Եթե միայն հավատաս` հրաշքներ վրանում էլ կլինեն

Արարատից՝ Լոռի, Վանաշենից՝ Լեռնավան ձգված ուղի: Ավերված տնից՝ մինչև մեռածի հարություն տեսած աչքեր: Ցավալի կորուստներից՝ մինչև դժվարությունների հաղթահարում ու ժպիտ…  49 տարվա խրթին ճանապարհ, որը լի է եղել ինչպես հետաքրքիր ու դրական, այնպես էլ հուզիչ, ծանր ու դժվարին իրադարձություններով ու պատմություններով:

Զրույց մորս՝ Ժաննա Այվազյանի հետ:

-Կխնդրեի՝ մի փոքր պատմեիր քո մասին:

-Ծնվել եմ 1966թ.-ին Արարատի շրջանի Վանաշեն գյուղում: 1974-1984 թթ. սովորել եմ գյուղի միջնակարգ դպրոցում, այնուհետև ընդունվել եմ ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ: Նախքան ավարտելս ամուսնացել և եկել եմ Լոռու մարզի Լեռնավան գյուղ: Ավարտել եմ 1989թ.-ին և նույն տարում էլ ընդունվել եմ Սպիտակի Ֆ. Նանսենի անվան հիվանդանոցում որպես ավագ տնտեսագետ: Այնտեղ աշխատել եմ 7 տարի: Մոտ 10 տարի ընդմիջումից հետո, որի ընթացքում մեծացրել եմ 3 երեխա, 2010թ.-ից աշխատանքի եմ անցել Լեռնավանի գյուղապետարանում, որպես՝ գյուղապետի օգնական:

-Ի՞նչ կպատմես ձեր հայրական գյուղից՝ Վանաշենից:

-Գյուղի բնակչության մի մասը գաղթել է Վանից, իսկ մյուս մասը հայրենադարձվել են Իրանից և Սիրիայից: Գյուղի նախկին անունը եղել է Թայթան, հետո, երբ Հովհաննես Շիրազը այցելել է գյուղ, իր առաջարկությամբ գյուղը անվանափոխվել է՝ Վանաշեն: Գյուղն ունի շատ գեղեցիկ դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, իսկ վերջերս Եղեռնի հարյուրամյակի առթիվ գյուղում բացվել է հուշակոթող: Գյուղի բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ, այգեգործությամբ: Գյուղում հայերի հետ կողք-կողքի համերաշխ ապրում են նաև եզդիներ: Բավականին բարեկեցիկ գյուղ է:

- Ի՞նչ կասես Լեռնավանի մասին, որտեղ այժմ բնակվում ես:

-Լեռնավան համայնքը ոչ մեծ գյուղ է: Ունի 1600 բնակչություն: Այս գյուղի նախկին անունը եղել է ՝ Ղաչաղան: Տեղացիների մի մասը գաղթել է Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, իսկ ավելի փոքրաթիվ մասը՝ Մշո Գոպալ գյուղից: Գյուղը  շատ է տուժել երկրաշարժից. երկրաշարժի ժամանակ քանդվել են բոլոր կարևոր նշանակության շինությունները: Նախկինում ունեցել է մշակույթի տուն, մանկապարտեզ, գրադարան, որոնք մինչև այժմ չեն վերականգնվել: Գյուղում կա 19-րդ դարի եկեղեցի, որը վերակառուցվել է բարերար Մանվել Կարապետյանի միջոցներով 1996 թ.-ին: Գյուղի աջաթևյան բարձունքում կա պուրակ, որտեղ տեղադրված են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների անվանական  հուշաքար և հուշակոթող, դրանց հարակից՝ երկրաշարժի զոհերի հիշատակին՝ խաչքար, ինչպես նաև վերջերս՝ գյուղի ազատամարտիկներից՝ Վոլոդյա Հովհաննիսյանի (Քեռի) մահից հետո տեղադրվեց աղբյուր-հուշաքար: Գյուղը շրջապատող լեռներից մի քանիսում կան դեռևս չուսումնասիրված քարանձավներ, օրինակ՝ Արջի բուն, Թագավորի թախտ անունները ստացած քարանձավները: Գյուղում գործում է դպրոց և նախակրթարան՝ մեկ շենքում: Գյուղի տղամարդկանց մեծ մասը մեկնում է արտագնա աշխատանքի, իսկ բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ և անասնապահությամբ:

-Որո՞նք են Վանաշենի և Լեռնավանի գլխավոր տարբերությունները:

-Վանաշեն գյուղը ունենալով մշակույթի տուն, գրադարան, մարզասրահ, գյուղի երեխաներին, երիտասարդությանը լրացուցիչ կրթվելու և հագեցած առօրյա ունենալու հնարավորություն է տալիս: Իսկ Լեռնավանը չունի նմանատիպ կառույցներ: Վանաշենը, գտնվելով մայրաքաղաքին մոտ, ավելի լայն հնարավորություն է ստեղծում բնակչության համար: Շատ է նաև կլիմայական տարբերությունը, քանի որ Արարատյան դաշտավայրում ամռանը շատ շոգ է, իսկ Լեռնավանը գտնվելով լեռնային շրջանում, գտնվելով ծովի մակարդակից 1700մ բարձրության վրա ավելի զով է:

-Մեկում ծնվել, հասակ ես առել, իսկ մյուսում ապրում ես արդեն երկար տարիներ, այժմ ո՞ր գյուղն է քեզ ավելի հոգեհարազատ և ինչո՞ւ:

-Այս գյուղը, որովհետև այստեղ ես տուն եմ կառուցել, լավ այգի եմ հիմնել, իմ երեխաները այստեղ են ծնվել, մեծացել: Այստեղ աշխատում եմ և իմ աշխատանքով ինչ-որ չափով իմ ներդրումն ունեմ գյուղի զարգացման հարցում: Եվ հետո, ես Վանաշենում ապրել եմ ընդամենը 17 տարի, այսպես ասած, երեխա հասակում, և շատերին չեմ ճանաչել, այդ պատճառով շատ կապված չեմ այնտեղի բնակչության հետ: Իսկ Լեռնավանում ապրել եմ իմ գիտակից կյանքի տարիները և աշխատանքի բերումով արդեն կապվել եմ, կարելի է ասել, ամբողջ գյուղի բնակչության հետ:

-Դու նշեցիր, որ ԵՊՀ-ն ավարտել ես 1989թ.-ին, այսինքն՝ Սպիտակի երկրաշարժից մեկ տարի անց, բայց ամուսնացել և Լեռնավան ես տեղափոխվել ավելի վաղ: Երկրաշարժի ժամանակ դու գյուղո՞ւմ ես եղել, ի՞նչ հիշողություններ ունես կապված այդ չարաբաստիկ աղետի հետ:

-Ոչ, գյուղում չեմ եղել: Քանի որ դեռևս ուսանող էի, ամսի 6-ի երեկոյան Սպիտակից ամուսնուս հետ եկանք Երևան: Երկրաշարժի պահին գտնվել եմ հանրակացարանի իմ սենյակում: Շենքն ահավոր ցնցվեց, վազեցի միջանցք, բոլորը խառնվել էին իրար՝ չհասկանալով՝ ինչ է կատարվում: Երբ ցնցումն անցավ, մի քանի համակուրսեցիներով հավաքվեցինք մի սենյակում, քննարկում  և անգամ կատակում էինք՝ չիմանալով, թե ինչ է կատարվել այստեղ…

-Ինչպե՞ս իմացար, թե ինչ է եղել:

-Այն ժամանակ ամուսինս նույնպես ուսանող էր և այդ պահին դասի էր: Երբ վերադարձավ դասից, որոշեցինք գնալ Երևանում ապրող իր քրոջ տուն: Երբ գնացինք, քրոջ ամուսինն արդեն իմացել էր, և ամուսինս վերջինիս հետ եկան Սպիտակ, իսկ ինձ ասաց, որ առավոտյան գնամ Վանաշեն: Երբ ես առավոտյան գնացի Վանաշեն, պարզվեց՝ հայրս երեկոյան իմանալով դեպքի մասին, և չիմանալով, որ ես արդեն Երևանում եմ եղել այդ ժամանակ, մեքենայով անհապաղ մեկնել է Լեռնավան: Հեռվից քանդված տեսնելով ամուսնուս հայրական տունը, մեծ վախ է ապրել, հետո մոտենալով, դրսում տեսել է ամուսնուս հորն ու մորը: Բայց քանի որ մեզ չի տեսել, մտածել է, թե մենք մնացել ենք փլատակների տակ, և ընկել է ծանր հոգեկան վիճակի մեջ: Հետո է միայն իմացել, որ մենք դեռ ամսի 6-ին մեկնել էինք Երևան: Բայց դեռ չէր հավատում: Ինքը լինելով Լեռնավանի հարևանությամբ գտնվող՝ Ջրաշեն գյուղի ծնունդ, գնում է այնտեղ, տեսնելու իր հարազատների վիճակը: Դրսում՝ անօթևան մնացած  հարազատներից մի քանիսի երեխաներին իր եկած մեքենայով, իր հետ եկած մարդու հետ ուղարկում է Վանաշեն, և պատվիրում է այդ մարդուն, տեսնել՝ իրո՞ք ես այնտեղ եմ, թե ոչ, ու վերադառնա: Այդ մարդը գալ-գնալով հաստատում է իմ ողջ լինելը, բայց հայրս 40 օր մնաց Ջրաշենում՝ օգնելու ում ինչպես կարողանա…

-Ձեր ընտանիքը ինչպիսի՞ կորուստներ ունեցավ երկրաշարժի պատճառով:

-Ամենամեծ կորուստը մարդկային էր… Մահացան ամուսնուս քույրը և տղան… Քանդվեց տունը: Հայրդ, գիտես, մասնագիտությամբ նկարիչ էր, թեև երիտասարդ տարիքին, արդեն հասցրել էր ունենալ մի քանի ցուցահանդեսներ և բավականին ճանաչում: Պատրաստվում էր հերթական ցուցահանդեսին՝ Վանաձորում, և ներկայացվելիք նկարները թողել էր հայրական տանը: Երկրաշարժի հետևանքով նկարների մեծ մասը վնասվեցին… Փրկվեցին միայն մի քանիսը… Մեծ կորուստ էր նաև այն, որ Երկրաշարժից հետո հետո նա այլևս երբեք վրձին ձեռքը չառավ…

-Ի՞նչ ապրումներ ունեցար, երբ  եկար և ամեն ինչ տեսար ավերված:

-Երբ եկա ու տեսա, սարսափ ապրեցի… Ինձ թվում էր, որ էլ երբեք հնարավոր չի լինի վերականգնել այդ ավերածությունները: Շատ մեծ ցավ ապրեցի:
Հայրիկիդ պատմած մի դեպք եմ հիշում: Երբ գալիս հասնում են Սպիտակ, գիշեր է լինում: Դե, պարզ է, որ այն ժամանակ էլ լույսի հնարավորություն չկար: Երբ քայլերն ուղղում է քրոջ բնակարանի կողմը, ասում էր՝ զգացի, որ ոտքս մի կլոր բանի դիպավ, մտածեցի ինչ-որ առարկա է, բայց… Կրակայրիչի լույսը երբ գցում է ոտքի ճամփան տեսնելու համար, տեսնում է մահացած կնոջ գլուխ… Եվ այդ պահին ահավոր վախ է ապրում…
Երբ ավարտեցի՝ 1989թ.-ի ամռանը, վերադարձա Լեռնավան: Ապրում էինք վագոն-տնակում: Երբ աշխատանքի անցա Սպիտակի հիվանդանոցում, հիվանդանոցը գործում էր Սպիտակի ստադիոնում՝ վրանային պայմաններում, և մի քանի վագոն-տնակներում: Այդ ժամանակ հիմնականում Երևանից եկած բժիշկներ էին, մի տղայի՝ 17 տարեկան, հոսանքահարված վիճակում բերել էին մեզ մոտ: Ծնողները կարծում էին, թե այլևս հույս չկա: Մի երիտասարդ բժիշկ՝ Գուրգեն Հարությունյան էր անուն-ազգանունը՝ լավ եմ հիշում, արեց նույնիսկ անհնարինը, և շատ ջանք թափելուց հետո կարողացավ կյանք տալ գրեթե մահացած այդ պատանուն… Բոլորը ասում էին, թե մահացած է, իզուր մի տանջվիր, բայց փառք Աստծո, իր բարձր գիտելիքների, թե մեծ հավատի շնորհիվ՝ չգիտեմ,  չլսեց ոչ ոքի, և արդյունքում փրկվեց մի երիտասարդ կյանք… Բոլորը մտածում էին, որ դա հրաշք է… Դա տպավորվել է իմ մեջ, քանի որ այդ ժամանակ հասկացա, որ հրաշքներ լինում են, անգամ վրաններում…
Եվ հիմա զարմանում եմ նաև մի բանի վրա, թե ինչպե՞ս էի այն ժամանակ, երբ շատ բաների հետ մեկտեղ չկար նաև տրանսպորտ, ոտքով մոտ 10կմ անցնում՝ անգամ ձմռան ցրտին, որը այս շրջանում սարսափելի է լինում,  որպեսզի հասնեմ աշխատանքի, և նույն կերպ այդ նույն ճանապարհով վերադառնում…

Երևի մարդ արարածը պետք է համակերպվի նրան, ինչն իր համար բախտորոշված է: Գիտակցում էի, որ դա միայն իմ տառապանքը չէր, այլ շատ-շատերս էինք նույն օրի… Հասկանում էինք, որ երկիրն ավերվել էր, պատերազմ էր… Կարևորը մեզ համար այն էր, որ խաղաղություն հաստատվեր, քանի որ խաղաղ պայմաններում արդեն մարդն ամեն ինչ էլ կստեղծի…

-Իսկ Արցախյան պատերազմից ի՞նչ ես հիշում:

-Այն ժամանակ շատ երիտասարդ էինք: 1988-ին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, մենք նույնպես մասնակցել ենք: Քանի որ Ղարաբաղ կոմիտեի անդամ Վազգեն Մանուկյանը մեր ֆակուլտետում դասախոս էր, ինքն էր մեզ առաջնորդում ցույցերին: Դժվար տարիներ էին… Իմ երկու գյուղերից էլ եղան կամավորներ: Այստեղի՝ Լեռնավանի 6 կամավորները բոլորը, փառք Աստծո, վերադարձան, միայն Քեռին էր վիրավոր,  իսկ Վանաշենի մոտ 40 կամավորներից եղան զոհեր և անհետ կորածներ…

-Ես այդ տարիներից շատ հետո եմ ծնվել, և ուզում եմ իմանալ այդ դժվար տարիներին արդյոք չկա՞ր ինչ-որ լուսավոր կետ: Մի՞թե «մութ ու ցուրտ»  որակում ստացած տարիները իրոք ամբողջությամբ սև ու սպիտակ էին:

-Ինձ համար այդ լուսավոր կետը եղել է բարի մարդկանց գոյությունը: Շրջապատված եմ եղել բարի, լուսավոր մարդկանցով: Հենց այդ տարիներին եմ աշխատել այդպիսի մարդկանց՝ բժիշկների հետ, և այդ տեսանկյունից կարող եմ այդ տարիները համարել նաև՝ լավ: Ինչպես նաև, լավ՝ պատերազմի հաղթական ավարտի շնորհիվ…

-Ինչպե՞ս կարողացար դիմակայել այդ տարիներին, արդյոք չեկա՞վ մի պահ, որ ուզեցիր դուք էլ շատերի պես թողնել ու հեռանալ երկրից:

-Երբ մարդու մեջ կա մեծ սեր՝ իր ամուսնու, իր ընտանիքի, իր երկրի, աշխատանքի, իր երեխաների և շրջապատող ամեն ինչի հանդեպ, կարողանում է հաղթահարել ամեն դժվարություն… Մարդու համար ամենաթանկն իր հայրենիքն ա, իր հողն ա. Ուրիշ ոչ մի տեղ չես կարող քեզ ազատ զգալ ու երջանիկ…
Մենք ինքներս պիտի ստեղծենք թե լավ տունը, թե լավ ապրելակերպը, բայց հենց հայրենիքում: Եթե մարդը ունի ձգտում ու աշխատասեր է, իր հայրենիքում էլ կարող է լավ ապրի… Չէ՞ որ կան նյութականից ավելի վեհ արժեքներ… Մի բան էլ պատմեմ…
Էդ դժվար տարիների օրերից մեկն էր: Աշխատավարձը քիչ էր, հոգսերը գնալով շատանում էին: Ամուսինս որոշեց ու իր նկարած նկարներից երեք նկար տարավ, որ վաճառի… Շատերն էին հետաքրքրվել, որ գնեն՝ ընդ որում, շատ բարձր գնով, սակայն չէր վաճառել ու հետ էր բերել… Ասում էր՝ ինձ թվում էր, թե իմ էրեխուց պիտի բաժանվեի… Իմ ստեղծածն էր, չկարողացա տալ ոչ մեկին…

-Իսկ ի՞նչ հետաքրքիր պատմություններ կան հիշողությանդ գանձանակում՝ քո հայրենի երկու գյուղերի մասին:

-Այս գյուղի հետ կապված պատմություններին, անկեղծ ասած, լավ չեմ տիրապետում, դա ավելի լավ կարող են տեղացիները պատմել: Իսկ այ, Վանաշեն գյուղի հետ կապված փորձեմ հիշել մեկ-երկուսը:

Իմ մանկության տարիներին մեզ համար շատ հետաքրքիր էր եզդիների հարսանիքը: Երբ հարսին պետք է բերեին փեսայի տուն, փեսան բարձրանում էր կտուրը, ծառի ճյուղի վրա կապում էին կոնֆետներ, փող: Փեսան այդ ճյուղը թափ էր տալիս այնպես, որ վրայի եղածները թափվի հարսի գլխին, ու փեսան կտուրից խնձորով պետք է խփեր հարսի գլխին… Մենք էլ սրտի թրթիռով նայում էինք ՝ հո չի՞ դիպչի, վնասի… Բայց մարդիկ կողքից օդում բռնում էին խնձորը, որ չկպչի… Բացի դա հարսանիքների ժամանակ եզդիների աղջիկներն ու կանայք հագնում էին փայլփլուն, գույնզգույն տարազներ՝ ազգային, շրջան էին բռնում, պարում էին, և մեզ համար գեղեցիկ տեսարան էր դա…
Եվ նորից այդ գյուղի հետ կապված, մի զվարճալի պատմություն պատմեմ:
Քանի որ ասում են, թե վանեցիները ժլատ են, գյուղացիները պատմում են, որ գյուղացի մի վանեցի ծեր կին, տեսնում է, որ աղվեսը իր հավին բռնել, տանում է, վազում է հետևից ու կանչում. «Աղվե՜ս ջան, աղվե՜ս, էտի ածան խավ (հավ) ի, բեր՝ ես քզի հայլոր (աքլոր) կիտամ…»:
Երևի թե այսքանը…