milena araqelyan

Եթե

Եթե.. Փետրվար: Ամենակարճ տևողությամբ ամիս: Գլորում ենք օրերը: Որևէ մեկդ մտածե՞լ եք, որ տարվա երկրորդ ամիսը նույնպես անցյալում է: Միգուցե չե՞ք հասցրել անել այն, ինչ գծագրել էիք մի ամբողջ դեկտեմբեր ամսին: Երբեք պետք չէ մտածել, որ գալիք օրը առջևում է, ու կկարողանաս հասցնել ասել մի բառ կամ ստեղծել, գծագրածդ պատկերը, որ երևակայությանդ մեջ ծնվել էր նախորդ տարվա ամենավերջին օրը:

Մենք՝ մարդիկս, սիրում ենք ընկնել «եթե»-ների հետևից, կամ չէ, սիրում ենք քայլել նրանց հետ՝ կողք-կողքի: Օրինակ, եթե դու այդ ամենավերջին օրը մտքիդ եկածը ասեիր կամ թղթին հանձնեիր պատկերը, այն միգուցե գլուխգործոց դառնար, բայց նորից «եթե»-ի հետ քայլեցիր ու վախեցար: Հաստատ մտածեցիր. «Եթե ասեմ այն, ինչ պահել եմ մտքերիս ամենասառը անկյունում՝ մի պատի տակ, որն ամբողջ տարվա ընթացքում նույնիսկ չեմ ակնարկել, հիմա սխալ կհասկացվի:

Տե՛ս, եթե այդ գրողի տարած «եթե»-ն չգար ու կողքովդ չքայլեր՝ մտքերիդ հետ հավասար, դու տարվա երկրորդ ամսվա վերջին օրը արդեն տաքացրած կլինեիր մտքերիդ այն ամենասառը անկյունը: Ա՜խ, այդ «եթե»-ները: Նրանք ստեղծվել են, որ իրենց շաղկապային ամենաանտանելի իմաստով քեզ հետ պահեն առաջ քայլելուց:

Դեն գցի՛ր կողքովդ քայլող «եթե»-ն ու կհասկանաս, որ քայլերդ թեթևանում են: Ոչ թե մտածիր. «Եթե այսօր շատ շոգ է, ուրեմն անձրև կգա», այլ՝ «Հաստատ անձրև է գալու»: Ամեն բան արա՛, հաստատակամ եղիր թեկուզ սխալիդ մեջ, բայց ազատվիր ներսդ խառնող «եթե»-ից ու դրսում՝ ամեն քայլափոխի, ճանապարհիդ հայտնվող այդ ապակողմնորոշող բառից: Ու ամենավերջում վստահ կլինես, որ նրան կողքովդ քայլել թույլ չտալու դեպքում հենց հասկացար, որ ամենաերկար ճանապարհը հաստատակամ ու առանց «եթե»-ների ճանապարհն է: