Դպրոցում ոչ միայն դաս են սովորում

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի

Լուսանկարը՝ Էլզա Զոհրաբյանի


Այսօրվա դպրոցական խնդիրներից մեկը աշակերտի սնունդն է: Կան աշակերտներ, ովքեր իրենց սնունդը գնում են դպրոցի բուֆետից: Սակայն այստեղ հարց է առաջանում: Արդյո՞ք աշակերտների գնած սնունդը որակյալ է, արդյո՞ք այն թարմ է, և արդյո՞ք այդ սնունդը մեր առողջությանը վտանգ չի սպառնա:
Օրինակ բերեմ մեր դպրոցից: Ես մի անգամ դպրոցի բուֆետից գնեցի հավով կարկանդակ, սակայն երբ համտեսեցի, այն ինձ նողկանք պատճառեց, քանի որ թարմ չէր, և նույնիսկ հոտ էր գալիս այդ կարկանդակից: Եվ սա՞ է կոչվում թարմ ուտելիք:
Եվս մի հանգամանք կա, որը դուր չի գալիս ինձ մեր դպրոցի բուֆետում: Դա գազավորված ըմպելիքների և չիպսի վաճառքն է: Այդ գազավորված ըմպելիքները էլ ավելի են ծարավեցնում աշակերտներին, քան թե հագեցնում: Բացի այդ, գազավորված ըմպելիքները շաքարի, գազերի ու քիմիական նյութերի խառնուրդ են, և նրա մեջ գտնվող նյութերը նպաստում են ճարպակալմանը և նյութափոխանակության խանգարմանը: Դե իսկ չիպսի վնասակարության մասին մենք շատ ենք լսել, և դրա պատճառն այն է, որ չիպս կոչվածը առատորեն համեմված ներկանյութերով սնունդ է, որի մեջ առկա նյութերը նույնիսկ քաղցկեղածին են: Սակայն անգամ այս ամենը իմանալով, դժվար է դիմանալ գազավորված ըմպելիքների ու չիպսերի գայթակղությանը և չգնել: Այդ պատճառով էլ առաջարկում եմ պարզապես դպրոցներում դրանք չվաճառել:
Ես որոշեցի այսուհետև չօգտվել բուֆետից, այլ իմ սնունդը տնից բերել: Նման կերպ վարվում են իմ դասընկերների մի մասը:
Այս հարցը քննարկենք այլ տեսանկյունից: Ինչպես գիտենք դպրոցում դասամիջոցները տևում են հինգից տասը րոպե, որի ժամանակ մենք ջուր ենք խմում, սնվում ենք, դաս ենք կրկնում: Սակայն արդյո՞ք այդ հինգ-տասը բավարարում է այդ ամենը հասցնելու համար: Իմ կարծիքով, ոչ, քանի որ սնունդը պետք է լավ ծամես, իսկ մենք արագ-արագ կուլ ենք տալիս: Կարծում եմ, դասամիջոցները պետք է գոնե 15 րոպե լինեն: Դա բավարար կլինի։