sona mkhitaryan

Եկեք փոխվենք

Ուզում եմ հասկանալ ուսանողների մի զանգվածի (խոսքս իմ համալսարանի` մանկավարժականի մասին է), որը միշտ դժգոհ է ամեն ինչից, ամեն պարագայում:

Մեր համալսարանը ուսանողներին մեկ կիսամյակ անվճար ուղարկում է լողի պարապմունքների «Ակվատեկում»: Մատների վրա կարելի է հաշվել այն ուսանողներին, որոնք դրական են վերաբերվում այս ամենին: Առանձնացնեմ այն ուսանողներին, որոնք առողջական խնդրից ելնելով չեն կարող գնալ` ներկայացնելով համապատասխան թուղթ: Իսկ ինչ վերաբերվում է այն ուսանողներին, որոնք ասում են՝ ի՞նչ լող, է, իրենք ուղղակի պիտի նույն «Ակվատեկին» ամսական խոշոր անդամավճար վճարեն ու հայտարարեն` ես լողի եմ գնում, էդպես էլ արեք: Ուղղակի ես միշտ նկատել եմ, որ մեր ուսանողների համար ինչ լավ բան էլ անեն, միևնույնն է, դժգոհ են:

Կամ, օրինակ, «classroom» հավելվածը: Այն ունի որոշակի բացասական կողմեր, բայց դրանք միայն տեխնիկական են: Հավելվածի միջոցով դասախոսները գնահատվող առաջադրանքներ են տեղադրում, որոնք ուղղակի շատ հեշտ ակտիվության գնահատական են ապահովում: Եթե ուսանողը սեմինարի ժամանակ գնահատական չի ստացել, ապա առաջադրանքը կատարելով՝ կունենա ակտիվության գնահատական: Իրենք էլի պիտի բողոքեն` իմաստը ո՞րն է այդ առաջադրանքի, բան չեմ հասկանում, դժվար ա: Ախր, դու եկել ես համալսարան, ոչ թե դպրոց, ու այստեղ քեզ շատ դժվարություններ են հանդիպելու, իսկ այդ առաջադրանքի հիմքում ընկած սլայդ պատրաստելը կամ ճիշտ պատասխանի տարբերակն ընտրելը դժվար չէ, ուղղակի դու սովորել ես երևի, որ ամեն ինչ պատրաստի պետք է լինի:

Կամ, նույն հավելվածում դասախոսության տեղադրումը շատ դրական կողմ ունի: Նույն դասախոսությունից օգտվելով՝ կարող ես ռեֆերատ գրել: Բայց դուք էլի եք բողոքում, որ չկա իմ թեման, չեմ գտնում: Իսկ եթե մենք ապրեինք մեր դասախոսների ուսանողական տարիներին, ու մեզ ուղղակի թեմա տրամադրեին, նույնիսկ գրքերի ցանկ չտային, որ հիմա տրամադրվում է պարտադիր, մենք դա էլ չէինք անելու: Բա նրանք ինչպե՞ս են արել: Ես անկեղծ, շատ կդժվարանամ, իսկ այսօրվա ուսուցման համակարգը խաղ ու պար է: Այսքանը: