Եռաչափ մոդելավորման երկրորդ մրցույթը

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Դեկտեմբերի 6-ին Best Western Congress հյուրանոցում տեղի ունեցավ Եռաչափ մոդելավորման հայաստանյան մրցույթը, որը կազմակերպվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։ Մասնակիցները 10-17 տարեկան պատանիներն են, ովքեր հետաքրքրված են տեխնոլոգիական զարգացումներով և տիրապետում են եռաչափ մոդելավորմանն ու դիզայնին։ Նրանք Արմաթ ինժեներական լաբորատորիաների սաներ են։ Կազմակերպիչների խոսքերով, նախորդ տարվա համեմատ մասնակիցների թիվը թռիչքային աճ է գրանցել։ Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 62 թիմ` Հայաստանից և Արցախից, որոնցից եզրափակիչ փուլ է անցել 38-ը։

Մրցույթում գնահատվում են համակարգչային մոդելավորման որակը, մոդելավորված նախագծի ընդհանուր դիզայնը, ինժեներական լուծումները, բաղկացուցիչ մասերի ընդհանուր քանակը, օգտագործված նյութերի քանակը և այլն։

Մրցույթի նպատակը դպրոցականների շրջանում արտադրական նախատիպերի պատրաստման խթանումն է, ինչպես նաև եռաչափ մոդելավորման հմտությունների զարգացումն ու ցուցադրումը։

Խմբակները ներկայացված են թիմերով, որոնք եռաչափ մոդելավորման ծրագրերով ստեղծել են ռոբոտներ եւ ռոբոտատեխնիկա, մեխանիզմներ կամ հայկական պատմամշակութային կոթողներ։

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Լուսանկարը` Սարգիս Մելքոնյանի

Շիրակի մարզային համակարգող, խմբակավար Սոֆյա Հարությունյանը կարևորում է նման մրցույթների անցկացումը, քանի որ դրանք նպաստում են ինչպես աշակերտների հմտությունների զարգացմանը, այլև հնարավորություն են տալիս նոր գաղափարներ մշակել ու մոդելների վերածել հայկական ճարտարապետության հրաշալի կոթողները։

Մասնակիցներից Գորայքի խմբակավար Նինա Առուստամյանը նշում է, որ Արմաթ ինժեներական լաբորատորիաներում աշակերտների հետ աշխատանքը հաճելի է, և միևնույն ժամանակ, պարտավորեցնող, քանի որ տեխնոլոգիաները փոխվում են ժամ առ ժամ, իսկ տեխնոլոգիական ուսուցումը, որով զբաղված են խմբակավարները, պիտի քայլի ժամանակի պահանջներին համապատասխան։

Մրցույթի ավարտին հայտարարվեցին հաղթողների անունները։

Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Արցախի ՏՏ Արմաթ թիմը, երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուրի թիմը, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցրեց «Ղողանջ» ՀԿ-ի Արմաթ թիմը։

Առանձին մրցանակներ էին սահմանվել նաև Հայկական պատմամշակութային կոթողներ, ռոբոտներ եւ ռոբոտատեխնիկա, մեխանիզմներ եւ մեքենաշինություն անվանակարգերում։