Եթերում Student TV-ն է

Հարցազրույց ՀՊՄՀ-ի կուլտուրայի ֆակուլտետի հեռուստալրագրության ամբիոնի 3-րդ կուրսի ուսանողուհի և ՀՊՄՀ ՈւԽ-ի առցանց ալիքի՝ Student TV-ի պատասխանատու Սոնա Խաչատրյանի հետ:

-Ինչպե՞ս և ինչո՞ւ որոշեցիք ստեղծել TV-ն։
-ՈւԽ-ի նախագահը և մյուս անդամները թիվիի գաղափարը դեռ վաղուց ունեին։ Երբ ես սկսեցի աշխատել կենտրոնական ՈւԽ-ում և համագործակցել նախագահական կազմի և անդամների հետ, ինձ ասացին, որ նման գաղափար կա։ Եվ որոշեցինք այդ գաղափարն իրականություն դարձնել, քանի որ ունեինք համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ։ Սկզբում աշխատանքը շատ բարդ էր։ Աշխատում էինք անգամ գիշերները։ Ընդհանրապես չէինք պատկերացնում, թե ինչ է մեզ սպասվում։ Արխիվային կադրեր էինք փնտրում, ծրագիր մշակում, փորձում հասկանալ՝ ինչից կարելի է սկսել: Չնայած բոլոր դժվարություններին՝ որոշեցինք իրագործել ծրագիրը։ Աշխատանքները սկսեցինք սեպտեմբերին։ Առաջին հաղորդումը պատմում էր ՈւԽ-ի գործունեության, ինչպես նաև այդ ժամանակահատվածում տեղի ունեցած միջոցառումների մասին։ Առաջին հաղորդումը համացանցում տեղադրեցինք դեկտեմբերին։

-Ինչպիսի՞ն է թիվիի ձևաչափը։
-Մենք աշխատում ենք առցանց՝ համացանցային տարբերակով։ Տեղադրում ենք ռեպորտաժներ։ Ունենք լրագրողների և օպերատորների մեծ թիմ: Նյութերի հավաքագրման և վերջնական խմբագրման աշխատանքներով ես եմ զբաղվում։ Հեռուստաընկերության աշխատանքի ձևաչափից չենք շեղվել։ Կարելի է ասել՝ աշխատում ենք ինչպես փոքրիկ հեռուստաընկերություն։ Այն, ինչ կատարվում է իրական հեռուստաընկերություններում, արվում է նաև այստեղ, ուղղակի՝ ավելի փոքր կազմով։

-Մի փոքր կպատմե՞ք թիվիի անցած ուղու և ձեռքբերումների մասին։
-Առաջին հաղորդումը համալսարանի ղեկավարության կողմից հավանության արժանացավ։ Եթե դիտեք մեր հաղորդումները, կնկատեք, որ մենք հաղորդումից հաղորդում կատարելագործվել ենք: Այն թերությունները, որոնք կան առաջին թողարկման մեջ, շտկվել են երկրորդին, երկրորդի թերությունները՝ երրորդին և այդպես շարունակ: Մեր կարևոր ձեռքբերումներից էր «Ամառային դպրոց» ծրագրի շրջանակներում օրագիր թողարկելը։ Ամեն օր թիվիի ստեղծագործական կազմը նկարահանում և տեղադրում էր փոքրիկ ռեպորտաժներ։ Կարծում եմ՝ մեզ համար իսկապես մեծ ձեռքբերում էր նման հագեցվածությամբ ծրագրի շրջանակներում տասը օր շարունակ ամեն օր իրականացնել նկարահանումներ, ձայնագրել, մոնտաժել և նյութ գրել։ Դա նաև այնքանով էր կարևոր, որ մենք հասկացանք՝ կարող ենք արագ աշխատել և լինել օպերատիվ։ Կարծում եմ՝ համալսարանի ղեկավարությունն էլ նկատեց, թե ինչքան մեծ աշխատանք է կատարել թիվիի անձնակազմը։

-Ի՞նչ փոփոխություններ և նորամուծություններ են սպասվում առաջիկայում։
-Ամեն տարի մեր կազմը թարմանում է։ Մեզ ինչպես միանում, այնպես էլ մեզնից հեռանում են ուսանողներ։ Ոմանք դասերի շատ լինելու պատճառով, ոմանք էլ պարզապես «դրայվին» չեն հարմարվում, քանի որ հիմա մենք շատ արագ ենք աշխատում։ Նախկինում ձևաչափն էսպիսին էր. մի ամսվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումների լուսաբանում մի լրատվական հաղորդման տեսքով։ Քննարկելով ՈւԽ-ի նախագահական կազմի հետ՝ որոշեցինք այս ուսումնական տարում փոխել ձևաչափը։ Կլինեն ավելի շատ հաղորդումներ, կլինի միջոցառումը, որից հետո երկու օրվա ընթացքում կտեղադրվի դրա մասին պատմող ռեպորտաժը։ Այսինքն՝ կաշխատենք լրատվության կարևոր սկզբունքներից մեկի՝ «այսրոպեականության» համաձայն։ Սա կբարձրացնի նաև մեր հաղորդումների դիտելիությունը։ Եթե սկզբում մեր նպատակն էր միայն իրականացնել գաղափարը և դառնալ ուսանողի աչքերն ու ականջները համալսարանում, ապա այսօր մեզ համար սահմանել ենք ուրիշ նշաձող՝ ընդլայնել մեր լսարանի շրջանակը և լրատվական հաղորդումներից բացի՝ ներկայացնել նաև հումորային, ժամանցային, ճանաչողական, հեղինակային հաղորդումներ լսարանին հետաքրքրելու համար։ Մյուս ամսվանից կսկենք փորձնական նկարահանումները հասկանալու համար՝ մեր տեխնիկական հնարավորությունները թույլ տալի՞ս են աշխատել այդ ֆորմատով, թե ոչ։ Կարելի է ասել՝ այս տարի շեշտը դրել ենք հենց հեղինակային հաղորդումների վրա։

-Այժմ ի՞նչ լուրջ խնդիրներ ունի թիվին։
-Սկզբում ունեինք տեխնիկական խնդիր, ինչն անխուսափելի էր։ Տեխնիկան գնալով զարգանում է, և դրա հետևից վազելը լուրջ ֆինանսների հետ է կապված։ Այս պահին աշխատում ենք մեր հեռուստալրագրության ամբիոնի տեխնիկայով և փորձում այդ կերպ լրացնել տեխնիկայի հագեցվածության պակասը։ Եթե նկարահանում ենք մի բան, որի համար ամբիոնի տեխնիկան չի բավականացնում, ապա սեփական միջոցներով ենք փորձում խնդիրը լուծել։ Ամբիոնն այս պահին տրամադրում է մեզ մեր ձևաչափին համապատասխան տեխնիկա։

-Սոնա, թիվիի անձնակազմում հիմնականում համալսարանի ուսանողներն են և վարժարանի աշակերտները, հետաքրքիր է՝ ի՞նչ քայլեր եք ձեռնարկում, որ Ձեր՝ համալսարանն ավարտելուց հետո Student TV-ն շարունակի իր գործունեությունը։
-Անկեղծ ասած՝ դա ինձ համար գերխնդիր է։ Նշեմ, որ սկզբում մեր նպատակն էր մեր թիմը համալրել հեռուստալրագրության բաժնի ուսանողներով միայն, նույնիսկ չէինք մտածում, որ վարժարանի աշակերտները նույնպես ներգրավված կլինեն թիմում։ Հետո որոշեցինք, որ ֆակուլտետների լրատվական հանձնաժողովներից մի հոգի պիտի լինի թիվիի կազմում, որպեսզի տեղեկացված լինենք ֆակուլտետների գործունեությունից։ Բայց աշխատանքի ընթացքում նկատեցինք, որ նրանք ևս ունեն լրագրողական գիտելիքներ և հմտություններ, և համալրեցինք մեր թիմը՝ այլ ֆակուլտետների ուսանողներով ևս։ Եվ քանի որ ՈւԽ-ն համագործակցում է վարժարանի Ախ-ի հետ, մեր թիմն ընդլայնելով՝ համալրեցինք այն նաև վարժարանի լրագրության հոսքի աշակերտներով։ Հիմա իմ և ՈւԽ-ի նախագահական կազմի գլխավոր խնդիրն է այնպես անել, որ թիվին մեզնից հետո էլ շարունակի իր գործունեությունը։ Ես արդեն երրորդ կուրսի ուսանող եմ, մյուս տարի ավարտում եմ համալսարանը, բայց մենք ամեն բան փորձում ենք անել, որ մեզնից հետո թիվիի աշխատանքը չդադարեցվի։ Դրա համար մենք ամեն տարի, ինչպես արդեն նշեցի, կազմի փոփոխություն ենք կատարում։ Կարծում եմ՝ հենց այդ սերնդափոխությունը պետք է պահի թիվին։ Ավարտելուց հետո էլ մենք միշտ կլինենք այստեղ՝ պատրաստ օգնելու մեր կրտսեր ընկերներին: