Եռաբլուր

Երկրից խնկի հոտ է գալիս, տղերք, այնինչ պիտի ձեր սիրելիների` ձեզ նվիրած օծանելիքի, ու ձեր նվիրած ծաղիկների հոտը գար։

Չէ, երկրից խնկի հոտ է գալիս, որովհետև ձեզ էլ դավաճանեցին, դավաճանեցին ձեր երազանքներին, նպատակներին, ձեր սերերին։

Ձեզ խաբելով, համոզելով, հավատով ու պայքարով բերեցին էստեղ` Մասիսի աչքի առաջ։ Բայց դուք դրա իրավունքը չունեիք, տղերք, առանց ձեր նման հերոս ծնելու հերոսանալու իրավունք չունեիք։

Սիրած աղջկա գրկում այրվելու փոխարեն հողը գրկելու, հողում սառչելու իրավունք չունեիք, տղերք։

Մեզ նոր, պսպղան քարեր պետք չէին, մեր մամռակալած սրտերին էս մամռակալած ու ճաքած քարերը հերիք էին, էսքան գունաթափ ու քարացած հայացքներ կան էստեղ, մեր քարացած սրտերին էսքանը հերիք էր, մեզ նորերը պետք չէին։

Էս էրեխեքին ավտոմատից ամուր գրկող ձեռքեր են պետք, արկերի տեսակը գուշակելու փոխարեն էս աղջիկների տրամադրությունը գուշակող է պետք, բայց, տարավ ձեզ ձեր ծնողը, Հայրենիքն իր գիրկն առավ ձեզ` հավերժացնելով հողաթմբերի տակ` չիմանալով, որ մեզ ձեր հավերժությունն էլ պետք չէր, մեզ ձեր մեկդարյա կյանքն էլ բավական էր, միայն թե քայլեիք մեր կողքին, ապրեինք` չճանաչելով իրար։

Հիմա մենք ճանաչում ենք ձեզ, դուք մեզ` ոչ, արդարացի չգտնվեցիք տղերք։

Երանի էս աշխարհը մի օր ձեր վերջին պատկերացումների ու ցանկությունների նման ազնիվ ու մաքուր դառնա, ու կգամ այդ ժամանակ, կգամ ու լուռ քայլելու փոխարեն կպատմեմ ձեզ ձեր գործած հրաշքի մասին։

Իսկ մինչ այդ ես ձեզ թողնում եմ այստեղ, Մասիսի հետ, այսուհետ նա է հսկելու ձեր հանգիստ քունը։