Meri Muradyan

Եղիսաբեթի գերեզմանը

Ծննդավայր: Ահա այս բառի մեջ է ամփոփված հայրենասիրություն ասվածը: Ամեն անգամ պատմության էջերը թերթելիս տեսնում ենք, որ պատերազմ են գնացել հիմնականում այն մարդիկ, ովքեր ունեին ընտանիք, երեխա և իր ընտանիքը փրկելու համար գնացել են կռվելու, բայց ցավոք շատ անգամներ նրանք հետ չեն վերադարձել: Շատ անգամներ էլ նրանց կողքին կանգնել և հերոսաբար կռվել են այն տղաները, ովքեր դեռ նոր գիտակցում էին պատերազմ ասածի իմաստը: Ահա այսպես զոհվեցին վեց եղբայները: Հավանաբար կմտածեք, թե ինչ եղբայրների մասին է խոսքը: Պատմությունը կսկսեմ սկզբից:
Գարուն էր: Եղիսաբեթը մի գեղեցիկ աղջնակ էր, ով ընկերուհիների հետ գնացել էր գյուղի աղբյուրից ջուր բերելու: Նրանք չէին հասցրել աղբյուրից հեռանալ, երբ Եղիսաբեթը հեռվում նկատեց իր վեց եղբայրներին, ովքեր դանդաղ մոտենում էին իրեն: Բայց այս անգամ նա մի տեսակ անհանգիստ էր: Եվ նրա անհանգստությունը անտեղի չէր: Եղիսաբեթը նրանց դեմքերից հասկացավ, որ գյուղը կրկին հարձակման է ենթարկվել լեզգիների կողմից: Նա աչքերը սրբեց, հրաժեշտ տվեց եղբայրներին և կժով ջուրը լցրեց նրանց հետևից: Կռիվը այս անգամ կողբեցիների և լեզգիների միջև էր: Նրանք այս անգամ ևս հարձակվել էին գյուղը թալանելու համար: Ամեն անգամ նման կռիվների ժամանակ գյուղացիները հաց ու ջուր էին տանում իրենց հարազատներին: Եղիսաբեթը՝ այդ ջահել աղջնակը, ով ոչ ոք չուներ, բացի իր եղբայրներից, ամեն գիշեր աղոթում էր նրանց համար: Պատերազմի ժամանակ վիրավորվածները հետ էին վերադառնում, ապաքինվում, ու նորից հետ գնում կռիվ: Ամեն օրվա նման մի օր էլ Եղիսաբեթը հաց ու ջուր էր տանում եղբայրներին: Բայց այս անգամ նրա մեջ վախ կար: Կուժը ուսին, հացը ձեռքին գնում էր եղբայրների մոտ: Ճանապարհին հանդիպում է եղբայրների ընկերներից մեկին, ով վիրավոր վերադառնում էր գյուղ: Եղիսաբեթը կանգնում, խոսում է տղայի հետ, բայց նկատում է, որ նրա աչքերը ինչ-որ վատ բան են հուշում իրեն: Երբ նա հրաժեշտ է տալիս տղային՝ նրան առողջություն մաղթելով, տղան հետ է շրջվում և ասում, որ եթե առաջ գնա, ապա լավ բան չի տեսնելու: Եղիսաբեթը այս ամենը լսելուց հետո ավելի է արագացնում քայլերը, բայց հանկարծ նրա ականջին է հասնում այն, որ եթե առաջ գնա՝ կտեսնի իր վեց եղբայրների դիակները: Մի քանի վայրկյան լռությունից հետո լսվում է կժի կտոր-կտոր լինելու ձայնը: Այդ ամենը լսելուց հետո Եղիսաբեթի սիրտը պայթել էր: Նա իր վերջին հանգրվանը գտնում է մոտակայքում գտնվող սարի գագաթին, և այդ օրվանից տեղանքը անվանում են Եղիսաբեթի գերեզման:
Դեպքը կատարվել է Կողբ գյուղում: Գերեզմանը մինչ այժմ պահպանվում է: Գերեզմանից ոչ հեռու գտել են նաև խաչքարեր: Բայց հետաքրքիրն այն է, որ տարիների ընթացքում սարի չորս կողմից սողանքներ են գրանցվել, բայց բնությունը կարծես հարգելով Եղիսաբեթի գերեզմանը, թողել է սարի գագաթին որպես սրբություն և հիշատակություն անձնուրաց սիրո: