taguhi aghasyan

Դպրոցական հուշեր

Ես սովորել եմ Բյուրեղավան քաղաքի Ս. Վարդանյանի անվան ավագ դպրոցում: Տասներկու տարի նույն պատերի ներսում եմ սովորել և բնականաբար շատ եմ կապվել այնտեղ եղած ամեն ինչին: Ի սկզբանե մեր դպրոցը միջնակարգ էր, և երբ ես արդեն չորրորդ դասարանում էի, այն դարձավ ավագ դպրոց: Դե իհարկե, մեզ չվռնդեցին դպրոցից, և ես մինչև վերջ սովորեցի այնտեղ:

Սովորելու տարիներին ուսուցիչների խոսքերը կամ արարքները, ինչպիսին էլ, որ դրանք լինեին, եղել են ամենատպավորիչը ինձ համար: Այսօրվա պես հիշում եմ, երբ մաթեմատիկայի ուսուցչուհին տեսնում էր, որ ինչ-որ աշակերտ դասի ժամանակ ձեռքը դրել է գլխի տակ, ասում էր.

-Ձեռքդ հանի՛ր գլխիդ տակից, թող այդ դատարկ գլուխդ ընկնի, ջարդվի:

Ինձ մինչ օրս էլ ծիծաղելի են թվում այդ բառերը, որովհետև ես վախից նրա դասաժամին այդպես չէի անում, ու «պատիվ չունեցա» լսելու այդ խոսքերը:

Պատմության ուսուցիչս մինչև մեզ դաս հարցնելը միշտ դասը պատմում էր, ու երբ պատմելիս ձեռք էինք բարձրացնում, որ հարց տանք, ասում էր.

-Մի՛ ընդհատեք ինձ, հարցը թղթի վրա գրե՛ք, որ չմոռանաք, երբ ավարտեմ, կհարցնեք:

Աշխարհագրության ուսուցչուհիս դաս պատմելիս գրեթե միշտ ասում էր․

-Դուք գիտե՞ք, որ…

Ամենազավեշտալին այն է, որ մենք ոչինչ էլ չգիտեինք. չէ՞ որ դա լրիվ նոր դաս էր և եթե որոշ բաների էլ ծանոթ էինք եղել նախկինում, մեկ է, չէինք հիշում:

Անգլերենի ուսուցչուհիս մեկ-մեկ նուրբ հումորներ էր անում: Օրինակ՝ մեզ զվարճացնելու համար գրատախտակի մոտ կանչելիս ասում էր.

-«Մույսը» դու կգաս:

Վերջում էլ ուզում եմ պատմել դպրոցը ավարտելուց առաջ վերջին ծիծաղելի դեպքը: Իմ շատ բկլիկ դասընկերուհին սոված էր, և ինչպես ասում են՝ գրեթե հանգչում էր սովից: Ես իմ մեկ ուրիշ դասընկերուհու հետ գնացի բուֆետ, որ նրա համար ուտելիք գնեմ, մինչ նա գրադարանում դասի պատրաստվի: Մենք գնեցինք կարտոֆիլով կարկանդակ: Մինչ բուֆետից հեռանալը, իմ ընկերուհին որոշեց սեղանին դրված աղամանը վերցնել ու մի քիչ աղ լցնել կարկանդակների վրա, որ մեր սոված ընկերուհին ավելի ախորժակով ճաշակի այն: Երբ աղամանը վերցրեց ու սկսեց աղ լցնել, աղամանի կափարիչը դուրս եկավ, և աղը լցվեց կարկանդակի վրա, մի մասն էլ թափվեց գետնին: Մինչ մենք խուճապի մեջ էինք, վաճառողուհին ճչում էր մեզ վրա.

-Վայ, մի քիչ զգո՛ւյշ եղեք, ամբողջը թափեցիք:

Նա սկսեց ավլել գետնին թափվածը` շարունակելով բողոքել: Ես վերցրի աղամանը և սեղանին դնելիս այս անգամ էլ այն իմ ձեռքից սայթաքեց, ու աղը թափվեց սեղանին: Կինը վերջնականապես պոռթկաց.

-Մեծ աղջիկներ եք, զգո՛ւյշ եղեք, էլի… գոնե սեղանին թափվեր…

-Հա, բայց այս անգամ սեղանին թափվեց,- չէր նահանջում ընկերուհիս:

-Պատահական ստացվեց, կներեք,- ես ինձ շատ վատ էի զգում:

Ինչևէ, երբ հեռացանք ու այդ աղոտ կարկանդակները տվեցինք իր տիրուհուն, նա առանց դժգոհելու հաճույքով սկսեց ուտել, իսկ ընկերուհիս պատմում էր.

-Թագուհին հազար անգամ ներողություն ասելով՝ մեջքանց դուրս եկավ բուֆետից…