Sargis Melkonyan

Եթերում «Մանկություն TV-ն» է…

Փոքր ժամանակ սիրում էի բոլոր եղանակները՝ հատկապես ամառը, որովհետև ամառային օրերին մեր տունը միշտ բազմամարդ էր լինում. գալիս էին հորաքույրներիս երեխաներն, ու սկսում էինք անհոգ վազվզել, խաղալ, թռչկոտել, լողալ, կռիվ-կռիվ խաղալ…

Հիշում եմ, թե մի անգամ ինչպես էինք կռիվ-կռիվ խաղում. երկար փայտեր էինք կտրում, թրեր պատրաստում ու կռվում էինք: Մի անգամ էլ փայտե արկղերից մեծ տնակ էինք սարքել ու կռվից հետո գերիներին այդտեղ էին պահում:

Մի օր էլ՝ երբ գնացել էինք մորեղբորս տուն, նրա որդու փոքր երկաթե մեքենաներով ցուցահանդես էինք կազմակերպել:

Կամ, որ մարտի մեկին քույրիկներիս հետ գնացինք ձնծաղիկներ հավաքելու: Բերեցինք ու նվիրեցինք մայրիկին: Ի՞նչ օրեր էին…

Մոտենում էր սեպտեմբերի մեկը: Էլի գերազանցիկ եմ: Ի՞նչ ուրախությամբ էի վերցնում գովասանագիրն առաջին անգամ…

Մի օր էլ հայրիկս մտավ տուն` կիթառը ձեռքին: Վերցրեցի ու խաղացի:  Իսկ որ հետո էլ ես ու եղբայրս գնացինք կիթառի, ինչ ուրախ էի: Բայց հետո հոգնեցի, ու հիմա էլ չենք գնում:

Մի տարի էլ հունիսի մեկին գնացինք կարուսել: Միշտ սար էինք գնում, բայց այդ տարի գնացինք կարուսել: Էլ սարն չենք գնում: Իսկ երբ անձրև եկավ…

Իսկ երբ մի քանի նկար լուսանկարչական ապարատից գցեցի համակարգչի մեջ, մատս միամիտ կպավ ու ֆոտոապարատի ողջ պարունակությունը ջնջվեց… Ես ջնջեցի իմ մանկությունը, իմ հիշողություններն ու տպավորությունները: Օրեր անց ֆոտոապարատն էլ փչացավ…

Եթերում «Մանկություն TV-ն» էր, առողջ եղեք…