Ծաղկաձորյան օրագիր. «Եղեք ազնիվ ձեր ստերի մեջ և ասեք այնպիսի սուտ, որը սուտ չէ»

Հարցազրույց կինոռեժիսոր Արման Երիցյանի հետ


-Մենք ծանոթ ենք Ձեր ստեղծագործական ուղուն, գիտենք, որ Ձեր ֆիլմերից «Վերջին լարախաղաց»-ը, «Մեկ, երկու, երեք»-ը (և ոչ միայն) արժանացել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր մրցանակին: Խնդրում ենք պատմել, թե ինչպես եք ընտրում ֆիլմերի գաղափարը:
-Ամենակարևորը, որ ուզում եմ ասել, հետևյալն է. տարիքը ընդհանրապես կապ չունի, քանի որ ինֆորմացիան միշտ նույնն է: Երբ մեծահասակ որևէ մեկը ձեզ ինչ-որ բան է ասում, բռնում է ձեր ձեռքից, բացատրում, թե որն է ճիշտը, դուք ենթագիտակցորեն զգում եք, որ այդ բոլորը գիտեիք, պարզապես ձեզ բառերը չեն հերիքել արտահայտելու համար: Ես չեմ ուզում այսօր բռնել ձեր ձեռքը, խրատել, պահանջել, որ լսեք ինձ, ես ուզում եմ խոսել այն մասին, որ դուք գիտեք ճշմարտությունը, քանի որ այն ձեր քթի տակ է, ձեզ մնում է միայն բռնել այն: Դուք բոլորդ հանճարեղ ու աճող օրգանիզմներ եք, որ գնում եք դեպի վեր: Ձեզ ասում են՝ հեռու մի՛ գնացեք, եկեք այսինչ բանը նկարեք, այսինչին նկարեք: Բոլորին թվում է, թե իրենք ֆիլմի թեմա են: Բայց երբ դուք վերցնում եք գրիչը, վերցնում եք տեսախցիկը, հասկանում եք, որ ամեն ինչ, մեղմ ասած, անհեթեթություն է: Այսինքն՝ այն, ինչ դուք տեսնում եք, չեք կարողանում պատմել, այն ճշմարտությունը, որ ձեր քթի տակ է, չեք կարողանում ներկայացնել: Ամբողջ գաղտնիքը թաքնված է համարձակության մեջ: Դեռ փոքր տարիքից ձեզ շարունակ վախեցրել են: Վախը ահավոր բան է: Երբ դադարեք վախենալ, կկարողանաք պատմել ազատ, չկոմպլեքսավորվել: Իսկ հիմա տեխնիկական առումով ձեր ներաշխարհը վախենում է: Վախենում է առավոտյան արթնանալ ու մայրիկին ասել բարի լույս, հարցնել, թե ոնց է, ծաղկեփունջ նվիրել քույրիկին առանց պատճառի, ուղղակի: Այս ամենը փոխկապակցված է ձեր աշխատանքի հետ: Այս ամենը հենց կյանքն է: Եվ եթե դուք տեր չլինեք ձեր առօրյայում այդ պատահական արտահայտություններին, չեք կարողանա լինել ո՛չ կինոռեժիսոր, ո՛չ օպերատոր, ո՛չ լրագրող, ո՛չ մտածող, ո՛չ քույր-եղբայր, ո՛չ էլ ծնող: Այլ կդառնաք շարքային, ամենասովորական մարդ: Այսինքն՝ ձեր գլխավոր խնդիրը ձեզ այդքան մոտ գտնվող ինֆորմացիան ձեզանով անելն է: Դրա համար տանից դուրս գալիս միացրեք ձեր միջի ալիքի անտենաները, որպեսզի լսեք ձեր հարևանի, կողքով քայլողի, ընկերոջ, անցորդի ձայնը, ֆիքսեք ինչ-որ մեկի քայլելը, պայուսակի գույնը: Դուք պետք է այնպիսի հոտառություն ունենաք, որ գործողությունը նկատեք դեպքը կատարվելուց էլ առաջ:
Ուզում եմ խոսել նաև խաբելու մասին: Մեր շուրջը ամեն բան մեզ խաբում է: Օրինակ՝ երբ սովորական աղջիկը հագնում է հարսի զգեստ, ամբողջովին փոխվում է: Մենք սկսում ենք նրան ուրիշ կերպ նայել, որովհետև նա, այսպես ասած, ապրանքային տեսք է ստանում, ինչն էլ մեզ խաբում է: Չէ՞ որ իրականում աղջիկը չի փոխվել: Ամեն ինչն էլ սուտ է. Սուտ է աճպարարությունը, լրարգրությունը, արվեստը: Սուտ է, քանի որ դու անում ես մի բան, որն այդպես չէ: Սա է ձեր մասնագիտությունը: Լինել ազնիվ ձեր ստերի մեջ և ասել այնպիսի սուտ, որը սուտ չէ: Եթե դուք ազնիվ եք, ձեզ կհիշեն, եթե ազնիվ չեք, էլի կհիշեն: Բայց անազնիվին շուտ կմոռանան, որովհետև նա տհաճ է: Առհասարակ տհաճ դեպքերը շուտ են մոռացվում: Իմացեք՝ եթե լինեք անտարբեր, անտարբեր կլինեն նաև ձեր նկատմամբ, և եթե անեք ինչ-որ բան առանց սիրելու, չեն սիրի և ձեզ: Հետևաբար ձեր ստեղծագործություններում փորձեք հասնել կատարյալին, զոհաբերեք, փնտրեք, գտեք, մի՛ ապրեք իմիջիայլոց, մի՛ դադարեք ձգտել, շարժվել, որովհետև հենց դադարեք շարժվել, կյանքը կանգ կառնի:

Գրի առավ՝ Միլենա Խաչիկյանը