anushik davtyan

ԵՊՀ Իջևանի մասնաճյուղը

Իմ զրուցակիցն է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի ուսանողուհի, ուսանողական խորհրդի նախագահ Իսկուհի Շաղբաթյանը:  

-Իսկուհի՛, Իջևանը Հայաստանի այն միակ քաղաքն է, որտեղ կա Երևանի պետական համալսարանի մասնաճյուղ: Ծանո՞թ եք մասնաճյուղի պատմությանը, թե ինչպես է ստացվել, որ հենց Իջևանում է բացվել մայր բուհի միակ մասնաճյուղը:

-Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը հիմնադրվել է 1994թ.՝ Իջևանի տարածաշրջանային քոլեջի բազայի վրա: Վերջինս ստեղծվել է տիկին Ջեմմա Անանյանի ջանքերով, ով կարողացել էր պետական այրերի հետ վարած բանակցությունների շնորհիվ տարածաշրջանում ուսումնական հաստատություն բացելու իրավունք ստանալ: Իսկ 1994-ին ԵՊՀ-ի ռեկտորատի համաձայնությամբ քոլեջի տնօրեն Կարայանը գրությամբ դիմել է համապատասխան նախարարությանը՝ քոլեջը ԵՊՀ-ի մասնաճյուղի ձևավորելու հարցով, և ի ուրախություն մեր տարածաշրջանի հանրության, հենց մեզ մոտ ունեցանք Մայր բուհի միակ մասնաճյուղը: Դա մեծագույն ձեռքբերում է ցանկացած տավուշցու համար, որպեսզի երիտասարդները բարձրագույն կրթություն ստանային իրենց իսկ տանը, մեր սահմանից ոչ հեռու: Դրանից բացի ծնողների համար էլ հեշտ չէ մայրաքաղաքում ուսանող պահելը. դա կապված է մի շարք դժվարությունների հետ, առավելապես՝ ֆինանսական: Որքան էլ առաջին հայացքից գայթակղիչ թվա, այնուամենայնիվ, Երևանում սովորելու դեպքում ծախսերը մեծ են լինում. այստեղ մեզ հարկավոր չէ բնակարանի վարձակալության, տրասպորտի և նմանատիպ այլ ծախսեր, մանավանդ որ, ուսման վարձավճարներն էլ բավականին մատչելի են: Իսկ մասնաճյուղն էլ իր հերթին արդարացնում է մեր և մեր ծնողների սպասելիքները՝ տալով որակյալ և մրցունակ մասնագետներ:

-Ի՞նչ բաժիններ է առաջարկում համալսարանը դիմորդներին:

-Մասնագիտությունների ցանկը հաճախ թարմացվում է՝ հարմարեցվելով աշխատաշուկայի պահանջներին: Այս տարի ընդունելությունը կկատարվի հետևյալ մասնագիտություններով՝ «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Դիզայն», «Պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆրանսերեն լեզու և գրականություն», «Անգլերեն լեզու և գրականություն», «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա», «Զբոսաշրջություն», «Քարտեզագրություն, կադաստրային գործ», «Ֆինանսներ» և «Սոցիալական աշխատանք»: Վերջին երկուսով այս տարի առաջին անգամ է ընդունելություն կատարվելու: Ունենք նաև հեռակա ուսուցման բաժին:

-Իսկ կա՞ որևէ մասնագիտություն, որ չկա մասնաճյուղում, բայց կցանկանայիք՝ լիներ:

-Յուրաքանչյուր դիմորդ ձգտում է կրթության ստանալ հետագայում աշխատանք ունենալու հույսով: Սահմանամերձ Տավուշում առավել կարևոր է հենց այստեղ աշխատանք ունենալը: Այդ հարցում էլ մեծ է բուհի դերը, երբ որոշում է, թե ինչ մասնագետներ են պետք աշխատաշուկայի համար պատրաստել: Հետևաբար, մտածում եմ՝ ի՞նչ կարիք կա ձգտել «նորաձև» մասնագիտություն ունենալուն, եթե վաղը դա մեզ գումար չի բերելու, նույնիսկ չենք էլ աշխատի դրանով:

-Քանի՞ ուսանող է սովորում հիմա համալսարանում:

-Մասնաճյուղն այժմ ունի 1718 ուսանող:

-Ինչպիսի՞ն է նրանց առաջադիմությունը ընդհանուր առմամբ:

-Մեր համալսարանական ընկերները իրենց գիտելիքներով ու պատրաստվածությամբ չեն զիջում մայրաքաղաքային և ո՛չ մի բուհի ուսանողին կամ շրջանավարտին: Ավելին՝ հաճախ առանձնանում են իրենց վարվեցողությամբ, զսպվածությամբ և իմացությամբ, լավագույնս դրսևորում են թե՛ մագիստրոսական կրթության շրջանում, թե՛ ասպիրանտուրայում: Իհարկե, նրանք, ովքեր գալիս են սովորելու նպատակով, կարողանում են տրված հնարավորությունները ճիշտ օգտագործել, միանշանակ հասնում են արդյունքի: Ուսանողին մնում է ճիշտ օգտվել բուհի ընձեռած հնարավորություններից:

Ունենք բարձրակարգ դասախոսներ (և՛ տեղացի, և՛ ԵՊՀ-ից ու ՀՀ առաջատար բուհերից հրավիրված), ժամանակակից, գիտատեխնիկական սարքավորումներով հագեցած լսարաններ ու լաբորատորիաներ, արվեստանոց ու գրադարան, որ պարբերաբար համալրվում է նոր գրականությամբ:

-Իսկ առաջադիմության համար կրթաթոշակներ տրվո՞ւմ են, թե՞ ոչ:

-Որպես սահմանամերձ շրջանում գտնվող համալսարան, մեր վարձերը բավականին մատչելի են: Ուսանողների համար գործում են ֆինանսական օժանդակության և ուսման վարձերի փոխհատուցման բազմատեսակ ծրագրեր: Ուսխորհուրդն էլ հետևողական է, այդ ծրագրերին մասնաճյուղի ուսանողների մասնակցության ապահովման հարցում:

Առաջադիմության համար էլ, բնականաբար, տրվում են տարատեսակ կրթաթոշակներ: Վստահ եմ, ոչ մի բուհում այսքան չեղչեր չեն արվում ուսանողների համար:

-Փոքր ինչ պատմեք նաև ուսանողական առօրյայի և ուսանողական խորհրդի գործունեության մասին: Արդյո՞ք ուսանողական խորհուրդը կարողանում է ակտիվ պահել ուսանողներին:

- Ուսանողական առօրյան մեր սիրելի բուհում խիստ հագեցած է՝ շնորհիվ գործող ուսանողական կառույցների (ուսանողական գիտական ընկերություն և ուսանողական խորհուրդ):

Ուսանողական խորհուրդը զբաղվում է ուսանողների իրավունքների պաշտպանությամբ, նրանց կրթական կարիքների վերհանմամբ և հիմնախնդիրների լուծմանն ուղղված քայլերի մշակման գործով: ՈւԽ-ն իր կազմակերպած միջոցառումների հիմքում դնում է բուն նպատակ՝ նպաստել ուսանողների զարգացմանը, ոչ միայն կրթական, գիտական, այլ նաև մշակութային, հոգևոր սպորտային: ՈւԽ-ն լավագույն հարթակն է ուսանողական տարիներին ինքնադրսևորվելու համար, տարբեր ֆակուլտետների ուսանողների միջև կապ է ստեղծում և ամրապնդում այդ կապերը: Դա շատ կարևոր հատկանիշ է, որովհետև հենց այդ տարիներին են մարդիկ ձեռք բերում իրենց կյանքի լավագույն ընկերներին: Վերջին ուստարվա ընթացքում առավել ընդլայնել ենք մեր միջոցառումների շրջանակը: Այդ մասին հաշվետվությունները դրվում են ԵՊՀ ԻՄ-ի կայքում, հասանելի են բոլորին: Ուսանողների ակտիվությանը հիմնականում նպաստում է այն, որ մեր աշխատանքային պլանը կազմելիս ուշադրություն ենք դարձնում իրենց նախասիրություններին ու հետաքրքրություններին, որ իրենք էլ ունենան մոտիվացիա դրանցում սիրով ընդգրկվելու համար:

-Ուսանողների հետ տարվող աշխատանքների ընթացքում հիմնականում ինչպիսի՞ խնդիրների եք բախվել որպես ՈՒԽ-ի նախագահ: 

-Չկա խնդիր, որ լուծում չունենա և այս դեպքում պետք է ուղղակի խելացի մոտեցում ուսանողների նկատմամբ, որ նրանք վստահեն քեզ ու քո կառույցին, կիսվեն իրենց խնդիրներով՝ վստահ լինելով, որ անպայման լուծում կստանան դրանք: Արդյունքի հասնելու համար պետք է սիրել այդ գործը, լինել խելացի, սրամիտ, նորարար ու կարդացած: Ի վերջո, վերցնել գրեթե հասակակիցների հետ տարվող աշխատանքների, նրանց առաջնորդելու բեռը խիստ պատասխանատու գործ է: Բնական է, որ նաև կառաջանան խնդիրներ (և բոլոր ոլորտներում են լինում խնդիրներ), բայց մեզ մոտ դրանք մեծ չեն իրենց էությամբ ու հեշտությամբ են լուծվում, որովհետև միշտ կռահում ենք, թե ինչն ինչպիսի արձագանք կունենա:

-Եվ վերջապես, ո՞րն է համալսարանում այն վայրը, որտեղ ուսանողները ամենաշատն են սիրում լինել:

-Մեկի համար գրադարանը կամ բակը, մյուսի համար՝ իր լսարանը կամ ուսանողական խորհրդի սենյակը: Իսկ ինձ համար սիրելի է համալսարանի ամեն մի անկյունը, որովհետև այստեղ անց եմ կացնում իմ ժամանակի մեծ մասը: