Եթե հիմա լավ չէ, ուրեմն, դեռ վերջը չէ

Ողջո՛ւյն,  հարազա՛տս,  չեմ հարցնում,  թե ինչպես ես,  հիմա բոլորս էլ նույն հոգեվիճակում ենք:  Գիտե՞ս, ես չեմ ուզում դիմել անտարբեր աշխարհին: Ես գրում եմ հենց քեզ՝ իմ հարազատին, հայրենիքով իսկապես մտահոգված և սառը դատող հային:

Գիտե՛մ՝ դժվար է, հուսահատությունը պատել է բոլորիս սրտերը, մի տեսակ հիասթափված ու թուլացած ենք դարձել: Գիտե՛մ, գիտե՛մ, կարող ես ոչինչ չասել, ես հիմա հասկանում եմ քեզ ու քո ապրումները: Դու ևս գոնե մեկ ծանոթ կամ հարազատ ես կորցրել այս օրերին, այնպես չէ՞: Այո՛, շա՜տ դժվար է, Հայոց պատմության հերթական դժվարին փուլն է, բայց խնդրում եմ, ընկե՛րս, մի՛ ասա, թե կարծում ես՝ սա վերջն է: Ի՞նչ է, դու քեզ պարտվա՞ծ ես համարում, վե՞րջ, այսքա՞նն էր մեր պայքարը… Երևի կասես, թե սրանից հետո էլ ի՞նչ պայքար կարող է լինել:

Լսի՛ր, քեզ մի կարևոր բան եմ ասելու: Իրականում այն ժամանակ է տեղի ունենում պարտությունը, երբ ինքդ քեզ պարտված ես համարում: Չէ՛, չմտածես, թե ասելու եմ, իբր սա մեր բարոյական հաղթանակն է: Ես լրիվ մեկ ուրիշ բան եմ ուզում ասել: Պատերազմում, որտեղ մարդիկ են զոհվում, որտեղ երազանքներ ունեցող զինվորների կյանքեր են ավարտվում, որտեղ երեխաների մանկություն է ապականվում, չի կարող լինել հաղթանակ: Մեր միակ հաղթանակը կլինի խաղաղությունը:

Ես ինձ պարտված չեմ համարում, եթե ոչ այսօր, ապա վաղը, մեկ ամիս հետո, մեկ կամ տասնյակ տարիներ հետո բոլորը պատասխան են տալու: Մենք վերադարձնելու ենք այն, ինչ մերն է, մենք պարտավոր ենք, մեր հերոսներն են մեզ այդ պարտադրել, հիշում եք, չէ՞:

Հիմա մեզ բոլորիս էլ հանգիստ է պետք, գոնե մի որոշ ժամանակ մեր ուժերը համալրելու, հավաքվելու և վրեժի հետքերով գնալու համար:

Շատ մեծ ցավ է հայ ժողովրդի համար. հողը, որը հիմա հանձնում ենք թշնամուն, այսքան տարիներ պահպանվել է մեր քաջորդիների արյան գնով, չափից դուրս շատ թանկ ենք վճարել, մենք կորցրեցինք:

Առհասարակ ամեն ինչի վերջում էլ լավ է լինում, եթե հիմա լավ չէ, ուրեմն սա դեռ վերջը չէ: Մենք դեռ շարունակելու ենք ապրել, արարել, ստեղծել, օրերից մի օր էլ արժանի պատասխան տալ, եթե ոչ մեր, ապա գոնե մեր հերոսների համար, նրանց զոհաբերությունը անտեղի չդարձնելու համար: Բոլորիս համար էլ սա շատ մեծ կորուստ է, անբացատրելի է այն ամենը, ինչ զգում ենք, բայց մենք թուլանալու իրավունք չունենք…

Մենք միայն մեզ ունենք, և գոնե մեր մեջ պետք է համերաշխություն և միասնականություն լինի: «Ով հայ ժողովուրդ,  քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է». ասում էր Եղիշե Չարենցը…

Պատերազմի ընթացքում ես երբեք չեմ կասկածել և չեմ էլ մտածել պարտության մասին, ես հոգեպես պատրաստ եմ եղել միայն հաղթանակի և հիմա էլ մեր պարտությունը ընդունել չեմ կարողանում: Այժմ մեր անելիքները շատ ավելին են, քան առաջ, պատերազմը հիմա էլ չի ավարտվել, սա ուղղակի նրա հերթական փուլն է: Մենք պետք է միախմբվենք ու ինքներս մեզ ցույց տանք, որ չենք համակերպվել ու չենք էլ համակերպվելու, որ այդ անիծյալ փաստաթուղթը մեր ողջ ճակատագրի որոշողը չէ, այլ ուղղակի միջոց` մի քանի հազար քաջորդիների կյանքեր փրկելու և այդքան ընտանիքների լույսերը չմարելու համար:

Ըստ իս՝ ներկա իրավիճակում ամենից առաջ ձայնի իրավունք ունի զինվորը, կամավորը, նրանք, ովքեր այս օրերին սովորել են ապրել մահվան վտանգը սրտում, տեսել են իրենց ընկերների մահը, ունեցել այնպիսի ապրումներ, որոնք մենք, միևնույնն է,   լիարժեք չենք հասկանա:

Մենք միշտ էլ վտանգի ներքո ենք ապրել, հիմա էլ ապահովագրված չենք, և երևի դու էլ դա շատ լավ ես հասկանում: Առանց այդ էլ ամիսուկես չենք ապրել, կորցրել ենք տղաներ, և այն էլ ինչպիսի՜ տղաներ… Եվ հիմա չափազանց դժվար է ընդունելը, որ այդ հերոսների կյանքի գնով պահված հողը օտարինն է լինելու: Ցանկացած ծնողի համար էլ ամենակարևորը իր զավակն է, և այս օրերին որքա՜ն ծնողներ հայրենիքին նվիրեցին իրենց ամենաթանկը. դա անդառնալի կորուստ է:

Ես և դու չենք եղել այնտեղ՝ պատերազմում, և չգիտենք, թե ինչ իրավիճակում են եղել մեր զինվորները, միայն նրանց պատմածները լսելիս փշաքաղվում եմ, իսկ նրանք ապրել են այդ կյանքով, այդ ամենը զգացել սեփական մաշկի վրա:

Ես և դու չենք պարտվել ու չենք պարտվելու: Մեր հերոս եղբայրները մեզ պատգամել են չհանձնվել, իսկ սա հանձնվել չէ, ուղղակի հիշիր, որ այս ամենը անկասկած ժամանակավոր է, մենք մեր հայի տեսակը պահպանելու համար պետք է այս մի փուլն էլ հաղթահարենք, իրար թիկունքի կանգնած ծաղկեցնենք մեր երկիրը, ոչ թե միմյանց թիկունքին հարվածենք:

Հայոց պատմությանը վերջին էջը կփակվի այն ժամանակ, երբ բոլորս հանձնվենք, կորցնենք մեր հույսը և տրվենք սադրանքներին: Իմ հարազա՛տ, իմ ազգակի՛ց ընկեր, արի հարգենք որդեկորույս մարդկանց վիշտը,  փորձենք լռել, մի փոքր էլ սպասել, և ես վստահ եմ, որ ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակները հեշտ չեն տրվում, պայքար է անհրաժեշտ, բայց քանի դեռ մենք կռիվ ենք տալիս երկրի ներսում, հակառակորդը դրանից միայն ավելացնելու է իր շանսերը ավելին ստանալու համար:

Մենք դեռ շատ անելիքներ ունենք, առաջնագծից վերադարձող տղաները մեր աջակցության կարիքն ունեն, պետք չէ միայն զոհվածների մասին խոսել, չպետք է փրկվածներին այնպես դիմավորենք, որ իրենց մեղավոր զգան ապրելու համար: Նրանցից յուրաքաչյուրի հոգու մեջ էլ մի փոքր մաս զրկվել է կյանքից, երբ այդքան մահ են տեսել իրենց կողքին: Մենք պետք է վերակենդանացնենք նրանց, նրանց հոգու բոլոր մահացած անկյուններում սեր ու ջերմություն սփռենք՝ ի երախտիք մեզ պաշտպանելու և հայրենիքի համար ոչինչ չխնայելու նրանց սուրբ գործի:

Հա՛յ զինվորներ, մեր քա՛ջ եղբայրներ, դուք արել եք առավելագույնը, գուցե մենք՝ ժողովուրդս, պարտվել ենք, բայց դուք` երբեք: Դուք հաղթել եք և վերադառնալու եք հաղթանակով:

Կեցցեք, հերո՛ս տղաներ, հերոսների հերո՛ս ծնողներ, հարազատնե՛ր, գիտակի՛ց, մտահո՛գ հայեր: ՍԱ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ՉԷ: Հաղթանակները դեռ առջևում են, և ես հավատում եմ դրան:

Մեր լուսավոր տղաների հոգու լույսը մեր մեջ կրելով՝ մենք պարտավոր ենք համախմբված լինել:

Չհանձվե՛ս, բարեկա՛մս, ուղղակի խնդրում եմ, երբեք չհուսահատվես: