arxiv

Դպրոցական սարսափներ

Անսպասելի գրավորը

Մի օր անսպասելի իմացանք, որ ռուսաց լեզվից պետք է գրավոր գրենք։ Մենք չէինք նախապատրաստվել։ Միակ բանը, որ մեզ կփրկեր, արտագրելն էր։ Բայց այս անգամ ոչ թե իրարից էինք արտագրում, այլ գրքից։ Բոլորը չէ, որ գիրք ունեին։ Եվ երրորդ շարքից մեկը գիրք ուզեց ինձանից։ Ես, իհարկե, տվեցի, որովհետև այն նրանց ավելի էր պետք, քան ինձ։ Բայց ես չգիտեի, որ գիրքս կգնա ճամփորդության ամբողջ երրորդ շարքով։ Լավ է, որ այդ շարքը նեղ է, և արանքով ուսուցիչները չեն քայլում սովորաբար։ Գիտեի, որ գրքիս կազմը կպատռվի, բայց ուշադրություն չդարձրի դրան։ Ուսուցչուհին դասի ընթացքում պարբերաբար վեր էր կենում և քայլում էր շարքերի միջով։ Դե, ինչպես միշտ, բացի երրորդ շարքից։ Բայց․․․ Նա արդեն մոտեցել էր երրորդ շարքին և ուզում էր անցնել այդ նեղ հատվածով։ Քիչ էր մնում սիրտս կանգներ։ Բայց տագնապս իզուր էր, քանի որ դասարանցիներս ամեն ինչի են պատրաստ գնահատականի համար։ Մեկը գրիչը «հանկարծակի» գցեց գետնին և կռացավ, որ վերցնի, մյուսն էլ կռացավ, որ «կապի» կոշիկի կապերը, որոնք իրականում չկային։

Լուսինե Ալեքսանյան, 13 տ

***

Իմ տանջանքները

Ինչ տեղափոխվել ենք ավագ դպրոց, հանգիստ չեն թողնում մեզ, տանջում են։ Ուսուցիչների խոսակցության հիմնական թեման է․ «Մոռացե՛ք այն, թե ինչ էիք անում և ինչպես էիք սովորում ձեր դպրոցներում, այս տարվանից պետք է ոչինչ բաց չթողնեք, որովհետև ամեն կիսամյակի վերջում քննություն եք հանձնելու ամբողջ անցածի վերաբերյալ»։

Այս ամենը տանջանք է։ Ես արդեն հանձնել եմ առաջին կիսամյակի ստուգարքները, բայց դեռ առջևում են երկրորդ կիսամյակինը։ Ոչինչ չեմ հասցնում անել, ամբողջովին թաղվում եմ գրքերի մեջ և ոչ թե վերհիշում անցածը, այլ սովորում, քանի որ առանց դրա չեմ կարող հանձնել ստուգարքը։ Ցավոք, մինչև ստուգարքները բավարար չափով չենք սովորում, որ կարողանանք պատասխանել այդ անտանելի հարցաշարերին։ Իսկ ամենազայրացուցիչն այն է, որ իմ ավագ դպրոցում ոչ թե միայն մեր հոսքերին վերաբերող առարկաներից ենք ստուգարք հանձնում, այլ բոլոր առարկաներից։

Նանե Աբելյան, 15 տ

***

Փաստի առաջ

Կիսամյակի վերջում ես ծանր հիվանդացել էի և երկու-երեք շաբաթ բացակայեցի դպրոցից։ Բացակայել էի նաև կենսաբանության կիսամյակային գրավորից։ Վերջին տարիների ընթացքում ես ընտելացել եմ այն փաստին, որ միշտ կարելի է արտագրել գրքից կամ դասընկերներից ու չսովորել դասերը։ Այդպես էի ես վերաբերվում նաև կենսաբանությանը։ Եվ այդ առարկայից ընդհանրապես ոչ մի բան չգիտեի։ Եվ ահա, ես կանգնել եմ տխուր փաստի առջև, որ պետք է մեն-մենակ ուսուցչի առջև նստած՝ գրեի գրավորը, որն ինձ համար բարդությամբ չէր զիջում չինական կամ ճապոնական հիերոգլիֆներին։

Այդ օրը շատ էր ուրախացել մայրս։ Նա արդեն վաղուց էր պնդում, որ պետք է սովորել, և որ արտագրելով ես հեռու չեմ գնա։ Այս անգամ նա համոզված էր, որ «երկուս» եմ ստանալու, և դա ընդմիշտ ինձ դաս կլինի։

Գրավորիս նախօրեն ես անցկացրի տագնապի մեջ։ Փորձեցի կարդալ դասագիրքը և սովորել մեկ օրում այն ամենը, ինչ պետք է սովորեի կես տարում։ Ես առաջին անգամ էի բացում դասագիրքը, և բոլոր թեմաները սովորելու միտքը, իհարկե, ձախողվեց։ Իսկ գիշերը չէի կարողանում քնել։ Երազումս տեսնում էի ուսուցչուհուս ինձ «երկուս» դնելուց, քառորդիս «երկուս» փակվելը և այլն․․․

Պատկերացրեք իմ ուրախությունը, երբ տուն վերադառնալով մայրիկիս հայտնեցի, որ ստացել եմ 8 բալ․․․ Երևի թե պարտադիր չէ նշել, որ ինձ ուսուցչուհիս էր օգնել։

Ալեքսանդր Սարգսյան, 13 տ

***

Երեքշաբաթյա ակցիա

-Գա՛յ, իմացա՞ր վարժարանի՝ քո դեմ հնարած նոր օրենքի մասին։

-Իմ դե՞մ։

-Հա՛։ Գա՛յ ջան, արդեն ստիպված ես լինելու առավոտը 8․30 արթնանալու փոխարեն ուղիղ ութին արթնանալ և 9․15 վարժարան մտնելու փոխարեն ամենաուշը 8․50 վարժարանում լինել, քանի որ ուղիղ իննին՝ զանգից հետո, վարժարանի դռները փակվելու են, ու եթե ուշանաս, ստիպված կլինես 45 րոպե դրսում սառել ու մի ժամ էլ բացական կունենաս։

Այս յուրահատուկ նորությունը լսելուց հետո ամբողջ մարմնովս մի սարսուռ անցավ։ Պատկերացրի, որ առավոտյան ժամը ութին պետք է արթնանամ, հագնվեմ ու դասի գնամ․․․

Չնայած, որ առավոտյան չափից շատ է քունս տանում, քնում եմ մինչև 8․30, հագնվելուց հետո էլ օրոր-շորոր լինելով քայլում եմ դեպի վարժարան։ Ու բացի այդ էլ, եթե առաջին ժամի դասը սովորած չեմ լինում, դա էլ առիթ է հանդիսանում երկրորդ դասից դպրոց գնալու։

Երեք շաբաթ գործեց օրենքը։ Այդ երեք շաբաթվա ընթացքում, երբ տնօրենն առաջին ժամին դասարան էր մտնում, տեսնում էր, որ դասին ամենաշատը տասը աշակերտ է ներկա։ Հիմա արդեն այդ օրենքը չի գործում, բայց սովորությունը դեռ մնում է։ Երբ դասղեկը հարցնում է, թե ինչու առաջին ժամին չենք եղել, բոլորս միաբերան պատասխանում ենք․

-Վարժարանի դռները փակ էին։

Գայանե Մարտիրոսյան, 15 տ

***

Էլի՞ հրդեհ է

Մեր դպրոցում ամեն ամիս տագնապի ազդանշան է լինում։ Դա նրա համար են անում, որ հրդեհի դեպքում երեխաները կարողանան կողմնորոշվել, թե ինչ անեն։ Երբ տագնապի ազդանշանը հնչում է, և մենք դուրս ենք վազում դպրոցից, անպայման ինչ-որ մեկը գոչում է․

-Ուռա՜, ազատությո՜ւն։

Լինում են այնպիսիք, որ շատ են վախենում, թե դպրոցը կարող է իսկապես այրվել։ Մյուսներն էլ կանգնում, այսուայնկողմ են նայում, իրար հետ զրուցում։ Ինչ-որ մեկի վրա էլ ուսուցչուհին բարկանում է, որ տագնապի ընթացքում պայուսակով է դուրս վազել դպրոցից։ Մի խոսքով, տագնապը զվարճալի երևույթ է մեր դպրոցում։

Մերի Վարդանյան, 11 տ

2011 թվական