ani asryan

Եկե՛ք հիշենք պապերի թողած ժառանգությունը

Ահա իմ գյուղը` Դարբասը,  իր արկածներով: Արկածախնդիր մարդիկ, արկածներով լի բարբառ: Ես շատ եմ սիրում իմ գյուղը, հատկապես գյուղի բարբառը: Մեր նախնիները թողել են մեծ ժառանգություն, սնել ու մեծացրել են արկածախնդիր մարդկանց, ովքեր գյուղի հպարտությունն են այսօր:

Բառեր, որոնք մենք օգտագործում ենք ու զվարճանում: Երբ երեխաներով վոլեյբոլ ենք խաղում, ասում ենք. «Թոփը թոլ ըրա»` գնդակը գցիր:

Յոխշա, ենիշա, տվեր, տիեր, փիադա: Այս բառերը օգտագործել են մեր պապերը, իսկ հիմա՝ մենք: Երբ ինչ-որ մեկը խոսքի մեջ չափը կորցնում է, դրա պատասխանն է. «Պուլերը արդեն կոխ ես տալիս» (Խմորի գնդերն արդեն տրորում ես), կամ` «Քեզ թարազվի պահի»: Ճնգլաճոտ ասում են մեզ՝ երեխաներիս:

Խարքանդազ (գոգաթիակ), դրմղ (փոցխ), քամար (գոտի), քիսա (դրամապանակ)`hնում գործածված բառեր, որ այժմ չեն օգտագործում:

Կլխըլվա-գլուխ լվանալ, յաթաղ տալ-նստել, ի կա-տուր ինձ, դե հա տուր-արագ արի, ունքալ-վերցրու: Փարվառ, տերտեր, կարպետ, թիքա, մակար` բառեր, որոնք գտա հարցազրույցի  միջոցով: Պարզվում է, դեռ մեզնից մեծերն օգտագործում են պապերի թողած արժեքները:

Դարբասում մարդկանց մեծամասնությունը բարեխոս է, բայց կան նաև չարախոսներ: Ինչպես ասում են մեծերը. «Անտառը առանց չախկալի իլիլ չի»: Անեծքներ, որոնք օգտագործում են մեր գյուղում, և դրանք ավելի շատ լսում ենք մեր հարևան Վալյա տատիկից .«Ղուրդուղուշի փայ տառնաս», «Կլնըկափին կաս», «Ծակեր հանես», «Յուրդումդ կատու կլավա», «Խզը խուռ մնաս», «Մեծ կուտուրդ  անջոկտ մնա», «Թուն բաթուն տառնաս», «Ըրածս աշկերտ ունի», «Ըռնըթաթախ տառնաս», «Կեծակը տանի», «Թիքեքդ հվաքվի», «Չափարնիդ կուտրատվի, ածվի փորդ»:

Ահա և բարեմաղթանքները. «Աչքդ լույս լինի, փոխնալ քեզ իլի», «Մի կուտուր հացը սեղանատ անպակաս իլի», «Տոնդ ավադ կենա», «Օջախդ շեն կենա», «Վոննը կալիքդ բարի իլի» և այսպես շատ ու շատ բարեմաղթանքներ:

Իսկ ո՞ւր մնացին մեր արկածախնդիր բարեկամները: Գյուղում կային չորս արկածներով հարուստ մարդիկ՝ Սեդրակ Ասրյանը, Գոգոլ դային, Գելոգը և Քրիստափոր պապին (ողջ է միայն Քրիստափոր պապիկը):

Կատակում են Դարբասցիները

Սերգեյը (Գելոգը) դիմում է բժշկին.

-Բժի՛շկ, ես ռեմատիզմ եմ, չե՞ս կարա` մի դեղ ու դարման անես:

-Բայց ինչի՞ց գիտես, որ ռևմատիզմ ես:

-Բա ոնց չգիտեմ, լուցկին աման ռես գրպանմս տինիլից,  թրջվմա:

Քրիստափոր պապիկի տունը գերեզմանատան մոտ է: Նա շատ հավ ունի, և հավերը միշտ գերեզմանատան խոտն էին ուտում: Մի օր բարեկամներից մեկը հյուր է գնում ու տեսնում, որ հավերը գերեզմանատանն են, և ասում է.

-Քրի՛ստ, հավերդ հիմա լավ ձու կածեն, կամաչ խոտ են ուտում:

-Ճիշտ է, լավ ուտում են, համա ձու չեն ածում: Գերեզմանատան քարերը տեսնելով՝ հավերս հուզվում են:

Գոգոլ դային իր ընկերների հետ գնում է քեֆի: Քեֆի ժամանակ խորովածը ինքն է բաժանում.

-Էս մեկը ինձ, էս էլ` քեզ:

Ու այսպես տասը մարդկանց մեջ բաժանում է: Վերջում ընկերներն ասում են.

-Գոգոլ դայի, էս քեզ հունց վեր շատ իլավ խրովածը:

-Հու՞նց շատ իլավ, չասեցի՞`  մինը ինձ, մինը` քեզ:

Սա էլ իմ գյուղի առօրյան: