valentina chilingaryn

Եթե ես լինեի ընտրող

1․ Կարթնանայի, կլվացվեի, ու հավանաբար մայրս կկանչեր նախաճաշելու։

2․ Ուտելու ընթացքում կհագնվեի, ու էդ ամեն ինչին զուգահեռ, կբողոքեի, որ ջեմ չկա ուտելու։ Մայրս կասեր, որ երբ լինում ա, չես ուտում, էլ ինչի՞ լինի։

3․ Մինչև ցերեկ կգնայի ընտրատարածք, որովհետև կմտածեի, քանի մարդիկ չեն արթնացել, գնամ շուտ ընտրեմ ու գամ, հետո համբերություն չկա էդքան հերթ կանգնելու։

4․ Հենց հասնեի ընտրատարածք, շուրջս կնայեի ու մտքիս մեջ թաքուն կհպարտանայի, որ չափահաս եմ ու ունեմ ընտրելու հնարավորություն։

5․ Պատահականությամբ կմոտենայի մարդկանց, կհարցնեի` բա ո՞ւմ եք ընտրում: Մի կուսակցության անուն կտային, հետո կռիվ կանեի, կասեի` հա, ինչի՞ ասացիք որ, ո՞վ եմ, որ վստահեցիք ասացիք։

6․ Կմոտենայի, ցույց կտայի անձնագիրս, կասեին` առաջին անգա՞մ եք ընտրում, ես էլ օձիքս ուղղելով կասեի՝ այո։

7․ Հետո քվեաթերթիկիս վրա հերթով կկարդայի բոլոր կուսակցությունների անունները, քմծիծաղ կտայի, գլուխս տխուր կօրորեի, բայց հետո քվեաթերթիկիս վրա արևներ կնկարեի, կծալեի կդնեի ծրարի մեջ։

8․ Կմոտենայի քվեատուփին, ծրարը կգցեի դրա ներսը ու դուրս կգայի ընտրատարածքից, հպարտանալով, որ ոչ թե ասել եմ, թե ոչ մի կուսակցության չեմ հավատում՝ դրա համար չեմ գնում ընտրության, այլ չեմ հավատում, բայց գնում եմ պաշտապնելու կարծիքս, որ հետո կարողանամ ապացուցել։

9․ Տուն կգայի, մերոնք հավանաբար կհարցնեին, թե ում օգտին եմ քվեարկել, որովհետև իրենք էլ ունեն ծայրահեղ տարբեր ֆավորիտներ, կասեի՝ ոչ մեկին, մեծ հաշվով կլռեին, կամ էլ միայն մայրս կասեր՝ ու՜ֆ, հաց կուտե՞ս։

10․ Հաջորդ օրը, երբ պարզ կլինեին ընտրության արդյուքները, ուղղակի հավատով լցված ու աչքի տակով կստուգեի, բայց հաստատ չէի զարմանա, եթե ուզածիս հակառակը տեսնեի, որովհետև ես ուզածիս հակառակը դեռ էնքան ժամանակ կտեսնեմ, մինչև մեծամասնությունը ապուշ չլինի, ոնց որ կասեր Ռեմարկը։ Բայց ես էլի հավատով կսպասեի մտքի հեղափոխությանը։