Եկ Արևածագ

Լուսանկարը՝ Մարգարիտա Ոսկանյանի

Լուսանկարը՝ Մարգարիտա Ոսկանյանի

Արևածագը գտնվում է Լոռու մարզում, տեղակայված է Լոռու սարահարթի արևելյան հատվածում, Ձորագետի ստորին հոսանքի բարձրադիր ձախափնյակում՝ սարավանդի վրա: Այս չոր ու ցամաք տվյալները, հավանաբար, պատկերացում չեն կարող տալ իմ գյուղի իրական կերպարի մասին:

Իսկ միգուցե լսած կլինեք Ստեփան Զորյանի «Ղաչաղանի» մասին: Նա գրում է, որ Ղաչաղանում անտառ ու ծառեր չկան, որովհետև այն ջուր չունի:

Հիմա փոխվել է թե՛ գյուղի անունը, թե՛ պատմվածքի բովանդակությունը: Ղաչաղանը դարձել է Արևածագ, ու եթե այն ժամանակ, երբ Զորյանը գրում էր գյուղիս մասին, գյուղում ջուր չկար, և ասում էին, թե միայն «տանը մնացած» աղջիկներն էին այստեղ հարս գալիս, ապա հիմա լրիվ հակառակն է՝ բոլոր աղջիկներն էլ երազում են Արևածագում ամուսնանալ:

Արևածագցիների նախնիները Լոռի են եկել Արցախից: Արևածագում անգամ աքաղաղի կանչն ու ցորեն հնձելու մեքենայի ձայնն են ուրիշ: Ասֆալտապատ ու լուսավոր փողոցներ, գույնզգույն երդիկներով տներ ու աննկարագրելի սիրուն բնություն: Մարդիկ էլ են էստեղ ուրիշ՝ անասելի շատ են աշխատում: Շոգ ամառ լինի, թե ցրտաշունչ ձմեռ, միևնույնն է՝ գյուղում միշտ էլ գործ կգտնվի: Թեպետ Արևածագում ժամանցային վայրեր քիչ կան, բայց օրդ բավականին հետաքրքիր է անցնում: Գյուղում «COAF»-ի կողմից բացված SMART-սենյակ ունենք, մենք առաջիններից էինք, որտեղ «Վիքիմեդիա Հայաստան» կազմակերպությունը բացեց վիքիակումբ:

Հատկապես՝ ամռան ամիսներին, գյուղում անպայման մի մոլորված զբոսաշրջիկ կգտնես, որը փորձում է անգլերեն չիմացող պապիկներից ճիշտ ճանապարհը պարզել:

Արևածագում և՛ արևն է առաջինը ծագում, և՛ լուսինը: Էստեղ ամեն քար ու թուփ շատախոս են, եթե ընկերակցես նրանց, քեզ շատ բան կպատմեն:

Ու եթե հոգնել ես քո միանման առօրյայից, քաղաքի աղմուկ-աղաղակից, ուրեմն Արևածագը քեզ է սպասում:

Ու հա, եթե արդեն որոշեցիր գալ, չմոռանաս քեզ հետ մի երկու կարևոր բան վերցնել՝ տաք հագուստ, թուղթ ու գրիչ և ականջակալներ: Տաք հագուստը քեզ պետք կգա, որովհետև նույնիսկ ամռանը՝ երեկոյան ժամերին, հաստատ մրսելու ես, թուղթ ու գրիչն ամենաշատն են հարկավոր, որովհետև ոչ միայն սարերի հետևից դուրս եկող արևածագն ես տեսնելու, այլ Արևածագի հարյուրամյակների պատմությունը ծայրից ծայր իմացող արևածագցի Վազգեն Հովհաննիսյանից պիտի լսես այն ու գրառումներ կատարես, իսկ երբ մեր Թափեն բարձրանաս՝ արևամուտը տեսնելու համար, պիտի որ ուզենաս ականջակալներովդ քո սիրած երգը լսել:

Մենք մեր գյուղի բնակիչներով խոստանում ենք, որ քո այցելությունը անմոռանալի կլինի: