Madlena

«Եթե չլինեն հետևորդներ, չեն լինի նաև առաջնորդներ»

Շատ բան կա, որի մասին կցանկանայի գրել, բայց կսկսեմ քննարկել և գրել մի արդիական և կարևոր թեմայի մասին, որը անկասկած շատերիս է հուզում: Ես կխոսեմ մեր երկրում  և ընդհանրապես աշխարհում տիրող իրավիճակից: Մարդասպանություն, պատերազմ՝ թեմա, որը շատերին է գայթակղում նույնիսկ մեր օրերում: Վստահ եմ, որ շատերը կհակառակվեն ինձ, պնդելով, որ պատերազմը և մարդասպանությունը չեն կարող գայթակղել, այլ միայն ցավ և վիշտ կարող է պատճառել: Ես, իհարկե, նշեցի՝ շատերը, սակայն ոչ բոլորը: Եթե «մարդկանց» չգայթակղեր այդ թեման, նրանք չէին պատերազմի, չէին սպանի և կապրեին խաղաղ: Ամեն ինչ սկսվել է վաղ ժամանակներից՝ կռիվներ ուտելիքի, տարածքի, երկրի համար: Շատերը, եթե ոչ բոլորը, ցանկանում են լինել նվաճողներ: Որևէ երկրին, տարածքին, հասարակությանը տիրելու ցանկությունը չի կարող գայթակղել խաղաղություն գերադասող մարդուն: Փառքին ձգտում են ապագա բռնակալները, իսկ մարդիկ հետևում են նրանց՝ գայթակղվելով նվաճողի քաղաքականությամբ: Այ, թե որտեղից է ամեն ինչ սկսվում:

Մի քանի օր առաջ հեռուստացույցով մի արտահայտություն լսեցի, որը մտածելու տեղիք տվեց: Ասվում էր հետևյալը. «Եթե չլինեն հետևորդներ, չեն լինի նաև առաջնորդներ»: Եվ իսկապես, ես կարծում եմ, որ շատ պատերազմներ տեղի չէին ունենա, եթե չլինեին հետևորդներ: Օրինակ, եթե մարդկանց չգայթակղեր Հիտլերի հակահրեական դիրքը, և եթե նրան չհետևեին, ապա դժվար թե նա կկարողանար սկսել իր բռնակալ քաղաքականությունը, և միգուցե չէր սկսվի Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը շատ մարդկանց կյանքեր խլեց:

Վերադառնանք մեր երկիր: Այս քառօրյա պատերազմը ծանր վերքեր թողեց բոլորիս սրտում: Մենք ունեցանք զոհեր, և պարգևատրվեցինք նոր հերոսներով: Հարկ է հիշել Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» գրքի հետևյալ տողերը. «Մարդ սկսում է ավելի շատ սիրել հայրենիքը, երբ այն վտանգի մեջ է։ Ուրիշ ժամանակ հայրենիքը շատ սովորական է թվում, ինչպես ընտանիքը»: Բոլորս զարմացած էինք, տեսնելով մի խումբ երիտասարդ տղաների և մեծահասակների համառությունը կամավոր դառնալու և առաջնագիծ գնալու ու թշնամու դեմ պայքարելու ցանկությամբ: Ես հիմա եմ հասկանում այս խոսքերի խորությունը:

Ես վստահ եմ՝ մեր ազգը դեռ կկարողանա պահպանել իր անկախությունը, կկարողանա հետ մղել թշնամուն և միգուցե նորանոր տարածքներ նվաճի, հետ վերադարձնի կորցրածը, իսկ եթե հանգչի, ապա միայն պայքարելով և միայն մարտի դաշտում՝ պատվով:

Բայց մյուս կողմից էլ, ես չեմ  ցանկանում, որ մարդկանց գայթակղի այդ ամենը, չեմ ցանկանում, որ շարունակվեն պատերազմները, մարդասպանությունը: Եթե միայն բոլորը, ԲՈԼՈՐԸ նկատեին մանկանց աչքերի փայլը, որ լույս աշխարհ են եկել, միգուցե հենց այդ փայլը կկարողանար լուսավորել մարդկանց մտքերը և պահվածքը, հետ պահելով նրանց իրենց «հաճույքներից»: