«Եթե ես չհավատայի հրաշքների, երևի թե չէի կարողանա ստեղծել դրանք»

Հարցազրույց «Ամեն ինչ, բացի սովորականից» (“Всё, кроме обычного”) հաղորդման ֆինալիստ, աճպարար Արտակ Մոսոյանի հետ

-Ինչպե՞ս եք ընտրել աճպարարի մասնագիտությունը:

-Դա երևի թե հնարավոր ամենաանհետաքրքիր պատմությունն է: Մոտ 12 տարեկանում համացանցում տեսա մի աճպարարի ելույթ, և ինձ դուր եկավ: Սկսեցի նայել և հետաքրքրվել դրանով, երբ տեսա մի նյութ, որն ասում էր. «Սովորի՛ր մի հնարք հենց հիմա»: Ես ուրախացա, սովորեցի, ցույց տվեցի մայրիկիս: Մայրիկս չզարմացավ, որովհետև շատ վատ ցույց տվեցի, բայց ես հասկացա, որ ունեմ ներուժ և որոշեցի զբաղվել դրանով:

-Իսկ փոքր ժամանակ ի՞նչ էիք ուզում դառնալ:

-Ուզում էի դառնալ ռեստորատոր, որ ունենամ սեփական ռեստորան: Եթե լավ աճպարար լինեմ, կարող եմ նաև ռեստորատոր լինել: Գուցե Կոպերֆիլդի նման կբացեմ իմ մոգության ռեստորանը: Իրականում, միտք ունեի բացել մոգական թեմատիկայով ժամանակի սրճարանի նման հաստատություններ, այսինքն՝ մարդիկ պետք է վճարեն այնտեղ անցկացրած ժամանակի համար: Սակայն դա դեռ գաղափար է:

-Ի՞նչն է Ձեզ ամենաշատը դուր գալիս Ձեր մասնագիտության մեջ:

-Այն, որ ես երևի թե կարող եմ անել ամեն ինչ: Ես անում եմ այն, ինչ մարդիկ չեն կարողանում անել, բայց ուզում են տեսնել: Նաև, ինձ դուր է գալիս ազատությունս: Ես ազատ եմ գործատուներից, աշխատանքային գրաֆիկից, ամենօրյա մոնոտոն գործ անելուց: Իմ աշխատանքը մարդկանց համար երջանկություն և հրաշք ստեղծելն է, ու ես կարծում եմ, որ դա հոյակապ է: Ընդհանուր առմամբ, գրեթե ամեն բան իմ մասնագիտության մեջ ինձ դուր է գալիս:

-Ամենաշատը ու՞մ եք սիրում հնարքներ ցույց տալ՝ ծանոթներին, անծանոթներին, մեծերին, փոքրերին:

-Բոլորին, բայց իմ ցույց տված հնարքները հիմնականում մեծահասակների համար են: Ես ելույթ եմ ունենում տարբեր հնարքներով, սակայն, մանկական մոգության սիրահար չեմ: Ես ուզում եմ, որ աճպարարությունը դիտվի որպես արվեստ, այլ ոչ ուղղակի մի պահ զարմացնող բան: Ես սիրում եմ իմ կախարդանքը մատուցել ինչ-որ հետաքրքիր սոուսով, հետաքրքիր գաղափարով, իմ էության մի մասնիկով: Ցավոք, երեխաներն այդպես չեն ընդունում, քանի որ իրենց ուղղակի անիմատոր է պետք: Անիմատորները շատ լավ, երկաթյա նյարդերով մարդիկ են, ումից մենք շատ բան կարող ենք սովորել, բայց ես ինձ չեմ կարող նույնականացնել անիմատորի հետ:

-Ձեր մասնագիտությունը Ձեզ չի՞ խանգարում հավատալ հրաշքների:

-Ոչ: Ինչպե՞ս այն կարող է խանգարել: Եթե ես չհավատայի հրաշքների, երևի թե չէի կարողնա ստեղծել դրանք:

-Պատահե՞լ է, որ բեմում հնարքը չստացվի, և եթե այո՝ ի՞նչ եք արել:

-Այո, պատահել է: Ես հասկանում եմ, որ ֆիլմերում շատ է լինում, որ մեկը հնարք է ցույց տալիս, չի ստացվում, բայց նա հետաքրքիր կերպով դուրս է գալիս այդ իրավիճակից, և ստացվում է ավելի լավ բան: Սակայն, իմ դեպքում, ես ուղղակի հուսահատված լքեցի բեմը:

-Օրվա մեջ ինչքա՞ն ժամանակ եք տրամադրում հնարքները «վարժեցնելուն»:

-Հիմա ավելի քիչ, քանի որ արդեն ունեմ որոշ հմտություններ, որոնք ուղղակի պետք է պահել նույն ձևով: Սակայն, ամեն օր պետք է ժամանակ տրամադրել դրան, որ հնարքներն ավելի ու ավելի լավ ստացվեն: Երբ նոր էի սովորում, ամեն օր 4-5 ժամ տրամադրում էի հնարքներին՝ անընդհատ կրկնելով նույն բանը: Դա բարդ էր, բայց անհրաժեշտ էր: Ու հենց նրա շնորհիվ, որ ես այն ժամանակ լավ աշխատել էի, հիմա մի քիչ ծուլացել եմ, բայց կուղղեմ դա:

-Բեմական մոգության ի՞նչ տեսակների եք տիրապետում:

-Ես կարող եմ աշխատել բոլոր տեսակներով, բայց սիրում եմ միկրոմոգության տեսակը (close up), որը շատ տարածված է Ամերիկայում և Եվրոպայում: Աճպարարը ստեղծում է փակ ցուցադրություն ոչ մեծաքանակ հանդիսատեսի (50-70 հոգու) համար, որի ժամանակ մարդիկ շունչները պահած նայում են, թե ինչ է կատարվում: Երբեմն ստիպված եմ լինում բեմում մեծ շոուներ անել, օգնականներով և այլն, բայց դա ինձ այդքան էլ դուր չի գալիս: Ինձ թվում է, որ բեմական մոգությունը որպես ժամանցի տեսակ քիչ-քիչ վերանում է: Եթե Ռուսաստանում դա դեռ ընդունված է, ապա Ամերիկայում, Եվրոպայում և մյուս այն երկրներում, որտեղ բեմական մոգությունը հասարակության համար շատ կարևոր մաս է՝ դժվար ընդունելի է: Իրենց պետք է ինչ-որ ավելի մեծ բան, ավելի իմաստավոր: Նրանք ուզում են գալ և շունչները պահած նայել, թե ինչ է կատարվում, ու այդ ժամանակ իրենց էլ պետք չեն պարող աղջիկներ, արկղեր, մասնատումներ և այլն:

-Դուք ունե՞ք ամենասիրած հնարք:

-Ոչ: Հարցն այն է, որ քչերը գիտեն, որ ինչպես յուրաքանչյուր այլ արվեստում, այնպես էլ աճպարարության մեջ կա որոշ հիմք, որոշ արդեն պատրաստի հնարքներ և դրանց օգնությամբ, դրանք համադրելով են մարդիկ ստեղծում նորերը: Այսինքն՝ եթե ես ասեմ, որ ունեմ ամենասիրած հնարք, ես սխալ կլինեմ, քանի որ մի շաբաթից կարող եմ փոփոխել այդ հնարքը: Այն ինչ-որ չափով նման կլինի իր առաջին տարբերակին, բայց միևնույն ժամանակ շատ կտարբերվի: Այսպիսով, չեմ կարող նշել ամենասիրած հնարք, բայց կարող եմ ասել, որ ունեմ ամենասիրած ռեկվիզիտ՝ մետաղադրամներ: Ես շատ եմ սիրում աշխատել մետաղադրամներով և դրանցով ցույց եմ տալիս ամենատարբեր հնարքներ:

-Ի՞նչ կասեիք այն մարդուն, ով ասեր, որ Ձեր մասնագիտությունը մարդկանց խաբելն է, և ուրիշ ոչինչ:

-Նախ, ինձ այդպես ասել են, երկրորդ, ինձ շարունակում են այդպես ասել: Եկեք սկզբում հասկանանք, թե ի՞նչ է խաբեությունը և ի՞նչ է պատրանքը: Խաբեությունը այն է, երբ մոլորեցնում են մարդուն, և նրան դրանից վատ է լինում: Պատրանքի դեպքում մարդուն մոլորեցնում են, բայց նրան դրանից լավ է լինում: Ես չեմ կարող դա վատ բան համարել: Այո, ես մարդուն ճշմարտությունը մինչև վերջ չեմ ասում, բայց դա նրան դուր է գալիս: Նաև, եթե ինչ-որ մեկը չի ցանկանում նայել իմ հնարքները, ես չեմ պարտադրում: Լինում են հանդիսատեսներ, որ չեն ուզում խաբված լինել կամ հուսահատվում ու նեղանում են, որ չեն հասկանում, թե ինչպես արեցի: Այդ դեպքում ես ոչինչ չեմ կարող անել, եթե չեն ուզում նայել՝ կարող են չնայել: Քանի որ իմ բարեկամների մտածելակերպը, այսպես ասած, մի քիչ մնացել է սովետական մակարդակում, նրանք ասում են, որ աճպարարները դրամաշորթ են ու խաբեբա: Սակայն դա նորմալ է, քանի որ 90-ականներին շատ մարդիկ են խաբվել: Այդ դեպքերի պատճառով մեր արվեստին բացասական են վերաբերվում հենց Ռուսաստանում և հետխորհրդային երկրներում: Ուղղակի ժամանակ է պետք: Երբ հաղորդման շրջանակներում ինձ սկսեցին հեռուստացույցով ցույց տալ, բոլոր բարեկամներս սկսեցին հակառակն ասել: Այսինքն՝ տուր նրանց արդյունք, ցույց տուր, որ իրականում դա լավ բան է, և նրանք սկսում են հասկանալ այդ: Ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչները շատ լավ են վերաբերվում մասնագիտությանս:

-Ունե՞ք սիրած աճպարար, որ ոգեշնչում է Ձեզ:

-Այդպիսի մի մարդ չկա: Ես կարող եմ անվանել վարպետների, ումով հիացել եմ և ում օգնությամբ սովորել եմ անել այն ամենը, ինչ հիմա կարողանում եմ ցույց տալ: Չեմ կարող ասել, որ հասել եմ գերազանց արդյունքների, բայց մի քիչ լավ արդյունք կա, և դա Ամերիկայի աճպարարների շնորհիվ է: Ես կանվանեմ երկու-երեքին, բայց նրանք ավելի շատ են: Նրանք այդքան էլ հայտնի չեն ոչ աճպարարների շրջանում՝ Դեյվիդ Սթոուն, Դեյվիդ Ռոդ և Էրիկ Ջոնս: Նրանք հիմա Ամերիկայում խթանում են այս ժանրը այնքան լավ ու հետաքրքիր ձևով, որ մարդիկ գնում են իրենց համերգներին, ոչ այնքան հնարքներ նայելու, ինչքան հենց այդ կատարողներին՝ որպես անձ տեսնելու: Դա հենց այն է, ինչին ես ձգտում եմ:

-Ի՞նչ իրավիճակում կթողնեք Ձեր մասնագիտությունը:

-Երևի պատերազմի ժամանակ: Չնայած, դժվար թե: Ես մտածել եմ այդ մասին: Անգամ մտածել եմ, թե ինչ կարող է լինել, եթե, օրինակ՝ իմ ձեռքերը կտրեն: Ես անգամ ելքն եմ գտել: Մարդկանց կասեմ, որ կարողանում եմ մտքեր կարդալ, իմանալ անցյալն ու ապագան և կսկսեմ ելույթ ունենալ որպես մենտալիստ: Մենտալիստներն էլ են աճպարարներ, բայց իրենց ներկայացնում են որպես մտքեր կարդացողներ կամ գուշակներ: Բայց ես նրանց անվանում եմ ոչ աշխատասեր աճպարարներ: Չնայած, կարող եմ անվանել մի հիանալի անգլիացի մենտալիստի՝ Դերոն Բրաունին, ում դժվար է ծույլ անվանել:

-Ի՞նչ խորհուրդ կտաք մեկին, ով ուզում է զբաղվել աճպարարությամբ:

-Ոչ մի խորհուրդ չեմ տա: Եթե ինձ մոտ գա մեկն ու ասի, որ շատ է հավանում այն, ինչ անում եմ, և ուզում է ինձ պես անել, ես կպատասխանեմ, որ դա շատ լավ է, թող անպայման փորձի, ու կստացվի, և վերջ: Իսկ եթե նա գնա ու գտնի ինչ-որ բան, գա ու ցույց տա, թե ինչ է սովորել, ես նրան կկարողանամ օգնել: Ուղղակի իմ ելույթներից հետո հանդիսատեսներից շատերն են ոգևորությունից ուզում հնարքներ սովորել, ասում են, որ սովորեցնեմ, բայց ես մարդկանց չեմ սովորեցնում: Հիմա մեզ մոտ այնքան զարգացած է ինֆորմացիոն ոլորտը, որ մարդն ինչ էլ ուզի դառնալ, կարող է դառնալ: Ուզու՞մ է աճպարար դառնալ, ժամանակ կծախսի, կգտնի, կհասկանա ու կանի: Ու եթե այնպիսի մեկը գա, որ սկսել է, բայց չգիտի, թե հետո ինչ անի, ինչպես հմտանա և այլն, այդ դեպքում, իհարկե խորհուրդներ կտամ, թե ինչպես ճիշտ և լավ զարգացնի իր հնարքները:

-Ի՞նչ դժվարությունների բախվեցիք «Ամեն ինչ, բացի սովորականից» հաղորդմանը մասնակցելու ժամանակ:

-Հաղորդման ժամանակ ամենադժվարը հենց ելույթ ունենալն էր, քանի որ նկարահանումների ժամանակ ես հիվանդացել էի թոքաբորբով: Ամեն վայրկյան հազում էի և խեղդվում: Առաջին փուլի հոլովակում մի քիչ երևում է, որ փորձում եմ պահել ու չհազալ, բայց չի ստացվում: Եվ երևի ամենադժվարը ոչ թե հնարքներն էին, որ արդեն մի քանի տարի է հաջողությամբ ցույց եմ տալիս, այլ հիվանդության դեմ պայքարելը, քանի որ նկարահանում է, և ոչ մի դեպքում չի կարելի կանգնեցնել այն, և ոչ ոք չի էլ կանգնեցնի: Ամեն բան արդար է՝ հազացիր, վատ արեցիր, հեռացիր: Ամեն դեպքում, ընդհանուր առմամբ ելույթս այնքան էլ վատ չստացվեց:

-Ի՞նչ տվեց Ձեզ հաղորդումը:

-Երևի թե ես սկսեցի ավելի շատ սիրել ելույթ ունենալ մեծաքանակ հանդիսատեսի առաջ: Այնտեղ կային աճպարարներ, որ մեծ համարներ էին ցույց տալիս՝ մեծ արկղերով, կրակներով և այլն, իսկ ես ցույց տվեցի փոքր, շատ փոքր հնարք, որտեղ պետք էր շատ ուշադիր հետևել ամեն բանին, ու հանդիսատեսին դա շատ դուր եկավ: Ես շատ ուրախացա հենց դրա համար: Դա նրանից է, որ իմ հնարքները ձեռքերի ճարպկության շնորհիվ են կատարվում, որն ավելի մոտ է մարդկանց, քան աճպարարական սարքերը, որի դեպքում մարդիկ հասկանում են, որ հնարքը դրանց մեջ է: Ես հուսով եմ, որ մարդիկ այդպես են մտածում: Նաև, քանի որ ես սովորել եմ միայն եվրոպական (իսպանական, իտալական) և ամերիկյան տեսություններով, ռուսական մոգական դպրոցին ծանոթ չէի: Հաղորդմանը իրենց փորձելու էին եկել Ռուսաստանի և ԱՊՀ-ի բացարձակապես բոլոր աճպարարները: Քանի որ ես տեսա ամբողջ պատկերը ներսից, սկսեցի հասկանալ, թե ուր է գնում և ինչի է ձգտում մոգությունը Ռուսաստանում: Երևի թե կասեմ, որ այն շատ արագ ձգտում է ներքև, ու դա ինձ տխրեցրեց:

-Դուք եղե՞լ եք Հայաստանում:

-Այո, փոքր ժամանակ: Ես ծնվել եմ Վրաստանի հայկական փոքր քաղաք Նինոծմինդայում, որն այն ժամանակ կոչվում էր Բոգդանովկա: Այն շատ մոտ է Հայաստանին, այնպես որ եղել եմ Հայաստանում: Երևանում էլ եմ եղել: Երբ 6-7 տարեկան էի, մենք տեղափոխվեցինք Ռուսաստան, և դրանից հետո ես չեմ վերադարձել: Առհասարակ, Ռուսաստանից այլ տեղ չեմ գնացել: Չնայած դրան, ուզում եմ գալ, բայց թե երբ ու ինչպես, դեռ հարց է մնում: Ինձ համար Հայաստան գալ նշանակում է գալ ամենաքիչը մի ամսով, քանի որ շատ բարեկամներ ունեմ, ում պետք է հանդիպեմ: Մի ամիս տևողությամբ ուղևորություն կազմակերպելը բարդ է, բայց ես փորձում եմ անել դա:

-Դուք գիտեք հայերեն: Ձեզ համար ինչո՞վ է կարևոր Ձեր մայրենի լեզուն իմանալը:

-Քանի որ ես իմ հայրենիքից հեռու եմ գտնվում, լեզուն օգնում է ինձ չզգալ այդ հեռավորությունը, այդ պատնեշը: Հայերենն ինձ օգնում է հայ զգալ: Ես դժվարությամբ եմ հասկանում մարդկանց, որ ասում են, թե ինչ-որ ազգի են պատկանում, բայց իրենց մայրենի լեզուն չգիտեն: Նկատի ունեմ, որ կարող են լինել շատ տարբեր իրավիճակներ, բայց իմ դեպքում, մեր ընտանիքում մենք միշտ խոսում ենք հայերեն, և երբ ռուսերեն եմ պատասխանում, ծնողներս խոսում են վրաս: Իհարկե, ինձ ավելի հեշտ է դժվար բառեր ասել և ավելի ճիշտ արտահայտել մտքերս ռուսերեն, քան հայերեն, բայց դա Հայաստանից հեռու գտնվելուց է: Նաև, երբ ես Մոսկվայում հանդիպում եմ այլ հայերի, ու նրանք հարցնում են` գիտեմ հայերեն, թե՝ ոչ, ես հպարտորեն հայերեն եմ խոսում: Հայերենն ինձ օգնում է կապված մնալ Հայաստանի հետ անգամ հեռու գտնվելով: