարվա ընթացքում քաղաքացիների հարցումներին ժամանակին չպատասխանած կամ տեղեկատվության տրամադրումը անհիմն մերժած գերատեսչությունները հայտնվում են կենտրոնի «Սև ցուցակում», իսկ ամփոփիչ մրցանակաբաշխության ժամանակ նրանք արժանանում են Ժանգոտ կողպեք մրցանակի։ Սա, ըստ կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանի, ստիպում է գերատեսչություններին առավել ուշադիր լինել քաղաքացիների հարցումներին, հանրության տեղեկացված լինելու իրավունքին։

Այս տարվա մրցանակաբաշխությունը նշանակալի էր նրանով, որ առաջինն էր հեղափոխությունից հետո, ուստի, հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշվել էր մրցանակ չհանձնել ո՛չ ամենաբաց, ո՛չ ամենափակ կառույցներին։ Կառավարությունը ևս մեկ տարի ունի՝ անելիքները հստակեցնելու համար։

ԻԱԿ նախագահը նշեց, որ այս տարվա ցուցանիշները հասել են 2008 թվականի մակարդակին։ «Ուղարկված հարցումները կարող են անպատասխան մնալ ընդհանրապես, եւ կամ՝ գրավոր անօրինական մերժումներ տրամադրվեն։ Կառավարությունը լուրջ անելիքներ ունի,  եւ դրա համար որոշել ենք նրան ժամանակ տալ ոչ թե մեկ-երկու ամիս, այլ մեկ ամբողջ տարի՝ այս ոլորտում համակարգային բարեփոխումներ անելու նպատակով»:

ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը իր խոսքում նշեց, որ շնորհիվ ՀԿ-ների, իրավապաշտպանների և անհատ քաղաքացիների՝ Հայաստանում տեղեկատվության ազատությունը շատ զարգացած երկրներից առավել բարձր մակարդակի վրա է։ Ի դեպ, հենց Արդարադատության նախարարության կողմից պատրաստված հարցումների ներկայացման էլեկտրոնային միասնական հարթակ e-request.am-ը տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք ճանաչվեց։

Տեղեկատվության ազատության հիմնահարցերը լավագույնս լուսաբանած լրատվամիջոցը Ampop.am-ն էր։

Տեղեկատվության ազատության իրավունքից ամենաակտիվը օգտված ՀԿ-ն՝ «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ամենամյա Հատուկ մրցանակը՝ Բաց կառավարման նախաձեռնության շրջանակներում կառավարություն-քաղհասարակություն համագործակցության արդյունավետ համակարգման և ապահովման համար տրվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի Արտաքին կապերի վարչության արարողակարգի բաժնի առաջատար մասնագետ Լիլիա Աֆրիկյանին: