marieta baghdasaryan

Եթե նույնիսկ չէ, ապա կդառնա

Հեռուստացույցով, համացանցում, մեր խոսակցություններում ու ամենուր մի թեմա է՝ այն, ինչ կատարվում է Երևանի կենտրոնական փողոցներում վերջին օրերին։ Դե… Երևանի փողոցներում ու մեր խոսակցություններում։ Շատ մարդիկ խոսում են, քննարկում, կարծիք արտահայտում, որակավորումներ տալիս տեղի ունեցող իրադարձություններին, բայց երբ պահը գալիս է պայքարելու, փողոց դուրս գալու ու կարծիքն ու ձայնը հնչեցնելու, բոլորը գոհ են, բոլորը շնոհակալ ու երջանիկ։ Ախր, չէ, մինչև ե՞րբ պետք է բողոքները մնան բամբասանքների մակարդակում, մինչև ե՞րբ պետք է պետական աշխատողները վախենան տեսախցիկներից, ոստիկանները դուրս գան իրենց իսկ հարազատների դեմ, սոցիալական կայքերում բոլորը հեղափոխություն պահանջեն ու ամպագոռգոռ խոսքեր ասեն։

Ընկերներիս ու ծանոթներիս վերջին օրերին բաժանել եմ մտովի երկու մեծ խմբի։ Նրանք, ովքեր հաշվի չառնելով ոչինչ, պայքարում են, ու նրանք, ում պայքարը սկսում ու ավարտվում է մեկնաբանություններ գրելով ու բողոքելով, թե ինչ վատ է ամեն ինչ ընթանում։ Ու մտածում եմ. ի՞նչ եմ անում ես ինքս։ Տեսանյութեր ու նյութեր տարածելով փորձում եմ արդարացնել բացակայություն կոչվող մեղքս ու ամեն րոպե ինձ մեղադրում, որ ես՝ ինքս ոչինչ չեմ անում հայրենիքիս ապագայի համար։ Երևի էդ մի քանի տասնյակ կիլոմետրը նաև հոգեբանություն է փոխում։ Ախր, ինչքա՞ն է ամեն ինչ ակտիվ ու բորբոքուն մայրաքաղաքում ու ինչքան պասիվ՝ մարզերում։ Ինչո՞ւ։ Մի՞թե մարզում ապրող մարդիկ լիովին բավարարված են այս վիճակով ու դրա հետագա զարգացումներով։ Մի՞թե ցանկություն չունեն ինչ-որ բան դեպի լավը փոխելու։ Չէ, երևի հավատ չունեն։ Այս ու այն կողմում էսպիսի բաներ են ընկնում ականջիս․

«Իսկ ի՞նչ է փոխվելու», «Ամեն ինչ ոնց կա, տենց էլ կմնա», «Մեր արածը շատ փոքր բան ա» ու էլի խոսքեր, որոնք կարծես վիրավորեն հազարավոր մարդկանց, ովքեր իրենց առողջության ու երբեմն էլ անվտանգության հաշվին պայքար են մղում։

Քաղաքում, ուր ես եմ ապրում, ամեն ինչ ավելի քան սովորական է։ Էդ սովորականությունը մի քիչ սպասելի ու ավելի շատ անսպասելի էր։ Քայլում ես փողոցում ու զգում, որ կարծես մարդկանց համար ամեն ինչ միևնույնն է, կարծես նրանց ոչինչ չի մտահոգում։ Բայց բոլորս էլ գիտենք, որ դա այդպես չէ, նախկին աղետի գոտու մարդիկ կարծես ճնշվածություն ու թերահավատություն ունեն։

Ուզում եմ հավատալ, ուզում եմ հավատացնել, որ ամեն ինչ կախված է էն երիտասարդ աղջիկներից ու տղաներից, ովքեր պայքարում են, ովքեր հավատում են ու հավատացնում, որ էս երկիրը երկիր է, կամ եթե նույնիսկ չէ, ապա կդառնա։

Երևի մի օր ամեն ինչ կփոխվի, ու մեր բոլորի անգամ փոքր քայլերը այդ ժամանակ ցույց կտան իրենց արդյունքը։