Եթե խոսել իմանար

Ես հիմա կպատմեմ մի պատմություն, որն ամենից շատն է հուզում ինձ: Մեր տանից ոչ հեռու ապրում էր մի ընտանիք: Մենք ընտանիքներով շատ մոտ էինք միմյանց հետ: Նրանք գալիս էին մեր տուն, մենք` նրանց, և այդպես շարունակ: Մեր հարևաններն ունեին մի կատու: Կատվի անունը Վասյա էր : Ես շատ էի սիրում կատվին: Վասյան մի քանի ամսական էր, երբ հայտնվեց մեր հարևան ընտանիքում, և մի տեսակ բոլորի համար հարազատ էր դարձել: Սակայն մի օր, երբ մեր հարևանուհին մեր տուն էր եկել, լսեցի, որ արդեն պետք է տեղափոխվեն տնակից իրենց նոր բնակարան: Մենք շատ ուրախացանք, որ նրանք նոր տուն պետք է ունենան, բայց հարևանուհին ասաց, որ նոր բնակարանում Վասյայի համար տեղ չկա: Նրանք կատվին իրենց հետ չէին կարող վերցնել: Եվ անօգնական Վասյան մնալու էր այդ անբնակ տան բակում:

Եվ նրանք տեղափոխվեցին, իսկ կատուն մնաց մենակ: Ես ամեն օր առավոտյան և երեկոյան գնում էի նրան կերակրելու: Վասյան շատ տխուր էր, երևի շատ էր կարոտում իր ընտանիքին: Քանի գնում էր, ես ավելի ու ավելի էի մտերմանում նրա հետ: Շուտով կատուն էլ ինձ ընտելացավ: Սպասում էր ինձ, և տեսնելով, վազելով գալիս էր ինձ մոտ: Մենք շատ էինք մտերմացել: Եվ այդպես կշարունակվեր, եթե…

Մի օր, սովորականի նման գնացի նրան տեսնելու, կերակրելու և հետը խաղալու: Բայց  ոչ մի տեղ չգտա կատվին: Ես սարսափած վազում էի այս ու այն կողմ, որ գտնեի նրան, բայց նա չկար ու չկար: Մի պահ քարացա` մտածելով,  որ կարող է ինչ որ վատ բան պատահած լիներ կատվի հետ, և վազեցի փողոց: Տեսարանը, որ բացվեց իմ առաջ, երևի կյանքումս չմոռանամ: Իմ սիրելի կատուն դարձել էր ինչ-որ սառնասիրտ վարորդի անիվի զոհը: Ես շտապ մոտեցա, բայց իզուր, իմ անօգնական կատուն էլ չէր շնչում:  Ով գիտի, գուցե Վասյան կարոտից դուրս էր եկել, որ փնտրի իր ընտանիքը, գուցե ուզում էր ինձ հյուր գալ…

Ես շատ, շատ տխուր էի. Չգիտեի ում դիմել, ինչ ասել: Գթասիրտ եղեք, մարդիկ, կենդանիներն էլ իրավունք ունեն ապրելու, խելամիտ եղեք և մի լքեք նրանց, եթե արդեն վարժեցրել եք ձեզ, ու նրանք ձեզ իրենց ընտանիքին են համարում և ձեր կարիքն են ունենում…