Դպրոցն իդեալական են դարձնում աշակերտները

Հարցազրույց Կոտայքի մարզի Սոլակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Լիդա Դավթյանի հետ։

-Նախ կխնդրեի ներկայանալ` ի՞նչ մասնագիտություն ունեք և քանի՞ տարի եք աշխատում որպես դպրոցի տնօրեն։
-Մասնագիտությամբ քիմիկոս-կենսաբան եմ։ Որպես դպրոցի տնօրեն աշխատում եմ արդեն 25 տարի։
-Ե՞րբ է հիմնադրվել Սոլակի դպրոցը։ Քանի՞ աշակերտ է սովորում դպրոցում։ Արդյոք աշակերտների թվաքանակը նախորդ տարիների համեմատ ավելացե՞լ է։
-Դպրոցը հիմնադրվել է 1967 թվականին։ Նախատեսված է եղել 658 աշակերտների համար, այժմ դպրոցում սովորում է 242 աշակերտ։ Նախորդ տարիներին գրանցել ենք աշակերտների թվի կրճատում, բայց այս տարի աշակերտների թիվն ավելացել է 13-ով։
-Ինչո՞վ է տարբերվում գյուղի դպրոցը քաղաքի դպրոցից։ Արդյո՞ք գյուղի դպրոցը ավելի մեծ ուշադրության կարիք ունի, քան քաղաքինը։
-Չեմ կարծում, որ գյուղի դպրոցը որոշակի տարբերություններ ունի քաղաքի դպրոցի համեմատությամբ կամ ավելի արժանի է ուշադրության։ Երկու վայրերում էլ գտնվող դպրոցները պետության հովանավորության ներքո են գտնվում։ Պարզապես տարբեր է ազգաբնակչության վերաբերմունքը կրթության հանդեպ։ Կարելի է ենթադրել, որ քաղաքում ծնողները ավելի մեծ ուշադրություն են դարձնում կրթական մակարդակին, կրթության յուրացմանը, քան գյուղերում, և ես դա բացատրում եմ նրանց սոցիալական վիճակով։ Ամեն դեպքում մեր դպրոցը չունի առանձնակի ուշադրության կարիք։
-Ի՞նչ պրոբլեմներ ունի մեր դպրոցը։ Արդյոք դպրոցը ունի՞ մասնագետների պակաս կամ որևէ նյութական խնդիր։
-Այո, դպրոցը ունի մաթեմատիկայի, ֆիզկուլտուրայի և կերպարվեստի մասնագետների պակաս։ Կերպարվեստը մեծ խնդիր է մեզ համար։ Արդեն չորրորդ տարին է, ինչ մրցույթ ենք հայտարարում, բայց մասնակիցներ չկան։ Սա բացատրվում է ժամերի քիչ քանակով, հետևաբար նաև քիչ վարձատրությամբ։ Նյութական առումով դպրոցը ունի նորարարական տեխնոլոգիաների պակաս, մասնավորապես` էլէկտրոնային գրատախտակների և համակարգիչների պակաս։ Չնայած դպրոցի քիչ ֆինանսավորմանը՝ նախորդ տարի մեզ հաջողվեց չորս նոր համակարգիչ ձեռք բերել։
-Շրջանցելով խնդիրները՝ եկեք խոսենք դպրոցի նախկին շրջանավարտների մասին։ Ի՞նչ հաջողությունների են հասել նրանք, ինչպիսի՞ն է նրանց ու դպրոցի միջև կապը։
-Նրանց վերաբերյալ շատ տվյալների չեմ տիրապետում, թե այժմ ինչով են զբաղվում, որովհետև գրեթե կապ չկա նրանց ու դպրոցի միջև։ Բայց երբեմն առանձնակի հաջողությունների հասած շրջանավարտներին հրավիրում ենք դպրոց։ Պետք է նշեմ, որ դպրոցի շրջանավարտների 40-ից 80 տոկոսը ընդունվում են համալսարաններ, բայց չեմ կարծում, որ դա չափանիշ է, որովհետև ավարտելուց հետո իրենց համապատասխան աշխատանք չեն կարողանում գտնել։ Ես հաճախ եմ տեսնում ուսանողների, ովքեր առանց աշխատանքի մնացել են գյուղում, եթե իհարկե, մնացել են Հայաստանում։ Օրինակ` մեր դպրոցի պահակը ունի բարձրագույն կրթություն, բայց ընդամենը հիսուն հազար դրամի դիմաց աշխատում է դպրոցում։ Նույն կերպ ցավով էլ պիտի արտահայտվեմ մեր ուսուցիչների մասին։ Ես ինձ վատ եմ զգում, որ բարձրագույն կրթություն ստացած և 15-20 տարվա աշխատանքային փորձ ունեցող մարդիկ աշխատում են չնչին գումարի դիմաց, հատկապես՝ այն դեպքում, երբ երկրորդ կիսամյակում դասաժամերը կրճատվում են, քանի որ 12-րդ դասարանցիները շատ առարկաներ չեն ընտրում։
-Ի՞նչ տարբերություններ եք նկատում սերունդների միջև։ Որո՞նք են այս սերունդի դրական ու բացասական կողմերը։
-Խիստ աչքի ընկնող տարբերությունն այն է, որ ներկայիս սերունդը չի սիրում կարդալ, գիտելիքը որպես արժեք չի ընդունում։ Իհարկե, սա չափանիշ չէ բոլորի համար։ Եթե նախկինում աշակերտները մտածում էին, նոր կարծիք հայտնում, ապա հիմա կարծիքը հայտնում են, նոր մտածում։ Ներկայիս սերունդը ազատ է, ինչին ես դեմ չեմ, բայց շատ դեպքերում ծնողները ասում են, որ երեխաները իրենց չեն ենթարկվում, և խնդրում են, որ մենք քայլեր ձեռնարկենք։ Մենք էլ ազդեցության լծակներ չունենք, զուտ պետք է հիմնվել երեխայի գիտակցության ու արժեքների վրա, որոնք էլ գնալով պակասում են։ Իրական արժեքները նրանք չեն համարում արժեք։ Թեկուզ գիտելիքը մնայուն արժեք է ու իրենցն է, իրենց համար գիտելիքը նշանակալի արժեք չունի։
-Արդյոք հեղափոխությունից հետո նկատո՞ւմ եք տարբերություններ ուսուցիչ-աշակերտ հարաբերություններում։
-Ճիշտն ասած՝ ես չեմ նկատել, որ ուսուցիչները բռնանան աշակերտների վրա։ Ես ինքս էլ ազատամիտ եմ եղել և խիստ փոփոխություն չեմ նկատել։ Գուցե փոփոխությունը երեխաների ազատ լինելու և ուսուցիչներին չլսելու մեջ է։ Եվ ուսուցիչները աշակերտներին զսպելու համար ընդամենը դիտողություններ են անում և չեն կիրառում չթույլատրված մեթոդներ` ֆիզիկական բռնություն և այլն։ Ուսուցիչները զգուշացվել են, որ աշակերտի վարքը չպետք է ազդի նրա գնահատականի վրա։
-Արդյոք ուսուցիչները կիրառո՞ւմ են նորարարական մեթոդներ աշակերտի ու ուսուցչի միջև անջրպետներ չառաջանալու և դասը հետաքրքիր դարձնելու համար։
-Այդ խնդրի լուծման համար աշխատում ենք ամբողջ կոլեկտիվով։ Սեմինարներ ենք անցկացնում նորովի դաս կազմակերպելու համար, բայց նորովի դաս կազմակերպելու համար պիտի պայմաններն էլ «նորովի» լինեն։ Եթե ուսուցիչը իր ողջ աշխատավարձը ծախսում է ընտանիքը պահելու համար, ապա ինչպե՞ս կարող է գնալ վերապատրաստումների, եթե ոչ մի անվճար ծառայություն չկա։ Կոնկրետ՝ ես, օգտվում եմ ռուսական կայքերից, որոնցից նյութեր եմ դուրս գրում դասեր կազմակերպելու վերաբերյալ և տալիս եմ ուսուցիչներին, բայց այդ նյութերը ևս անվճար չեմ կարողանում ձեռք բերել։ Ուսուցիչները հինգ տարին մեկ անգամ գնում են վերապատրաստման և կիրառում են դասը վարելու նոր մեթոդներ, բայց աշակերտները ևս պիտի շահագրգռված լինեն դասը յուրացնելու մեջ։
-Ի՞նչ պետք է անել, որպեսզի աշակերտը դպրոցը ավարտելուց հետո ցանկանա վերադառնալ գյուղ։ Արդյոք Սոլակը ունի՞ այդ պոտենցիալը։
-Հարցը ինքնին բարդ է և կրում է սոցիալական բնույթ։ Ես կարող եմ ասել, որ մոտ տասը տարի առաջ, երբ տուն էի գնում, փակ դռներ չէի տեսնում գյուղում, իսկ հիմա, ցավոք սրտի, շատ փակ դռներ եմ տեսնում, և դա ինձ ցավ է պատճառում։ Մեր գյուղը ևս սկսեց դատարկվել։ Առաջ այն այդպիսի խնդիրներ չուներ։ Կարծում եմ՝ երեխաները իրենք պիտի տարբերակներ առաջարկեն, որ իրենց առօրյան հետաքրքիր դառնա, և ամեն բան անեն, որ մնան գյուղում։ Գուցե դրան խանգարում է սերունդների միջև հակասությունը։ Երիտասարդները չպիտի սպասեն, որ մեծերը քայլեր անեն։ Հատկապես՝ հիմա, գյուղի նորընտիր գյուղապետը երիտասարդ է, կարող են միասին լուծման տարբերակներ փնտրել։
Ինչ վերաբերում է դասերից հետո երեխաների հետաքրքիր զբաղմունքին, ապա կարող եմ ասել, որ ուսուցիչները անվճար հիմունքներով հետաքրքիր պարապմունքներ են անցկացնում, որոնք չեն գնահատվում, և աշակերտների ներգրավվածությունը մեծ է այդ պարապմունքներին։
Այսինքն՝ երեխաներն ու ծնողները չպիտի սպասեն, որ որևէ մեկը քայլ անի, այլ իրենք իրենց հնարավորությունների սահմաններում քայլեր ձեռնարկեն։ Հատկապես հիմա, երբ ամեն բան ավելի հեշտ է ձեռք բերվում, քան նախկինում, և երեխաներն ավելի ինքնուրույն են, քան երբևէ։ Գուցե դա է այն պատճառներից մեկը, թե ինչու երեխաները չեն արժևորում այն, ինչ ունեն։
-Իսկ երեխաների ինքնուրույնությունը դպրոցում նկատելի՞ է։ Արդյոք կա՞ն ձևավորված անհատներ, որոնք միանշանակ կգտնեն իրենց տեղն ապագայում։
-Երեխաները ինքնուրույն են։ Եվ այո, ունենք անհատներ, շատ առանձնացող անհատականություններ, որոնք տարբերվում են իրենց մտածելակերպով, վերաբերմունքով։ Նրանց թիվը դպրոցում շատ է, և մենք փորձում ենք նրանց միջոցով ևս դասերը հասկանալի ու հետաքրքիր դարձնել, որովհետև, երբ ուսուցիչն է բացատրում՝ այլ է, երբ աշակերտն է բացատրում՝ այլ։ Քանի որ աշակերտները միմյանց ավելի մատչելի լեզվով են բացատրում, իրենք են առաջարկում տարբերակներ դասարանի ներսում ու իրագործում դրանք մեր աջակցությամբ։
-Եվ վերջում խնդրում եմ ասեք, թե որն է Ձեր պատկերացրած կամ գուցե երազած դպրոցի իդեալը։
-Վաղուց դադարել եմ ինձ համար իդեալներ ստեղծել, որովհետև գործ ունենք «մարդ» արարածների հետ։ Հատկապես, երբ դպրոց հաճախում են երեխաներ տարբեր ընտանիքներից, տարբեր դաստիարակությամբ, չեմ կարծում, որ երբևիցե կարող է իդեալական դպրոց լինել։ Եվ ես ենթադրում եմ, որ դպրոցը իդեալական են դարձնում աշակերտները, իսկ նրանք անհատականություններ են, հետևաբար իդեալական վերանորոգված ու կահավորված դպրոցը, միևնույնն է, իդեալական չէ։