arxiv

Եթե ես լինեի կրթության նախարարը

Ահա թե ինչ էին ուզում փոխել երեխաները կրթական համարգում տասը տարի առաջ: Հետաքրքիր է՝ ի՞նչ փոփոխություններ կիրականացնեին այսօրվա երեխաները, եթե լինեին կրթության նախարարը: 

***

Կարո՞ղ եք ասել՝ ինչու եմ ես դպրոցական ամիսներին նիհարում, իսկ արձակուրդներին՝ գիրանում: Ահա պատճառը: Երկուշաբթի առավոտյան ժամը 8:00-ին հազիվ արթնանում եմ, արագ պատրաստվում և չեմ էլ հասցնում մի բան ուտել: Ծնողներս նախաճաշիկի համար որոշ գումար են տալիս, բայց ասա՝ օգտագործո՞ւմ եմ այդ գումարը… Իհարկե՝ ոչ; Հիմա ես դա էլ կբացատրեմ. վայրկյանները հաշվելով սպասում եմ, թե երբ է զանգը տալու: Վազելով երկու հարկ ներքև եմ իջնում, որ բուֆետից մի բան առնեմ, բայց առնո՞ւմ եմ արդյոք…

Դպրոցի կեսը բուֆետում է: Մինչև հերթս հասնում է, արդեն զանգը տված է լինում:

Իմ ընկերներից մեկն առաջարկեց ինձ այս մեթոդը. ուրեմն, եթե ցանկանում ես մի բան ուտել դպրոցում, պետք է 5 րոպե առաջ դուրս գաս դասից՝ ինչ-ինչ պատճառով և գնաս բուֆետ, որ հանգիստ, կուշտ-կուշտ ուտես:

Իսկ բժիշկն ասում է. «Երեխաներ, պետք է կամաց ուտել, երկար ծամել, փոքրիկ կտորներ դնել բերանը և անպայման ուտելուց առաջ ձեռքերը լվանալ»: Լավ, հասկացա, բայց 5 րոպեում կարելի՞ է այդ ամենը անել:

Եթե ես լինեի կրթության նախարարը, այսպիսի օրենք կհրապարակեի, որ դպրոցի յուրաքանչյուր հարկում բուֆետ լինի, յուրաքանչյուր բուֆետում 3 վաճառող, բուֆետում պետք է լինի ուտելիքի մեծ տեսականի, տիրի կատարյալ մաքրություն:

Եթե այսքանը լինի դպրոցի բուֆետում, ամեն երեխա գոհ կլինի իր քաշից:

Գարուն Պարտագճյան

***

Մեր դպրոցի ամենամեծ պրոբլեմը, իմ կարծիքով, դասամիջոցների կարճ տևելն է: Մենք չենք հասցնում մեր կարիքները բավարարել 5 րոպեի ընթացքում: Մինչև դասավորում ես նախորդ դասի դասագրքերը, տեղավորում, դուրս ես գալիս ջուր խմելու, կամ գնում ես բուֆետ, կամ էլ ուզում ես կրկնել հաջորդ դասը, զանգը տալիս է: Եթե ես լինեի կրթության նախարար. կերկարացնեի դասամիջոցները:

Տիգրան Հակոբյան

***

Դպրոցում հենց առաջին ժամին հիշեցի, որ մեր դասարանի Մարիամին դասի տեղը սխալ եմ ասել: Բախտս բերել էր, որ քիմիան 5-րդ ժամին էր: Անհամբեր սպասում էի զանգը տալուն, որ ասեի դասի ճիշտ տեղը: Զանգը տվեց, ներս մտավ տնօրենը: Պետք է հանդես կազմակերպեինք, ամեն դասարանից 5 հոգի պետք է մասնակցեր: Մինչև որոշեցին, զանգը տվեց: Ինքս ինձ ասացի. լավ, մյուս դասամիջոցին կասեմ: Բայց մյուս դասամիջոցն էլ օգտագործվեց ուսմասվարի կաբինետ գնալու համար: Էլի չհասցրեցի: Հետո դասղեկը եկավ ներկա-բացակա անելու: Այդպես մինչև 6-րդ ժամ, 6-րդ ժամից հետո Մարիամը մոտեցավ ինձ և ասաց.

-Հը՞, բան էիր ասելո՞ւ:

-Ուզում էի ասել, որ քիմիայի տեղը սխալ եմ ասել:

-Իմացա, արդեն «2» եմ ստացել:

Եթե ես լինեի կրթության նախարար, կերկարացնեի դասամիջոցները:

Ռիմա Տոֆանյան

***

Զանգը հնչեց: Դասարան մտավ գրականության ուսուցչուհին ու սկսեց բացատրել նոր դասը: Նա պատմում էր Սայաթ-Նովայի մասին: Դե, մենք էլ համարելով անհետաքրքիր, սկսեցինք խոսել միմյանց հետ, գրիչներ փոխանակել: Այդ ժամանակ ուսուցչուհին հայտարարեց, որ հաջորդ դասին Սայաթ-Նովայի երգերն ենք լսելու: Եվ չեք պատկերացնի, թե ինչպիսի լռություն տիրեց մեր դասարանում:

Հաջորդ դասին, երբ սկսեցին հնչել Սայաթ-Նովայի երգերը, լուռ լսում էինք, թեև դրանք ոչ մեկին էլ առանձնապես դուր չէին գալիս:

Եթե ես լինեի կրթության նախարար, դպրոցներում կկազմակերպեի այդպիսի հետաքրքիր դասեր: Բայց քանի որ ես նախարար չեմ, հուսով եմ, որ մեր ներկայիս նախարարն ինքը միջոցներ կձեռնարկի դասերն ավելի հետաքրքիր ու տպավորիչ դարձնելու համար:

Մարիամ Թամազյան

***

Շաբաթվա իմ սիրած օրն էր շաբաթը: Արթնացա և բարձր տրամադրությամբ գնացի դպրոց, տրամադրությունս բարձր էր, քանի որ առջևում մեզ սպասում էր «փրկության օրը»՝ կիրակին: Բայց ուրախ տրամադրությունս երկար չտևեց, քանի որ առաջին դասաժամից ինձ վրա կուտակվեց մաթեմատիկական խնդիրների մի մեծ սար: Մեր «օֆ»-երին ուսուցչուհին արձագանքեց. «Առջևում կիրակի է»: Երկրորդ դասաժամն էլ ուրախալի չէր, մի հսկա տեքստ թարգմանել անգլերենից հայերեն և պատրաստվել ստուգողական գրավորի: Դե, առջևում կիրակի է: Մյուս հանձնարարություններն էլ իրարից հետ չմնացին: Կիրակի է: Ինչպես սկսվեց օրս, այնպես էլ ավարտվեց: Դեռ մի բան էլ ավելի, այդպես էլ անցավ ամբողջ կիրակին:

Եթե ես կրթության նախարար լինեի, կհրամայեի, որպեսզի ուսուցիչները տնային աշխատանքներ չհանձնարարեին, այլ ամեն բան սովորեցնեին դպրոցում կամ էլ գոնե շաբաթ օրը հանգստյան օր անեին:

Սոնա Տոնոյան

***

Դասը նոր էր սկսվել, ու դեռ չէինք հասցրել բացել աշխատանքային տետրերը, երբ լսվեց դասարանցուս՝ Մարկոսի բարձր ձայնը: Նա սովորության համաձայն «շշուկով» գրիչ էր խնդրում իր հարևանուհուց: Նրա «շշուկի» ալիքը տարածվեց ողջ դասարանով և շուտով ընդգրկեց դասարանը: Ոչ մեկի մոտ ավելորդ գրիչ չգտնվեց:

Ուսուցչուհին սկսեց թելադրել: Անցավ մի քանի րոպե: Ուսուցչուհին դեռ թելադրում էր, իսկ Մարկոսը պարապությունից քթի տակ երգում էր և խանգարում դասը: Ես, ստիպված, գրիչս փոխանցեցի Մարկոսին և սկսեցի պայուսակս ևս մեկ անգամ քանդրտել՝ այնտեղից գրիչ գտնելու հույսով: Չգտա: Չէի էլ կասկածում, որ չեմ գտնի: Փոխարենը մի մատիտ հայտնաբերեցի, և մտածելով, որ ուսուցչուհիս շատ չի թելադրի, սկսեցի գրել անմիջապես տետրիս մեջ: Այլևս Մարկոսը մեզ չէր խանգարում: Նա գլուխը կախ գրում էր ուսուցչուհու թելադրածը: Դասին քիչ էր մնացել, իսկ ուսուցչուհիս դեռ թելադրում էր: Դասարանցիներիցս շատերն արդեն քնել էին, իսկ ես չէի կարողանում քնել: իմ քունը չէր տանում, երբ հիշում էի, որ մատիտով այսքան երկար գրվածը պետք է ջնջեի և գրիչով նորից գրեի:

Դե, իհարկե. գրիչս հետ չստացա, իսկ եթե հետ ստանայի, խեղճին պետք է վիրակապերով զարդարեի:

Եթե կրթության նախարար լինեի, գրիչ չունեցող աշակերտներին… Չէ, «պատժի» չէի ենթարկի, որովհետև, անկեղծ ասած, ես էլ եմ մեկ-մեկ գրիչս տանը թողնում: Բայց… Երբ նախարար դառնամ, հաստատ դպրոցս արդեն ավարտած կլինեմ և գրիչ չբերող աշակերտներին ինչ-որ ձևով «պատժի» ենթարկելը ինձ չի սպառնա:

Այ ուրախություն, երբ նախարար լինեմ, ինձ համար քարտուղարուհիս գրիչ կբերի, և ես կազատվեմ «ծանր» գրիչը տանել-բերելու «ծանր» պարտականությունից:

Մանե Տոնոյան

«Մանանայի» արխիվից. 2004թ.