Դրախտային Դարբասը

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Լուսանկարը՝ Անի Ասրյանի

Երբ բացվում է օրը, մտքով մտնում եմ Դարբասիս ձորը:

Ամեն մարդու ծննդավայրը իր` բնաշխարհով ու կյանքի բազմազանությամբ, նրա համար միշտ մնում է որպես հեքիաթ և անկրկնելի հրաշք:

Լեռնային գետը արագահոս է, գիժ ու գալարուն: Կանաչ գորգի վրա ծաղկում են հազար ու մի ծաղիկներ, որոնց բույրը սքանչելի է, եդեմական:

Դարբա՛ս, ծննդավայր հեքիաթային:

Այս գյուղն ունի յոթ հրաշալիք, հրաշալիքներ, որ կարծես պարիսպներ լինեն: Յոթ եկեղեցիներ, որոնք կառուցվել են գյուղի ծայրամասերում, անգամ գյուղի ամենաբարձր լեռան գագաթին: Մենք՝ դարբասցիներս, ունենք աղոթարան, սակայն մեզ գրավում է Եղիակը, որը այդքան հեռու է գյուղից: Եղիակի ստորոտում փոքրիկ անտառ կա, կարծես «Խոսրովի արգելոց»-ը լինի: Անտառում բազմազան կենդանիներ կան, նույնիսկ արջ: Այս փաստն անգամ գյուղացիների համար արգելք չի հանդիսանում, որպեսզի նրանք բարձրանան այնտեղ մոմ վառեն և իրենց խնդրանքը հղեն Աստծուն: Այստեղ արգելված է որսը:

Սարի լանջով հոսում է Լորագետը, իր կարկաչուն ձայնը տարածելով ամենուր: Սառն է ջուրը, բարձր սարից է գալիս: Երբ վարարում է, նոր հուն է ճեղքում՝ ավերելով այգի ու մարգագետին: Գետը ծանր քարեր է բերում, անգամ կոճղեր, կարծես թե զայրանում է: Կամուրջի պատերը դողում են շյուղի նման, գետը մեկ աջ ափն է քանդում, մեկ՝ ձախ:

Գյուղն ունի փոքրիկ ճահիճ, որի վրա կախվել է ուռենին: Երբ ինչ որ մեկը մոտենում է ճահճին, ուռենին իր գրկի մեջ է առնում գորտերին: Նրանք ցատկում են` նստում օրորվող ճյուղերին:

Գյուղի բնությունը սքանչելի է: Հնարավոր չէ ծաղկած ծառերի մոտով անցնել, աննկատ թողնել և հեռանալ: Երբ գնում ես բնության գիրկը, այնտեղ գտնում ես ներդաշնակություն:

Բնությունն այստեղ ծաղկում է ապրիլի կեսին, բայց թարմությունը զգացվում է մայիսին: Օդը մաքրվում է, դառնում հաճելի: Երբ մոտենում ես ծաղկած ծաղիկներին, տեսնում ես փոքրիկ բզեզիկներ և մեղուներ: Դրանք այնպիսի նրբությամբ են նստում ծաղիկների վրա և նեկտար հավաքում, որ կարծես շոյում են նրանց:

Եղանակը այստեղ անձրևային է, քամին ցրում է ամպերը, սկսում է որոտ, և անձրև է տեղում: Դաշտում գյուղացիները անգամ կարկտահարվում են, բայց շարունակում են իրենց գործը:

Այնքան հետաքրքիր է մեր գյուղը, այն դարպասն է երեք գյուղերի: Գյուղը, երբ կոչվեց Դարբաս, երկաթե դուռ եղավ Գետաթաղի, Լորի և Շենաթաղի համար:

Լեռան գագաթին առկա սուրբ խաչը հսկում է գյուղը հրեշտակի պես: Այն մարդկանց սրտերը լցնում է խաղաղությամբ:

Դե’, եթե ցանկություն ունեք մեր գյուղը տեսնելու, համեցե’ք: Դուք այնքան լավ չեք պատկերացնի ընթերցելով, ինչքան՝ տեսնելով: